Այսօր կառավարության նիստին հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կշտամբեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նախարարը պարզապես հարցրել էր՝ ֆիննախի՝ փաթեթում կատարված փոփոխությունը առավոտյան ժամը 10-ին են ստացել, ինչո՞ւ: Թորոսյանը վրդովվել էր, որ այդ փոփոխությամբ նախկինում Iqos ծխախոտների ակցիզային դրույքաչափը բավականին իջեցվել է: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց՝ այո, բաներ կան, կարող է վերջին պահին ճշգրտվի: Գրիգորյանն ու ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Թորոսյանի հարցին, ըստ էության, չպատասխանեցին:
Փաշինյանն էլ նկատեց՝ նույն հարկային օրենսգրքում շաքար պարունակող գազավորված ըմպելիքների ակցիզային հարկն էլ է բարձրացվում: Սակայն առաջարկ կար նաեւ այն բնական հյութերի, որոնցում եւս շաքար է պարունակում, ակցիզային հարկը բարձրացվի:
Փաշինյանն այս առնչությամբ ասաց. «Պարոն Թորոսյան մենք չենք կարող… իսկ էդ գյուղացիների ապրանքների մթերման մասին պե՞տք է մտածենք»: Երբ Թորոսյանը փորձեց խոսել՝ Փաշինյանն ընդհատեց՝ «Այս թեմայով մենք մի քանի անգամ խոսել ենք: Եթե մենք բան չենք… մենք կառավարություն ենք, եւ չենք կարող լինել միայն առողջապահության նախարարություն, սոցապ նախարարություն… Մենք պետք է հաշվի առնենք ամեն ինչ»:
Փաշինյանն ասաց՝ սննդի ոլորտում այնքան առողջապահական խնդիրներ ունենք. «Օրինակ` սպիտակ հացը մարդկանց առողջությանը վնաս է, բռնենք այնպես անենք, որ սպիտակ հացը 3 -6 անգամ թանկանա, սկսենք չուտել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Թորոսյանը համաձայնեց՝ կառավարությունը միայն առողջապահությունը չէ, բայց իր նշած խնդիրներն ավելի շատ բացասական ազդեցություն ունեն տնտեսության վրա. «Մենք որպես շահագրգիռ կողմ այս քննարկման մեջ ներգրավված չենք եղել»:
Փաշինյանը կրկին ընդհատեց նախարարին՝ «Կներեք, դուք տեղյա՞կ չէիք, որ հարկային օրենսգիրք է փոփոխվում»:
Թորոսյանը փորձեց բացատրել, որ նկատի ունի վերջին փոփոխությունը, որն այսօր առավոտյան է ստացել, Փաշինյանը կրկին ընդհատեց. «Մի րոպե սպասեք: Որ հասարակական կազմակերպություններն են ասում են՝ մեզ չեն ներգրավել, էդ հլա հասկանում եմ, բայց որ նախարարն ա ասում, կներեք, ինձ համար զարմանալի է: 6 ամիս է… էս թեման գոնե 5 անգամ ձեզ հետ քննարկել ենք»:
Թորոսյանն ասաց. «Որ 8 հազար դրամը դառնում է 2 հազար դրամ, ես առավոտյան եմ իմացել»:
Փաշինյան. «Հա, լավ, հասկացանք: Բացատրեցին մարդիկ, իսկ ով է ասել, որ երեկ երեկոյան ժամը 9-ին պետք է իմանայիք»:
Թորոսյան. «Ուրեմն կարծիք չպետք է հայտնենք»:
Փաշինյան. «Չէ, կարծիք հայտնեք, բայց էս ձեր ասածը մի գործողություն…Ես չեմ ընդունում, որ ասում են՝ ես մի գործողություն գիտեմ, որ բոլոր պրոբլեմները լուծում է»:
Վարչապետը զայրացած ասաց՝ «Եկեք ծխախոտի արտադրությունն ու օգտագործումը ՀՀ-ում արգելենք, տեսնենք վաղը ինչ կլինի: Եկեք անենք: Էդ ինչ լոբինգ եք անում…»:
Ապա Ջանջուղազյանը փորձեց բացատրել փոփոխությունը, սակայն Փաշինյանը կրկին ընդհատեց, ուղղելով՝ «Դուք անընդհատ բացատրում եք, որ հարկային եկամուտները… Պարոն Թորոսյանին հարկային եկամուտները չեն հետաքրքրում: Իրան հետաքրքրում է՝ այնքան թանկ լինի, որ ոչ մեկ չծխի»: Փաշինյանը, ապա կրկին դիմելով Թորոսյանին ասաց.«Հեսա տեսեք, ձեր բանի արդյունքում ինչ վերնագրեր կհայտնվեն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց նման մոտեցումները պետք է հավասար լինեն եւ օրինակ բերեց, որ բուժհաստատություններում ծխում են: Թորոսյանը փորձեց բացատրել՝ հիվանդանոցներում, թանգարաններում, դպրոցներում արգելված է ծխելը: «Եկեք ստեղից դուրս գանք ու գնանք ցանկացած հիվանդանոց ու տեսնենք, որ բուֆետում կոկա-կոլա են վաճառում, կասկածո՞ւմ եք», -ասաց Գրիգորյանը: Թորոսյանն էլ արձագանքեց՝ «Հիվանդանոցներն իմ սեփականությունը չեն»: Վարչապետը միջամտեց. «Հայաստանի հանրապետությունն էլ իմ սեփականությունը չեն, բայց կարգավորումներ…»: Թորոսյանը բացատրեց՝ կարգավորումներն ու վերահսկողությունը առողջապահության նախարարության դաշտում չէ: Փաշինյանը դիմեց Օսիպյանին, բայց հումորով թեման փակվեց:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ