Աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին եւ հայտնի ակորդեոնահար Սիմոնե Զանկինին ժամանել են Հայաստան: Կկայանա երկու բացառիկ համերգ մարտի 9-ին եւ 13-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Առաջին համերգին Հայաստանի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, Ֆեդերիկո Մոնդելչիի հետ կներկայացնի «Անմոռանալի Beatles» ծրագիրը, կհնչեն Beatles որոշ ստեղծագործությունների մշակումները կամերային նվագախմբի եւ սաքսոֆոնի համար, նաեւ Բաբաջանյանի, Մորիկոնեի, Թարիվերդիեւի, Մոլինելիի գործերը:
Մարտի 13-ի համերգին Ֆեդերիկո Մոնդելչին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ որպես դիրիժոր, իսկ երեկոյի մենակատարը կլինի Սիմոնե Զանկինին: Կհնչի Բախ, Պիացոլա, Գալիանո, Իորիո:
Այդ առիթով հրավիրված ասուլիսում Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը ներկայացրեց համերգները, ի դեպ Beatles-յան նախագծի մտահղացումն էլ հենց նրանն է:
Մանրամասները` տեսանյութում:
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ Մոնդելչիի հետ արված նախկին նախագծի օրինակով է կազմվել այս համերգի ծրագիրը, եւ մարտի 9-ին կհնչի եւ Beatles, եւ կինոերաժշտություն եւ հայկական երաժշտություն: Իսկ մարտի 13-ի համերգը հետաքրքիր է նրանով, որ Ֆեդերիկո Մոնդելչին կղեկավարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը, ինքնատիպ ծրագիր կլինի:
Մանրամասները` տեսանյութում:
«Ես շատ ուրախ եմ վերադառնալ Հայաստան, որը շատ գեղեցիկ երկիր է, եւ որը շատ եմ սիրում: Այս անգամ եկել եմ Հայաստան իմ ընկերներից Սիմոնե Զանկինիի հետ, մենք միասին բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել՝ սաքսոֆոն եւ ակորդեոն համադրությամբ: Առաջին համերգին կներկայացվեն Beatles-ի ստեղծագործությունները, նաեւ Բաբաջանյան, Թարիվերդիեւ, Մորիկոնե:
Վերջում էլ Վահան Մարտիրոսյանի հետ կներկայացնենք ակորդեոնահար Սիմոնե Զանկինին: Մենք շատ ենք սիրում հայկական երաժշտությունն ու հայ կոմպոզիտորներին: Մարտի 13-ի համերգին էլ երկուսով բոլորովին նոր ծրագրով ենք հանդես գալու»,- ասաց Ֆեդերիկո Մոնդելչին:
Մանրամասները` տեսանյութում:
Սիմոնե Զանկինին առաջին անգամ է մեր երկիր ժամանում: «Շատ մեծ ոգեւորությամբ եմ նվագելու ու հետաքրքրությամբ հետեւելու այն ամենին, ինչ կատարվելու է դահլիճում: Ինձ ասել են, որ հայ ունկնդիրը շատ ջերմ է, ուզում եմ ինքս տեսնել այդ ամենը»,-ասաց ակորդեոնահարը: Նա խոստացավ, որ հրաշալի համերգ է լինելու:
Ֆեդերիկո Մոնդելչին հայկական երաժշտությունը որակեց ինքնատիպ, ասաց, որ իրեն գրավում է մեր երաժշտության հոգեւոր հիմքը, հավելեց, որ եղել է հայկական եկեղեցում եւ լսել նաեւ հայկական հոգեւոր երաժշտություն: Զանկինին էլ ընդգծեց, որ իր համար որպես իտալացի, կարեւոր է հայկական երաժշտության խորությունը: Ասուլիսի վերջում հանրահայտ իտալացի երաժիշտները նվագեցին հայ լրագրողների համար:
Նրանց էքսպրոմտ կատարումը` տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ