Հարգելի տիկին Բախշյան
Ի պատասխան 27.02.2019-ին «Առավոտ» օրաթերթում Ձեր կողմից արված հայտարարությունների՝ նշեմ, որ ես միայն ուրախ եմ, որ Դուք այժմ աշխատանքային պայմանագիր ունեք «Հերացի» ավագ դպրոցում որոշակի աշխատանքներ իրագործելու համար: Բայց շատ ավելի ուրախ կլինեի, եթե Դուք իմ ճանաչած անաչառ և արդարամիտ Բախշյանը լինեիք, քանզի հաճախ եք հակասում ինքներդ Ձեզ, ինչպես օրինակ՝
1) Առանց ճշտելու անհրաժեշտ տվյալները Դուք մի առանձնահատուկ բավականությամբ եք շեշտում, որ ես 7 տարի է՝ այդ դպրոցում չեմ աշխատում, բայց ճշմարտությունն այլ է` 5 տարի և մի քանի ամիս, քանի որ աշխատանքից ազատվել եմ 16.07.2013-ին, և վերջապես, տարիները կարևոր չեն այնքանով, որ լինելով այդ թաղամասի բնակիչ, ես ակամայից մասնակից եմ դառնում դպրոցի ամենօրյա անցուդարձին և չեմ կարող անտարբերության մատնել անօրինություններից վիրավորանք ապրող աշակերտներին ու նրանց ծնողներին: Կարծում եմ՝ այս պարագայում նախատինքի է արժանի իրավիճակ ստեղծողը, նաև դրան անտարբերությամբ նայողը:
2) Բազմաթիվ անգամ նույն բավականությամբ նշում եք, թե ես դատարանի որոշմամբ եմ ազատվել աշխատանքից, բայց ես ընդամենը փորձել եմ դատարանի միջնորդությամբ վերականգնվել աշխատանքում, մինչդեռ Դուք ինձնից լավ գիտեք, թե ինչ էր կատարվում մինչհեղափոխական դատարաններում. հաղթում էր սուտը, կեղծիքը և փողը: Եզրակացություն` ես չհաղթեցի, որովհետև ճիշտ էի:
3) Չգիտեմ ինչպես, բայց Դուք «Հերացի» ավագ դպրոցում հայտնվեցիք հենց այն ժամանակ, երբ սկսվելու էին Կրթության տեսչական մարմնի եռօրյա ստուգումները, և Ձեզ, որպես նաև այդ տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, պետք է որ քաջ հայտնի լինի, որ ստուգումների արդյունքում պարզվել է, մեջբերում եմ. «Ընդունման պահին Ա. Ավետիսյանը և Մ. Բաբայանը չեն ունեցել համապատասխան աշխատանքային ստաժ»: Եվ տիկին տնօրենը, որ օրինախախտումով էր դարձել տնօրեն, շատ հանգիստ, օրինախախտումով վերջիններիս հրամանագրում է փոխտնօրեն: Դուք այս բոլորը չեք ուզում նկատել և գրում եք, թե տեսչական մարմինը գրեթե ոչինչ չի հայտնաբերել: Ես համաձայն եմ, որ շատ բաներ կար հայտնաբերելու, որ տեսչական մարմինը աչք փակեց, բայց այն խախտումները, որ հայտնաբերել են` մի՛ հերքեք:
4) Անհերքելի փաստ է նաև օրինախախտումներով հրամանագրված փոխտնօրենների փոխարեն ինձ աշխատանքից ազատելը: Չէ՞ որ Մարգարիտ Բաբայանը, ըստ վերը նշված ստուգումների, իրավունք չուներ աշխատելու, ինչո՞ւ պետք է նրա և տնօրենի հանցավոր համաձայնության արդյունքում ես հայտնվեի հարկադիր պարապուրդում: Ի դեպ, տնօրինության կազմում ես միակն էի, որ բոլոր տվյալներով համապատասխանում էի զբաղեցրածս պաշտոնին և կատարում էի թե՛ իմ, թե՛ տնօրենի որոշ պարտականությունները, և թե´ երկու հղի անօրեն փոխտնօրենների, քանի որ նրանք ավագ դպրոցից գաղափար չունեին, ինչպես նաև լինելով հղի՝ ի վիճակի չէին աստիճաններով բարձրանալ, իջնել և այլն: Եվ Դուք հորդորում եք, որ լռե՞մ…
5) Դուք ընդամենը մեկ ամիս է, ինչ առնչվում եք նշված դպրոցի հետ, այնինչ ես աշխատել եմ առնվազն երեք ուսումնական տարի` ավագ դպրոցի հիմնադրման օրվանից (0 աշակերտ վիճակով), և յուրաքանչյուր տարի դպրոցում ավելացել են առնվազն 100 աշակերտ, ու կադրային ճիշտ քաղաքականության շնորհիվ անընդհատ որակի աճ է արձանագրվել: Դուք այս ժամանակահատվածի և, ընդհանրապես, այդ դպրոցի մասին որևէ ճիշտ ինֆորմացիա չունենալով՝ վստահել եք ստով և կեղծիքով շաղախված մարդկանց: Եթե մեկ ամսում Դուք կատարեիք անհրաժեշտ փաստաթղթային ուսումնասիրություններ, ապա Ձեզ համար ամեն ինչ ավելի քան պարզ կլիներ, նույնիսկ այն, որ դպրոցի որակները ապահովում են հիմնականում այն նվիրյալ ուսուցիչները, որոնք դպրոց են ընդունվել մինչև 2013 թվականը, որի համար՝ շնորհակալություն իրենց (Ի դեպ, շնորհակալություն նաև մի խումբ կրկնուսույցների, որոնք լրացնում են 2-րդ հերթում չկայացող դասերի բացերը): Եվ ուրեմն արդյունավետ աշխատանքով, ինչպես Դուք եք գրում Ձեր չստացված «հերքում» հոդվածում, կարող է պաշտպանված լինել միայն այդ աշխատանքն իրականացնողը: Արժե նկատել նաև, որ այդ դպրոցի 700 ծնողների 90%-ը վստահում է հենց այդ մասնագետներին, իսկ տնօրենին վստահողները միայն արտոնյալ աշակերտների ծնողներն են:
6) Oրինախախտումներով աշխատող, դասամատյաններում կանխորոշված գնահատականները մատիտով նշող, աշակերտներին արտոնյալ և ոչ արտոնյալ խմբերի բաժանող տնօրեն Ն. Սարգսյանը չի կարող պաշտպանվել որևէ կերպ, քանի որ սրա մասին վկայում են ականատես մարդիկ` աշակերտներ, ծնողներ, դասղեկներ և ոչ միայն: Արդ այս մասի հետ կապված բոլոր հերքումները միայն ծիծաղ են առաջացնում մարդկանց մոտ:
7) Իսկ թե ինչպես է կոչվում Ձեր զբաղեցրած հաստիքը այդ դպրոցում, այնքան էլ կարևոր չէ: Կարևոր է տարիների ընթացքում ձեռք բերած Ձեր հեղինակությունը մի ակնթարթում չկորցնելը: Ուրեմն, պարզապես մնացե՛ք Ձեր բարձրության վրա:
Ն. Կոլոլյան
Ես անձամբ այս դպրոցի շրջանավարտ եմ ու ախր գրվածներից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը, ցավում եմ որ խոսքի ազատ իրավունքը օգտագործվում է զրպարտության համար։
Եթե խոսքը գնում է նախկին փոխտնօրենի մասին, պարզ է արդեն, որ դավեր են նյութվելու. բնական է, այդպես էլ պետք է լիներ… Ես տարբեր ավագ դպրոցների հետ ծանոթ ծնող եմ, ով իր ընտրությունը կանգնեցրել է «Հերացի» ավագ դպրոցի վրա։ Հասարակության այն կարծիքը, որ ավագ դպրոցում աշակերտները անգործության են մատնված, կոտրել է տ. Սարգսյանի ղեկավարած «Հերացի» ավագ դպրոցը։ Ամեն աշակերտ անհատական ուշադրության կենտրոնում է, նույնիսկ չհասցնող աշակերտների համար արտադասարանական պարապմունքներ են նշանակվում ուսուցիչների կողմից (անշահախնդիր)։Դպրոցում բացակայությունների հարցը շատ խիստ է դրված, որը վերաբերվում է բոլորին, առանց բացառությունների։
ՈՒ՞մ աշխատանքի արդյունքն է սա, եթե ոչ տնօրենի։
Վստահ եմ, որ Ձեր այս անհեթեթությունները ոչ մի ազդեգություն չի ունենալու դպրոցի բարձր հեղինակության վրա։
Հ.գ.
Ուղղակի չկարողացա անտարբեր անցնել այսպիսի զրպարտության կողքով, որը ճշմարտությանը չի համապատասխանում։ Ընդունեք որպես սթափ կարծիք դպրոցի մասին։