Հայաստանի վարչապետի՝ բանակցությունների ձևաչափը փոխելու ձգտումը կարող է դիտարկվել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը խափանելու փորձ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ թե Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցային գործընթացին:
Աբդուլլաևան ասել է, որ առանց ԵԱՀԿ անդամ-երկրների համաձայնության հնարավոր չէ փոխել 1992թ.-ից ԵԱՀԿ նախարարների խորհրդի հելսինկյան որոշմամբ հաստատված ձևաչափը:
«Հիշեցնում ենք, որ ըստ այդ որոշման՝ Հայաստանն ու Ադրբեջանը հանդես են գալիս որպես հակամարտության կողմեր, իսկ Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանական համայնքները՝ որպես շահագրգիռ կողմեր»,- ասել է Աբդուլլաևան՝ Հայաստանի ղեկավարությանը մեղադրելով «հակամարտության խաղաղ կարգավորման նոր մեկնաբանության ապարդյուն փորձերի մեջ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ