Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին է հասցրել Բաքվի դժգոհությունը՝ կապված Մոսկվայում անցկացված «Լազարևյան ակումբի» նիստի հետ, որին մասնակցել են նաև Արցախի ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, Ադրբեջանի դիրքորոշումը հասցվել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բրատչիկովին:
Մասնավորապես, դեսպանին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, որը դժգոհություն է հայտնել Մոսկվայում մարտի 5-6-ը տեղի ունեցած «Լազարևյան ակումբի» նիստին Արցախի ներկայացուցիչների և Ռուսաստանի պաշտոնատար անձանց մասնակցության կապակցությամբ:
«Նման փաստերը հակասում են երկկողմ հարաբերությունների նորմատիվ-իրավական բազային և ՌԴ միջնորդական դերին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ նիստին մասնակցել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, որը մասնակիցներին է փոխանցել նախագահի ողջույնի խոսքերը, ինչպես նաև Ռուսաստանի պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերը նշված նիստին ՌԴ պետական մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությունը «անօրինական ռեժիմի ներկայացուցիչների կողքին» կոպտորեն խախտում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրի պարտավորությունները:
«Հերթական անգամ կոչ ենք անում ռուսական կողմին կատարել իր պարտավորությունները երկկողմ հարաբերությունների շրջանակում, մասնավորապես հարգել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 1997թ. կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրի դրույթները, որով «կողմերը պարտավորվում են չաջակցել անջատողական շարժումներին, ինչպես նաև արգելում և կանխում են առանձին անձանց գործունեությունը՝ ուղղված մյուս երկրի պետական ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ