«Բաքվի՝ ՄԻԵԴ ներկայացվելիք ՀՀ-ի դեմ հայցը գուցե տասնամյակներ քննվի, որովհետեւ այն առնչվում է Արցախյան հակամարտությանը: Բացի այդ, այս մասին որեւէ պաշտոնական տեղեկություն չկա: Բոլորն են հասկանում, որ եթե անգամ այն ներկայացվել է, ապա դրա քննությունը երկարաժամկետ է, իսկ կատարումը տասնյակ տարիներ կպահանջի»,-«Նովոստի Արմենիա» գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե Ադրբեջանը ՀՀ-ի դեմ 50 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջող հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ասաց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը: Հիշեցնենք, որ նման հայտարարություն է արել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
«Որքան հասկանում եմ՝ գույքային պահանջ է ներկայացնելու հազարավոր քաղաքացիների անունից, բայց հարցն աղոտ է: Պարզ չէ, թե ինչ հիմքերով է հայցը ներկայացվելու: Հավանաբար, խոսքը 90-ականներին կատարվածի մասին է: Հիշեցնեմ, որ ապրիլյան ռազմական գործողություններից տուժածների՝ Թալիշի տեղահանված բնակիչներն ու ռմբակոծված այլ բնակավայրերի բնակիչները 350-ից ավելի գանգատներ են ներկայացրել ՄԻԵԴ»:
Ադրբեջանի հարցերով փորձագետ, քաղաքագետ Անժելա Էլիբեգովան էլ շեշտեց, որ Ադրբեջանը տարեցտարի նոր թվեր է հորինում այն մասին, թե ադրբեջանցիները որքան վնաս են կրել Արցախյան պատերազմի ժամանակ. «Վերջին թիվը 800 միլիարդ դոլարն է, որը հասկանալի չէ՝ ի՞նչ հիմքերով է հաշվարկվել: Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ դիմելը քարոզչական շոուի մաս է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ