Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը ավտոբուսների վարորդներին վերահսկելու մտադրությունը չի փոխի

Մարտ 07,2019 17:56

«Մեզ ասում են՝ նոր տեխնոլոգիաներով ենք առաջնորդվելու, եւ դրա անվան տակ վարորդի գլխավերեւում տեղադրում են տեսախցիկ: Իսկ արգելակման ձողի մոտ էլ արկղ են տեղադրել՝ պատճառաբանելով, որ գումարը պետք է հավաքվի այդ արկղում: Իսկ այդ արկղն էլ վտանգ է ներկայացնում իրենից, քանի որ վարորդի կողմից ղեկը կառավարելու ժամանակ լուրջ խոչընդոտի է հանդիպելու վարորդը, իսկ դրա արդյունքում, ինչքան էլ վարորդները փորձ ունենան, չի բացառվում՝ վթար տեղի ունենա»,- այսօր այսպիսի դժգոհություն ներկայացրին «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները, որոն ի նշան բողոքի գործադուլ էին հայտարարել:

Վարորդների խոսքով՝ իրենց համբերության բաժակը լցվել է, քանի որ նոր տեխնոլոգիաներով անցում կատարելուց առաջ, նախ պետք է վարորդների համար նորմալ պայմաններ ապահովել:

«Դիսպետչերական ոչ մի կետում չկա սանհանգույց, վարորդները հանգստի սենյակ չունեն, եւ այս ամենի բացակայության պայմաններում, մեջբերում են միջազգային օրենքները, իսկ միջազգային օրենքներով պետք է դիսպետչերական բոլոր կետերում ապահովված լինեն սանհանգույցները, հանգստի սենյակները»,-ասում էին ցույցի դուրս եկած վարորդները:

Նրանց խոսքով, մինչ այս իրենք իրենց օրական աշխատած գումարից «պլան» էին տալիս, իսկ մնացածն իրենց էր մնում, հիմա ուզում են վարորդների համար գումար ֆիքսել 6-7 հազար դրամը, ինչը նրանց խոսքով, կգերազանցի իրենց կատարած ծախերը:

Վարորդների խոսքով. «Այսինքն՝ եթե խնդիր լինի, պետք է մի քանի օր սպասենք, առանց գործ մնանք եւ օրական փողը չենք ստանալու: Բացի այդ տեսախցիկներ են ուզում տեղադրել ավտոբուսներում, ինչին եւս մենք դեմ ենք»:

Ավտոբուսների վարորդները հայտարարեցին, որ գործադուլը չեն դադարեցնելու:

Վարորդների դժգոհություններին արձագանքեց Երեւանի քաղաքապետարանը: Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ ով չի համաձայնի այդ պայմաններում աշխատել, կարող է դիմում գրել եւ աշխատանքից ազատվել.«Բայց այն, որ ամեն ինչ պիտի կանոնակարգվի՝ դա փաստ է: Այն վարորդները, որոնք չեն կարող աշխատել նոր պայմաններով, իսկ նոր պայմանները ենթադրում է պատշաճ վերահսկողություն: Ինձ համար անհասկանալի է, եթե ես թաքցնելու բան չունեմ, ինչու պետք է չուզենան, որպեսզի ինձ վերահսկեն: Վերահսկողական համակարգեր դրված են բոլոր ոլորտներում, բանկային համակարգում: Եվրոպական երկրներում վերահսկման համակարգեր դրված են ավտոբուսներում»:

Քաղաքապետի տեղակալն ասաց, որ իրենք չեն հրաժարվում իրենց մտադրությունից: Ավելի ուշ նաեւ արձագանքեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով. «Ծառայության որակը բարելավելու՝ ուղեւորների անվտանգության, ուղեւորահոսքերի կառավարման նպատակով քաղաքապետարանին պատկանող ընկերության ավտոբուսներից երկուսում տեղադրվել են տեսախցիկներ։ Ըստ արդյունքների, այդ պրակտիկան կկիրառվի նաեւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի մնացած շարժակազմերում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031