Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատախազը՝ «Սասնա ծռերի» պաշտպանին. «Արհեստական եւ մանիպուլյացիոն հայտարարություններ եք անում»

Մարտ 07,2019 14:34

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր մեղադրանքներով անցնող «Սասնա ծռեր» խմբի՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող գործով հերթական նիստում այսօր կողմերի միջեւ տեւական բանավեճ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դատավորը հայտարարեց՝ այս պահին չորս տուժող է համաներման մասին կարծիք հայտնել, այդ թվում՝ երկու «կողմ», եւ քանի դեռ բոլոր տուժողները չեն ներկայացրել դիրքորոշում, գործի քննությունը շարունակվել չի կարող: Մեղադրյալների պաշտպաններից Տիգրան Հայրապետյանը դատավորի գործողությունների դեմ առարկեց՝ ասելով, որ այս գործով տուժողներ չկան, ոչ էլ մեղադրական եզրակացություններ կան, իսկ եթե առաջիկայում տուժողներ ներկայանան հարցաքննության, դա կկրի ձեւական բնույթ: Հայրապետյանը նախկինում էլ քանիցս համոզմունք էր հայտնել, որ այս գործով մեղադրական եզրակացությունները հստակ չեն:

«Իշխանություն է փոխվել, գոնե հիմա պատշաճ մեղադրական եզրակացություններ տրամադրեք, կամ կարճեք գործը եւ ավարտեք այս խայտառակ դատավարությունը»,-հայտարարեց Տիգրան Հայրապետյանը: Պաշտպանի հետ չհամաձայնեցին գործով մեղադրող-դատախազները: Արթուր Չախոյանն ասաց. «Տպավորություն է, որ պաշտպանը ծանոթ չէ քրեական գործի նյութերին»:

Մյուս դատախազ Հակոբ Ենոքյանն էլ նշեց. «Մեղադրանքներն առաջադրված եւ նկարագրված են հստակ, մատնանշված են նաեւ տուժողները: Պաշտպանի նման հայտարարություններն արհեստական են եւ մանիպուլյացիոն: Հասկանալի է, որ նախկինում փորձում էին տպավորություն գործել, իսկ հիմա՞…այս գործում ֆիզիկական վնաս գրած եւ պատանդառված տուժողներ են, ի տարբերություն մյուս գործի, որում սպանության մեղադրանքներ կան, եւ տուժողներ են նաեւ զոհված ոստիկանների իրավահաջորդները: Արհեստական հայտարարություններ մի արեք, փոխարենը եկեք օգնենք իրար»:

Դատավորը որոշեց կրկին ծանուցել տուժողներին՝ համաներման վերաբերյալ կարծիք հայտնելու նպատակով, եւ նիստը հետաձգեց:

Նկատենք, որ «Սասնա ծռերի» մյուս գործով դատավոր Մեսրոպ Մակյանը միաժամանակ հարցաքննում է գործով տուժողներին, այդ թվում՝ ենթադրաբար պատանդառված եւ վիրավորում ստացած ոստիկաններին, ու միաժամանակ լսում-արձանագրում նրանց կարծիքը համաներման մասին, իսկ դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց՝ քանի դեռ բոլոր տուժողները դիրքորոշում չեն հայտնել, գործի քննությունը հնարավոր չէ շարունակել:

Իրավիճակի առնչությամբ մեղադրյալների պաշտպաններից Արայիկ Պապիկյանը կարծիք հայտնեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը կամայական որոշում է կայացրել. «Օրենքով նման ընթացակարգ չկա: Նա պետք է շարունակեր գործի քննությունը, իսկ տուժողներին բերման ենթարկեր, եթե իհարկե նրանք չարամտորեն հրաժարվում են ներկայանալ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/330495427578659/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031