Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Թումանյան. «Միաժամանակ նշվել է, որ ԻԻՀ կառավարությունը շարունակելու է խորացնել հարևան երկրների հետ համագործակցությունը»

Մարտ 07,2019 19:35
Artashes tumanyan

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հարցազրույցը Lragir.am լրատվական կայքին

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած այցի արդյունքները:

Արտաշես Թումանյան. Համապարփակ և խորը վերլուծություն այս պահին չեմ անի, սակայն կարող եմ ասել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով իրանական պետական համակարգի կարևորագույն պաշտոնյաների հետ (հոգևոր առաջնորդ, հանրապետության նախագահ և մեջլիսի նախագահ), հնարավորություն ունեցավ քննարկել Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգի առանցքային խնդիրները, երկկողմ և բազմակողմ ծրագրերին առնչվող հիմնական հարցերը:

Բանակցությունները վերաբերել են քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ խնդիրների լայն շրջանակին:

Հարց. Արդյոք քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը:

Արտաշես Թումանյան. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի առնչությամբ ՀՀ վարչապետի կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության դիրքորոշումը և տեղեկություններ են հաղորդվել վերջին շրջանում տեղի ունեցած երկկողմ հանդիպումների մասին:

Ինչ վերաբերում է իրանական կողմին՝ բոլոր հանդիպումների ժամանակ հստակորեն և միանշանակ կերպով վերահաստատվել է, որ իրանական իշխանությունները պաշտպանում են տվյալ հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծման քաղաքականությունը:

Միաժամանակ նշվել է, որ ԻԻՀ կառավարությունը շարունակելու է խորացնել հարևան երկրների հետ համագործակցությունը:

Հարց. Տնտեսության ոլորտի հետ կապված ի՞նչ խնդիրներ են արծարծվել:

Արտաշես Թումանյան. Քննարկվել է գազի և էներգետիկայի ոլորտին, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև բազմակողմ համագործակցության մի շարք ծրագրեր: Բանակցությունների առարկա են եղել նաև առևտրաշրջանառության ծավալների աճի, փոխադարձ ներդրումների ակտիվացման հարցերը:

Հատուկ անդրադարձ է եղել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի պայմանագրի ընձեռնած հնարավորությունների արդյունավետ և փոխշահավետ օգտագործման խնդիրներին:

Հարց. Ինչպիսի՞ն են եղել հնչած տեսակետները՝ կապված ամերիկյան պատժամիջոցների հետևանքների և դրանց հաղթահարման հետ:

Արտաշես Թումանյան. Բոլոր հանդիպումների ժամանակ կողմերն անդրադարձել են ամերիկյան պատժամիջոցների խնդրին: ՀՀ վարչապետը հստակորեն հայտնել է ստեղծված դժվարին պայմաններում տնտեսական համագործակցության հարցում Հայաստանի կառավարության պատրաստակամության մասին: Նա նաև նշել է հնարավոր ռիսկերից խուսափելու և կողմերից յուրաքանչյուրի շահերի պաշտպանության անհրաժեշտության մասին: Այս փուլում տվյալ խնդրի առնչությամբ, կարծում եմ, գոյություն ունի բավարար փոխըմբռնում:

Հարց. Կարելի՞ է արձանագրել, որ տնտեսական համագործակցության հեռանկարները լավատեսական են:

Արտաշես Թումանյան. Ներկայումս ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում միանշանակ պնդումներ դժվար է անել: Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ Հայաստանի կառավարությունն ունի բավարար կամք երկկողմ հարաբերությունների զարգացումն ապահովելու համար: Անշուշտ, կան լուրջ դժվարություններ և խոչընդոտներ, և դրանցից ամենաազդեցիկն ամերիկյան պատժամիջոցներն են:

Հասկանալի է, որ Հայաստանի լավ հարաբերություններն Իրանի և Միացյալ Նահանգների հետ որոշակի հնարավորություններ են ստեղծում առկա դժվարությունների հաղթահարման համար, սակայն միաժամանակ պահանջվում է ցուցաբերել հաշվենկատ և հավասարակշռված մոտեցում:

Հարց. Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, և մենք տեսանք, թե որքան զգացմունքային և բուռն էր վերջիններիս արձագանքը: Ի՞նչ կասեիք այդ հանդիպումների մասին:

Արտաշես Թումանյան. Ինչպես գիտեք, հանդիպումներ եղան Թեհրանի «Արարատ» և Նոր Ջուղայի համանուն միություններում: Իսկապես, այդ հանդիպումները տեղի ունեցան շատ ջերմ մթնոլորտում, և պետք է նշել, որ այս վերաբերմունքը փոխադարձ էր:

Հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետն անդրադարձավ ինչպես համազգային խնդիրներին, այնպես էլ Հայաստանի կառավարության ծրագրերին և Հայաստան-Իրան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակին:

Հարց. Անշուշտ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը կարևոր իրադարձություն էր, և պետք է հավաստել, որ այն աչքի ընկավ քաղաքական և կազմակերպչական բարձր մակարդակով: Վստահ եմ՝ մինչ այդ լուրջ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել: Սակայն իրանահայ շաբաթաթերթերից մեկի անունից քննադատական նյութ հրապարակվեց Թեհրանի հայ համայնքում կազմակերպված հանդիպման առնչությամբ: Ի՞նչ կասեք այդ մասին:

Արտաշես Թումանյան. Այո, այդպիսի հրապարակում եղավ: Ես քննադատությանը լավ եմ վերաբերվում, քանի որ այն օգտակար է, եթե, իհարկե, արդարացի է:

Ասեմ, որ Թեհրանի հայ համայնքի հետ հանդիպումն անցավ չափազանց ակտիվ մասնակցության պայմաններում: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության և թեմական աշխատանքային հանձնախմբի կողմից:

Մինչ այդ ՀՀ դեսպանը հայկական միակ «Ալիք» օրաթերթում իր անունից հրապարակել էր բաց հրավերք՝ ուղղված ողջ համայնքին, «ժողովրդական հանդիպում» ձևակերպմամբ: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այդ հրավերքին արձագանքել էին հազարավոր մարդիկ: Այս իմաստով ՀՀ դեսպանությունը որևէ խտրական վերաբերմունք չի ցուցաբերել, և այն, հիրավի, հանդիպում էր ողջ համայնքի հետ: Օգտվելով առիթից՝ բոլոր մասնակիցներին շնորհակալություն եմ հայտնում հրավերն ընդունելու և ակտիվ մասնակցության համար:

Չեմ բացառում, որ կարող էին լինել որոշ թյուրիմացություններ և թյուրընկալումներ, ինչ-ինչ բացթողումներ և թերացումներ կամ սխալներ: Վերջին օրերը ՀՀ դեսպանության համար եղել են աշխատանքային խիստ լարված ժամանակահատված, և դրա մի փոքր հատվածն է կազմել «համայնքային» մասը:

Այստեղ տեղին եմ համարում հայտնել իմ գոհունակությունը համայնքի և ՀՀ դեսպանության միջև ստեղծված չափազանց ջերմ, փոխադարձ հարգանքի վրա խարսխված ու համագործակցային հարաբերությունների կապակցությամբ: Այլ կերպ չէր էլ կարող լինել:

Մեզ համար չափազանց կարևոր է, որ իրանահայերը, ունենալով մեծ վաստակ երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներում, լինելով իրենց երկրի ազնիվ և օրինապաշտ քաղաքացիներ, չափազանց դրական ազդեցություն ունեն հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031