«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Սիմոնյանը համամիտ չէ վարչապետի գլխավորած պատվիրակության բրյուսելյան այցի քննադատությունների այն մասի հետ, որ ժամանակահատվածը ճիշտ ընտրված չէր, քանի որ մայիսին սպասվում են ԵԽ ընտրություններ եւ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են հօդս ցնդել: «ԵՄ-ի քաղաքականությունը կտրուկ փոփոխությունների չի ենթարկվում, այս իմաստով այցը կլիներ հիմա, թե ԵԽ-ում ընտրություններից հետո, տարբերություն չկա: Մենք կողմ ենք ցանկացած հանդիպման, որը Հայաստանին հնարավորություններ է տալիս»,- այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց նա: Բայց մի բան է պայմանավորվել, այլ բան`դրանք կիրառել, ասում է պատգամավորը` նկատելով, որ ավելի ուշադրություն պետք է դարձնենք ՀՀ-ի կողմից առաջարկվող 13 ծրագրերի իրագործմանը:
Իշխող ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ, Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի համար «այցը բավարարող է»: Վարչապետի հանդիպումները, ԵԽ-ում ունեցած ելույթը համարում է`«հստակ շեշտադրումներով եւ մեսիջներով»: «Այցը հաջողված է: Երկու կողմերից էլ հստակ շեշտադրվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման անհրաժեշտությունը, փոխգործակցության պատրաստակամությունը, վիզաների ազատականացման անհրաժեշտությունն առանձնահատուկ շեշտվեց: Խոսակցություններ գնաց 13 ծրագրերի մասին`դպրոցաշինություն, ճանապարհաշինություն, Մեղրիի մաքսակետի շինարարություն եւ այլն, եթե այդ բոլոր ուղղություններով առաջ գնանք`սեղմ ժամկետներում լավ արդյունքներ կունենանք»,- կարծում է Արման Եղոյանը:
«Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանն էլ դրական միտում է արձանագրում, մանավանդ, որ բրյուսելյան նախորդ այցից մնացած նեգատիվ ֆոնը, որ ՀՀ-ի եւ Բրյուսելի չինովնիկները տարբեր պատկերացումներ ունեն, այս այցով սրբագրվեց: Հիշեցնենք, անցած տարի՝ հեղափոխությունից հետո՝ Բրյուսել կատարած իր այցից հետո, Նիկոլ Փաշինյանը տարակուսանք էր հայտնել, որ ԵՄ-ն Հայաստանի համար նախատեսվող ֆինանսավորման ծավալները չի ցանկանում ավելացնել: Աննա Կարապետյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցը Բրյուսել ամենը բնականոն հուն վերադարձրեց`«Երեւանն ու Բրյուսելն այժմ նույն լեզվով են խոսում»:
Բանախոսը այցի բացթողում է համարում այն, որ Հայաստանի համար դոնորների համաժողով կազմակերպելու մասին Բրյուսելում անդրադարձ չեղավ, մինչդեռ hունվարին Յոհաննես Հանը Հայաստանում հայտարարեց, որ պատրաստ են դա անել: Քննարկման բանախոսներից Թեւան Պողոսյանը միջամտեց. «Չգիտեմ, բացթողում է, թե պարզապես համաձայնության բացակայություն. կլինի համաձայնություն` կասեն»:
Աննա Կարապետյանը համամիտ է Կարեն Սիմոնյանի հետ. «Ճիշտ է, ԵՄ-ի ընդհանուր քաղաքականությունը չի փոխվելու, բայց անձերով պայմանավորված շահագրգռությունը չենք ունենալու, եւ այստեղ ամենը պայմանավորված է, թե մեր իշխանությունները ինչպե՞ս կաշխատեն եվրոպական առանձին երկրների հետ: Վիզաների ազատականացման շուրջ աշխատանքը կարող է լակմուս լինել, թե որքանո՞վ Հայաստանի իշխանությունը կկարողանա խաղալ եվրոպական բարդ խճանկարում»,- ասաց նա` հավելելով, որ կապված Վրաստանի, Ուկրաինայի նախադեպերով, եվրոպական երկրներն այնքան էլ շահագրգիռ չեն վիզաների ազատականացման հարցերում:
«Ես հասկանում եմ, որ հիմա քաղաքական հայտարարությունների համար լավագույն ժամանակն է»,- ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը`ՀՀ-ԵՄ օրակարգից առանձնացնելով Հայաստանի «տնային աշխատանքը». ԵՄ-ում ընտրություններից հետո արդյոք իրավիճակ կփոխվի, թե ոչ`Թեւան Պողոսյանը չգիտի, բայց հիշեցնում է` 2015-ի սեպտեմբերին ՀՀ-ն պատրաստ էր ՀՀ-ԵՄ համաձայնագրի քաղաքական բաղադրիչ ստորագրել, ԵՄ-ում ասացին`ոչ`«կամ-կամ», մինչդեռ, կես տարի հետո ընտրություններ եղան եւ նոր ղեկավարները ընդունեցին «ե՛ւ-ե՛ւ» սկզբունքները: Երկրորդը վերաբերվում է վիզաների ազատականացման մասին ոգեւորված հայտարարություններին: Նա հիշեցնում է, որ դա գործընթաց է եւ բավական երկարատեւ. «Քաղաքական որոշումը կկայացվի՞ մինչեւ ընտրություններ, որից հետո տեխնիկական փաթեթին կանցնենք, թե՞ կմնա ընտրություններից հետո, պարզ չէ: Դեռ 2018-ի աշնանից մենք պատրաստ էինք գնահատման փուլը անցնել: Բայց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով գործընթացը դանդաղ է ընթանում: Եթե քաղաքական որոշում կայացվեց, տեխնիկական գործընթացը առնվազն չորս տարի է տեւելու եւ դրանից հետո, նորից քաղաքական որոշման փուլ է գալու: Ի՞նչ իրավիճակ կլինի մի քանի տարի հետո` դրանից էլ կախված կլինի վերջնական քաղաքական որոշումը»: Մնացյալ հարցերը էապես եւ մեծապես կախված են լինելու մեր ներքին բարեփոխումներից:
Ինչ վերաբերվում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացին, Թեւան Պողոսյանն արձանագրում է, որ մինչեւ մայիս ամիս ամբողջական վավերացում չի լինելու, իսկ մնացածը կախված է լինելու մեր դիվանագիտական կառույցների ակտիվ աշխատանքից, մեր հետեւողականությունից:
Հնչած դիտարկումներից որոշների հետ, քննարկմանը ներկա իշխող ուժի ներկայացուցիչը համաձայն չէ. «ԵՄ-ում իշխանափոխություն չի լինելու»:
Այլ մանրամասները` տեսանյութում:
Հարց հնչեց`արդյոք ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը` արցախյան հակամարտության բանակցային ձեւաչափը պահպանելու մասին, արձագանք էր Նիկոլ Փաշինյանի`Արցախին բանակցային սեղան վերադարձնելու մասին հայտարարությանը: Թեւան Պողոսյանն ասում է` ինքն այլ ձեւով է լսում`«Ադրբեջան, այլեւս նախապայմաններ չդնես»: Հիշեցնում է`նախապես բանակցություններին երեք կողմ է մասնակցել`Արցախ, Ադրբեջան, Հայաստան, իսկ համանախագահ երկրները կամ դրանց քանակը տարբեր ժամանակ, տարբեր է եղել. «Տարբեր շրջաններում տրանսֆորմացվել է, եթե տիկին Մոգերինին այդպես չգիտի, ուրեմն՝ մենք թերացել ենք, մյուս կողմը լավ է աշխատել: Գործընթաց է գնացել, հիմա մենք որոշել ենք մեր սխալն ուղղել: Եկեք աշխատենք»: «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանն էլ նկատում է` երկու հոգու հետ խոսելն ավելի հեշտ է, քան երեք, բայց դրան պետք է նայել զուտ իբրեւ հայտարարություն: Նա կիսում է Թեւան Պողոսյանի մոտեցումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Եթե նույնիսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Սիմոնյանը համամիտ չէ վարչապետի գլխավորած պատվիրակության բրյուսելյան այցի քննադատությունների այն մասի հետ, որ ժամանակահատվածը ճիշտ ընտրված չէր…», ապա որպես ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ նա պետք է չարտահայտեր դա՝ վարչապետի այցի քննադատության քննադատությունը թողնելով իշխող ուժի ներկայացուցչին: