Կառավարության այսօրվա նիստում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ Արսեն Թորոսյանը դժգոհեց, որ Ֆինանսների նախարարությունից նախագծի վերջնական տարբերակը ստացել են առավոտյան ժամը 10-ին: Նաեւ ասաց, որ դժգոհ է IQOS-ների հարկային դրույքաչափերից, իսկ իրենք՝ որպես շահագրգռված անձ, ներգրավված չեն եղել քննարկումներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացավ. «Եթե հասարակական կազմակերպությունն է ասում՝ մենք չենք մասնակցել քննարկումներին, դա հասկանալի է, բայց որ նախարարն է ասում, ինձ համար անհասկանալի է»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չորս անգամ մեծացվում է IQOS-ների հարկային բեռը: Դիմելով Ա. Թորոսյանին, վարչապետն ասաց, որ իրենք այս թեմայով խոսակցություն ունեցել են: «Մենք կառավարություն ենք, չենք կարող լինել միայն առողջապահության, միայն ֆինանսների կամ միայն սոցապ նախարարություն: Հիմա պետք է հարկային եկամուտների, առողջապահության, գյուղացիների գյուղմթերքի մթերման մասին էլ մտածենք,- ասաց Փաշինյանը:
Ապա դիմեց Արսեն Թորոսյանին. «Տեսեք ձեր արածի հետևանքով կես ժամից մամուլում ինչ վերնագրեր կհայտնվեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ