Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 5-ին Հաագայում հանդիպել է Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի մի խումբ պատգամավորների՝ խորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի արտաքին հարաբերությունների պատասխանատուների հետ: Հանդիպումը կազմակերպվել է Նիդեռլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի աջակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում Արցախի խորհրդարանը գործընկերային հարաբերություններ է հաստատել եվրոպական մի շարք երկրների և միջխորհրդարանական կազմակերպությունների հետ, իսկ Նիդեռլանդների օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ նման կազմով առաջին անգամ է հանդիպում: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ շփումները շարունակական կլինեն, ինչը հնարավորություն կտա Նիդեռլանդների խորհրդարանականներին առավել համակողմանի ծանոթանալու Արցախում առկա իրողություններին և հիմք կհանդիսանա հարաբերությունների ինստիտուցիոնալացման համար:
Աշոտ Ղուլյանը հակիրճ տեղեկություններ է հաղորդել Արցախի պատմության, ազատության և ինքնորոշման համար պայքարի քաղաքական և իրավական հիմքերի, Արցախի պետականաշինության առանձնահատկությունների վերաբերյալ:
Հանդիպման վերջում պատասխանելով ներկաների հարցերին՝ Արցախի խորհրդարանի նախագահը անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակին և հեռանկարներին, Արցախի տնտեսական զարգացման հնարավորություններին ու մի շարք այլ թեմաների:
Հանդիպմանը մասնակցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին