Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուրիշ ինչի մասին են խոսելու երկու առաջին դեմքերը, եթե, փաստորեն, ձևաչափի մասին խոսելուն Բաքուն պատրաստ չէ. «Ժամանակ»

Մարտ 07,2019 13:26

Հայաստանի խորհրդարանում Փաշինյանն ազդարարեց, որ խնդիրը բանակցային ձևաչափն է: Բաքուն հայտարարել է, թե չի լինի ձևաչափի փոփոխություն: Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հայտնել էր, որ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը խոսելու են նաև այդ մասին: Փաստորեն ստացվում է, որ այդ մասին խոսելն անիմաստ է, եթե Բաքուն մերժում է որևէ այլ ձևաչափ: Փաշինյանի և Ալիևի հանդիպման համաձայնության մասին օրեր առաջ հայտարարել էին համանախագահները: Արդյո՞ք ձևաչափի շուրջ հրապարակային հայտարարությունները նշանակում են, որ հանդիպում կարող է և չլինել, կամ համանախագահները ունեն նախապատրաստական աշխատանքը երկարացնելու անհրաժեշտություն:

Մյուս կողմից, Փաշինյանը ասել էր, որ «նաև» դա է լինելու քննարկման հարց: Իսկ ուրիշ է՞լ ինչ են քննարկելու Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահ: Իրանում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցության մասին խոսել հնարավոր կլինի միայն Արցախի լիարժեք կողմ դառնալու պարագայում: Ահա, այս իրավիճակում առավել ևս հարց է դառնում, թե ուրիշ ինչի մասին են խոսելու երկու առաջին դեմքերը, եթե, փաստորեն, ձևաչափի մասին խոսելուն Բաքուն պատրաստ չէ, իսկ բանակցություն լինել չի կարող, քանի դեռ չկա Արցախը՝ որպես ձևաչափի մասնակից: Մյուս կողմից, հարցադրումների առկայությամբ հանդերձ, բավականին նկատելի է, և շոշափելի ընդհանուր տրամաբանության երկու ասպեկտ: Մեկն այն, որ այս գործընթացը որոշակի փոխզիջում է Բաքվին՝ ընդ որում նաև միջնորդների մակարդակով, Ալիևի դեմքը ներքին կյանքում, հանրության առաջ փրկելու համար, և մյուսն այն, որ լայն իմաստով գործընթացը ներկայումս խաղ է ժամանակի վրա, և իրական հարցերը լուծվում են դրանից դուրս, այն տրամաբանության մեջ, թե կողմերից որն է առավել արդյունավետ օգտագործում այդ ժամանակը: Իսկ այստեղ արդեն չափման միավորներն ու գործոնները իսկապես բազմազան են՝ տնտեսությունից մինչև ներքին ու արտաքին քաղաքականություն: Այս տեսանկյունից, Հայաստանի անցնող ամիսների քաղաքական օրակարգը, այդ թվում՝ տնտեսական բաղադրիչով, նկատելիորեն հարուստ է: Ընդ որում, այստեղ նկատելի է նաև այն, որ այդ օրակարգն առաջ է տարվում ոչ միայն վարչապետի և ԱԳ նախարարի մակարդակում, այլ նաև հանրապետության նախագահի: Տվյալ պարագայում արդեն առանցքային հարցը դառնում է ոչ թե այն, թե ինչ են խոսում Փաշինյանն ու Ալիևը, այլ այն, թե Հայաստանի արտաքին քաղաքական վերջին երկու ամիսների առերևույթ բավականին տպավորիչ օրակարգը ինչպիսի ժամանակացույցով և արդյունքներով է դրսևորվելու, շոշափելի դառնալու Հայաստանի ներքին կյանքում:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031