Լրահոս
Օրվա լրահոսը

Վերստին արձանագրում ենք, որ զինված ուժերում մահվան դեպքերի հանգամանքների մանրամասնությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու առումով պատշաճ թափանցիկություն ապահովված չէ

Մարտ 07,2019 17:30

2019 թ-ի մարտի 4-ին tert.am լրատվամիջոցը տեղեկություններ հրապարակեց 2019 թ.-ին մահացության դեպքերի մասին՝ մասնավորապես նշելով, որ «մոտ երկու ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում զինծառայողներ են զոհվել, ինչի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել»։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հարկ է համարում վերստին անդրադառնալու զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ վիճակագրական տվյալներին, ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությանը, ըստ որի՝ չեն կարող դեպքերը թաքցվել, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի կողմից զինծառայողների մահվան լուրերը իբր թե շահարկելու, այնուհետեւ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի կողմից մահացությունները մանիպուլիացիա համարելու հետ կապված հարցերին:

Նշված մոտեցումը նոր երեւույթ չէ, եւ տարիներ շարունակ այս մասին Կազմակերպության կողմից բազմիցս բարձրաձայնվել է, եւ միակ «փոփոխության» դրսեւորումը վերջին տարիներին այդ մոտեցման դեպքում եղել է մահացության դեպքերը «ծառայության հետ կապված լինելու» եւ «ծառայության հետ կապված չլինելու» դասակարգելը: Սակայն պետք է նշել, որ ինքնին նման դասակարգումն անհասկանալի է, եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զինված ուժերում մահացության դեպքերին վերաբերող իր վիճակագրությամբ նման տարբերակում չի դնում, քանի որ զինվորական ծառայությունը իրականացվում է հատուկ պայմաններում եւ զինծառայության ընթացքում կամ դրանից դուրս զինծառայողի մահվան դեպքը չի կարող համարվել զինծառայության հետ կապ չունեցող եւ հանդիսանալ պատճառաբանություն՝ դրա մասին հայտնել կամ չհայտնելու համար: Առավել եւս, երբ շատ հաճախ մահվան այն դեպքերում, որոնք Դատախազությունը համարում է զինվորական ծառայությամբ չպայմանավորված, զինծառայողները համարվել են զինվորական ծառայության մեջ գտնվող:

Նմանատիպ արձագանք եղավ նաեւ 2018 թ.-ի փետրվարի 28-ին ՀՀ դատախազության կողմից, որի վերաբերյալ կրկին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրեց իր դիրքորոշումը եւ պարզաբանումները:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ցանկացած պարագայում պաշտպանական գերատեսչությունը պարտավոր է հանրությանն իրազեկել եւ զինվորական ծառայության ընթացքում, և թե դրանից դուրս զինծառայողների մահվան դեպքերի մասին՝ անկախ պատճառներից:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թվականից ի վեր արձանագրել է մահվան դեպքեր, որոնց մասին որեւէ պաշտոնական հրապարակում չի եղել, մասնավորապես.

2016 թ.-ին Կազմակերպության նախնական տվյալներով ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում տեղի էր ունեցել  մահացության 162  դեպք: 2017 թ.-ի հունվարի 16-ին այդ տեղեկատվությունը հրապարակելուց հետո, ունենալով որոշ կասկածներ ավելի շատ մահացությունների վերաբերյալ, Կազմակերպությունը լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում պարզեց եւս 13 զինծառայողի մահվան դեպքերի մասին, որոնք չէին ներկայացվել ոչ պաշտոնական աղբյուրներում, ոչ էլ ԶԼՄ-ներով:

2017 թ.-ին նախնական տվյալներով գրանցվել էր 59 մահվան դեպք, իսկ լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում Կազմակերպությունը պարզեց եւս  5 զինծառայողի մահվան դեպքերի մասին: Ավելին, դատախազությունն իր պարզաբանման մեջ բացահայտել էր եւս 2 զինծառայողի մահվան դեպք:

2018 թ.-ին Կազմակերպությանը հայտնի էր դարձել նախնական տվյալներով 47 մահվան դեպք, իսկ լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում Կազմակերպությունը տեղեկատվություն ստացավ եւս  16 զինծառայողի մահվան դեպքերի մասին:

Այսպիսով՝ վերստին արձանագրում ենք, որ մահվան դեպքերի հանգամանքների մանրամասնությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու առումով պատշաճ թափանցիկություն ապահովված չէ: Զինծառայողների կյանքի իրավունքի նկատմամբ ՀՀ իշխանություններն ուղղակիորեն կրում են պատասխանատվություն՝ ապահովելու համար նրանց անվտանգ և արժանապատիվ ծառայությունը, մահվան յուրաքանչյուր դեպքով իրականացնելու արդյունավետ, բազմակողմանի, օբյեկտիվ քննություն:

Կոչ ենք անում եւ հորդորում ՀՀ պաշտպանության նախարարությանը, ՀՀ դատախազությանը հրապարակել տեղեկատվություն՝ զինված ուժերում յուրաքանչյուր մահվան դեպքի մասին, գործել իրենց պարտավորությունները պատշաճ կատարելու տրամաբանությամբ,  հանրությանը ճշգրիտ տեղեկություններ ներկայացնել զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի, այդ թվում՝ մահվան դեպքերի և նրանց  հանգեցրած պատճառների, հանգամանքների բացահայտման, արդյունավետ քննություն իրականացնելու, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031