Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնիայի կառավարության՝ հազարավոր դոլարների օգնությունը Գյումրիին (ֆոտոշարք)

Մարտ 07,2019 18:50

Ճապոնիայի կառավարությունը մարդկային անվտանգության ապահովման ծրագրի շրջանակներում 26 հազար 923 դոլարի չափով դրամաշնորհ կհատկացնի Գյումրու սոցիալ-կրթական կենտրոնի գործազուրկների համար նախատեսված շենքի վերանորոգման, 77 հազար 185 դոլար՝ Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանին՝ նոր գույքի տրամադրման և առկա գույքի թարմացման, 21 հազար 634 դոլար էլ կտրամադրի «Հայկական կարիտաս» ԲՀԿ-ի Գյումրիի և Տաշիրի տարեցների ցերեկային հոգածության սոցիալական կենտրոնների պայմանների բարելավման համար։

Այս մասին այսօր հայտարարեց Գյումրու քաղաքապետարան այցելած Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պարոն Ջուն Յամադային: Նա հուշագրեր ստորագրեց վերոնշյալ կառույցների ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ հուշագրերից մեկը ստորագրվեց Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի հետ։

Շիրակի հոգևոր առաջնորդն իր ելույթում ասաց․ «Պատշաճ է հիշել հայկական խոսքը, որ ասում է՝ մարմնով հեռու, սրտով մոտիկ։ Մենք շատ ուրախ ենք այսօր, որ հեռավոր Ճապոնիայից ձեռք է մեկնվում մեր քաղաքին՝ որոշակի կարիքներ բավարարելու նպատակով։ Ու նաև շնորհակալ ու ուրախ ենք, մեր սոցիալ-կրթական կենտրոնի գործունեությունը նկատվել է Ճապոնական դեսպանատան կողմից ու դրամաշնորհը մեզ տրամադրվել է, որ մենք ավելի լավ պայմաններում մեր քաղաքի գործազուրկների որոշակի խավին մատուցենք ծառայությունը»։

 

Դեսպանը, որը նախքան հուշագրերի ստորագրումը, Գյումրու քաղաքապետի հետ հանդիպեց նրա առանձնասենյակում, ասաց, որ հնարավորինս ամեն ինչ կանի պատմական այս քաղաք Ճապոնիայից տուրիստներ բերելու համար։

Հուշագրերի ստորագրումից հետո էլ դեսպանն ասաց, որ իրենց ծրագրերը, հատկապես, շատ են Շիրակի մարզում, ուղղված են անապահով խավին, գործազուրկ մարդկանց, դպրոցներին, կրթական համալիրներին։

«Գյումրին իսկապես մեզ համար շատ կարևոր քաղաք է, այսօր յուրահատուկ օր էր մեզ համար, որ միաժամանակ կնքվեց երեք պայմանագիր։ Նախքան Գյումրի գալը, եղանք Ազատան համայնքում, որտեղ ստորագրեցինք արևային ֆոտովոլտային կայան տեղադրելու պայմանագիրը, որն ուղղված է շրջակա միջավայրի պահպանմանն ու արևային էներգիայի զարգացմանը։ Այսուհետ ևս մենք ցանկանում ենք աջակցել Շիրակին և Գյումրիին հատկապես և բաց ենք բոլոր առաջարկների համար», -ասաց դեսպանը։

Մենք դեսպանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ քայլեր է անում ճապոնացի գործարարներին Հայաստանում ներդրումներ անելու մեջ ներգրավվելու ուղղությամբ։

«Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի Գյումրիի մասին պատմեմ Ճապոնիայում ու հետաքրքրություն առաջացնեմ Ճապոնիայի գործարարների մոտ։ Ինչպես գիտեք, բոլորն առաջնահերթ են համարում Երևանը, բայց ես անում եմ ամեն ինչ, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն մարզերի և այլ քաղաքների մասին նույնպես»։

Ճապոնիայում բնակվող հայ համայնքի մասին էլ ասաց, որ նրանք թվով շատ չեն, հիմնականում ուսանողներ են, հետազոտողներ, գիտությամբ զբաղվող մարդիկ են։

Մենք դեսպանից նաև կարծիք հարցրեցինք ՀՀ նորընտիր կառավարության գործունեության մասին։

«Մենք ակտիվորեն հետևում ենք Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Ինչպես գիտեք, ես Հայաստան եմ եկել նախորդ տարվա մայիսին, այն ժամանակ, երբ Հայաստանում ընտրվեց նոր կառավարություն։ Կարելի է իմ աշխատանքը՝ այստեղ որպես դեսպան սկսելը, համարել մի մեծ նշան, որ կառավարություն հետ եմ սկսել միաժամանակ։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս հիասքանչ երկիրը՝ Հայաստանը շատ ավելի զարգանա ու ծաղկի»,-ասաց դեսպան Ն.Գ. Պարոն Ջուն Յամադային։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031