«Ադրբեջանը նորից փորձեր կանի սահմանից մարդկանց առեւանգելու: Նախկինում էլ եղել են դեպքեր, երբ մտավոր խնդիրներ ունեցող անձանց առեւանգել են, ներկայացրել որպես ահաբեկիչ-դիվերսանտի»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի՝ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտվելու փաստին, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ, քաղաքագետ Անժելա Էլիբեգովան:
Նրա բնորոշմամբ՝ Կարեն Ղազարյանը «պետք էր» Ադրբեջանի իշխանություններին՝ որպես քարոզչական հնարք. «Մեր սահմանամերձ գոտու բնակիչների հանդեպ առավել ուշադիր պետք է լինել եւ գուցե տեղեկացվածության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել: Ադրբեջանի իշխանությունը նպատակ ունի այնքան խաղաղ բնակչի «տանել», մինչեւ հարցը հասնի դիվերսանտների հետ փոխանակման: Դա չի կարելի թույլ տալ»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի երկու դիվերսանտներ Արցախում պատիժ են կրում՝ դատավճռով հաստատված սպանությունների եւ այլ ծանր հանցագործություններ համար, մինչդեռ Կարեն Ղազարյանը ռազմագերի չէ, ինչպես Ադրբեջանն է ներկայացնում: Նա հոգեկան առողջության խնդիրների պատճառով չի ծառայել ՀՀ բանակում:
Անժելա Էլիբեգովան հույս հայտնեց, որ ՄԻԵԴ-ը համապատասխան հոդվածի հիմքով առաջիկայում կամրագրի, որ Կարեն Ղազարյանի դեպքում նաեւ հայատյացության խնդիր կա. «Միջազգային հանրության համար հասկանալի չէ, թե ինչու չի ստացվում խաղաղասիրական ծրագրեր անել Ադրբեջանի հետ, որտեղ հայատյացությունը մանկապարտեզից է սերմանվում, որտեղ քաղաքացիական անձ են առեւանգում եւ դատում որպես «դիվերսանտի»: Ադրբեջանը կեղծ-խաղաղասեր է, եւ դա պետք է հասկացնել միջազգային հանրությանը»:
https://www.facebook.com/aravot.am/videos/428622531280775/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ