Ընդդիմության շրջանում մոդայիկ է դարձել Հայաստանի դժբախտությունների պատճառը տեսնել մեր հասարակությունից դուրս ընկած շրջանակներում։ Կոնսպիրոլոգիական այս մտայնությունն այժմ կենտրոնացել է «Սորոսի» հիմնադրամի գործունեության և նրանից սնվող կազմակերպությունների ու անհատների վրա։
Ընդհանրապես գաղտնագրությունը, չարիքի տեսությունը, կաշչեյների, բոբոների ու վհուկների ամենակարողության մասին պատմությունները պետք է համարել մարդկային տրամաբանությունը վիրավորող, և խնդիրների ու դժբախտությունների ակունքները գտնել հասարակական պրոցեսներում, և ոչ թե ձևանալ անմեղ ու ողջ պատասխանատվությունը գցել մեզանից և մեր վերահսկողությունից դուրս գտնվող երևույթների վրա։ Բացառություն չեն նաև «սորոսականները», որոնք մեր հասարակության մի մասն են, սակայն ոմանք նրանց դիտարկում են որպես Հայաստանն իրար խառնած այլմոլորակայիններ։ Ավելին, եթե մենք էլ մի քիչ կոնսպիրոլոգիա անենք, ապա կպնդենք, որ Սորոսին հրեշ դարձնելու մեջ անմասն չեն նաև օրվա իշխանությունները, որոնք դրանով փորձում են ձախողումների պատասխանատվությունն իրենց վրայից գցել Մարսից եկածների վրա։
Մեղադրանքների համար հիմնական արգումենտները երեքն են. «սորոսականները» մեծ թիվ են կազմում իշխանության մեջ, նշանակալի ներդրում են ունեցել իշխանափոխության ժամանակ, և հաճախ նրանք ներկայացնում են մեր հասարակության համար խորթ օրակարգ։ Ըստ հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանի՝ կազմակերպությունը Հայաստանում գործում է 1997թ.-ից, այդ դեպքում ինչո՞ւ հանկարծ հենց հիմա սկսեցինք դիտարկել հիմնադրամը՝ որպես սպառնալիք։ Կրկին, ըստ Մինասյանի՝ «Սորոսի» հիմնադրամի բյուջեն ընդամենը 2,7 մլն դոլար է. ինչո՞ւ Հայաստանի ԱԱԾ-ն իր հսկայական ռեսուրսներով չի կարողանում «չեզոքացնել» այս չարիքը։ Պետք է անպայման նկատել, որ այս գումարի զգալի մասն ուղղվել է Հայաստանի գիտական և ուսումնական հաստատություններին, և ոչ թե՝ հասարակական կազմակերպություններին։
Եվ, ըստ այդմ, ո՞րն է պատճառը, որ հասարակության մի զգալի մասը մեր դժբախտությունների պատճառը համարում է Սորոսին ու սորոսականներին։ «Սորոսի» հիմնադրամն օժանդակում է Հայաստանի հասարակությանը բազմաթիվ հարցերում, որոնք պետությունը կամ այլ կառույցներ չեն համարում էական, կամ պարզապես այս խնդիրների համար չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Շատ հաճախ այս գրանտներից են օգտվում մարդիկ, ովքեր քաղաքական կամ այլ պատճառներով մերժվում են պետական ու մասնավոր սեկտորում աշխատանք գտնելուց։
Կարծում ենք, որոշ խնդիրներ ծագում են արդեն գրանտների թեմատիկայի որոշման և դրանով իսկ՝ հանրային օրակարգ մշակելու փուլում։
Աղասի ԵՆՈՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում