Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց՝ Բաքուն ամեն գնով ձգտելու է, որպեսզի ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ, չներգրավվի բանակցություններում: Փոխնախարարը պատասխանելով հարցին՝ Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու մասին ի՞նչ դիրքորոշում ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ասաց՝ նրանք շատ լավ հասկանում են՝ դա պետք է լինի կողմերի համաձայնությամբ. «Տվյալ պարագայում խնդիրը կայանում է նրանում, որ Բաքվի համար դա շատ ծանր քայլ է, եu ինքն ամեն գնով ձգտելու է, որպեսզի դա չլինի: Այն պահից, երբ ԼՂՀ-ն՝ որպես լիարժեք բանակցային կողմ նստեց բանակցության սեղանի շուրջ, իրենց ամբողջ քարոզաչական մեքենայի մեխը քանդվելու է: Սա է պատճառը, եւ բնական է, Բաքուն դիմադրելու է: Մենք պետք է հետեւողական լինենք, որ դա պարտադրվի Ադրբեջանին, որովհետեւ անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններին չի մասնակցում հակամարտող հիմնական երկու կողմերից մեկը: Իսկ հիմնական հակամարտողները Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը ներքաշված կողմ է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Եթե Ադրբեջանը դեմ է Արցախի մասնակցությանը բանակցություններում, հայկական կողմը պնդում է, որ առանց Արցախի չի բանակցելու, արդյոք բանակցությունները փակուղում չեն, Aravot.am-ի այս հարցին ի պատասխան Քոչարյանն ասաց, որ երբեւիցե, նույնիսկ միջնորդների մտքով չի անցել, որ եթե բանակցությունները մտնեն արդյունավետ բանակցային փուլ՝ դա հնարավոր է անել առանց Լեռնային Ղարաբաղի: Այսինքն, ինչպես ասաց փոխնախարարը, եթե խոսքը գնա բուն բանակցությունների մասին, այդ դեպքում Հայաստանը չի կարող Ղարաբաղի փոխարեն խոսել:
Քոչարյանի խոսքերով՝ քանի դեռ Ղարաբաղը չկա բանակցություններում, բանակցություններում որեւէ տեղաշարժ անհնարին է. «Երբ որ հայտարարվում է Հայաստանի Հանրապետության կողմից, որ Ղարաբաղը պետք է մասնակցի, դա խոսում է այն մասին, որ հայկական կողմերը շահագրգիռ են, որ լինեն արդյունավետ բանակցություններ, այլ ոչ թե ինչպես մինչ այդ եղել է՝ բանակցություններ բանակցությունների համար, էդ ընթացքում Ադրբեջանն իր ռազմական սպառազինություններն է ավելացնում, էդ ընթացքում իրականացնում է իր քարոզչությունը։ Այսինքն՝ Ղարաբաղի մասնակցությունը լակմուսային թղթի պես ցույց է տալիս՝ արդյո՞ք Ադրբեջանն իրոք ցանկանում է հարցի կարգավորում։ Քանի ինքը դիմակայում է, ուրեմն չի ցանկանում»:
Քոչարյանն ավելացրեց՝ «20 տարուց ավել բանակցություններ են, առաջընթաց եղե՞լ են: Ոչ: Միակ առաջընթացը, որ ժողովուրդներն իրենց մաշկի վրա զգացել են, դա 1994-95 թվականներին ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրերն են»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ