Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ. «Կադրային ջարդ չենք ունենա, բայց այո, կրճատումներ լինելու են». Կառավարությունը օպտիմալացվում է

Մարտ 07,2019 12:41

Այսօր կառավարության նիստին հավանություն տվեց կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Այսինքն` կառավարությունը որոշեց օպտիմալացնել կառավարության կառուցվածքը եւ կրճատել նախարարությունների թիվը:

Ըստ այդմ՝ այսուհետ մշակույթի եւ սպորտի նախարարությունները «անցան» կրթության եւ գիտության նախարարությանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝ տարածքային կառավարմանը, որն այսուհետ կոչվելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Առողջապահության, արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները նույնությամբ մնացին, իսկ բնապահպանության նախարարության անունը փոխվեց. այն վերանվանվեց շրջակա միջավայրի նախարարություն: Կառավարությունը որոշեց գյուղատնտեսության նախարարությունն ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունները «միաձուլել» եւ վերանվանել էկոնոմիկայի նախարարություն:

Կառավարության այս որոշմամբ սփյուռքի նախարարությունը միացվեց վարչապետի աշխատակազմին, որը կոչվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը անվանափոխվեց բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարություն:

Այս որոշման քննարկման ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկեց սննդի անվտանգության ծառայությունը «վերադարձնել» առողջապահության նախարարությանը, քանի որ այն գյուղնախին տալը եւ այժմ էլ էկոնոմիկային փոխանցելը սխալ է:

Որոշումն ընդունելուց հետո վարչապետ Փաշինյանն ասաց, որ այս օպտիմալացման գործընթացում փակ աչքերով եւ կույր կրճատումներով չեն առաջնորդվելու: «Կադրային ջարդ չենք ունենա, բայց այո, կրճատումներ լինելու են»,- ասաց վարչապետը: Նա հորդորեց յուրաքանչյուր աշխատակցին՝ վերանայել իր աշխատանքի որակը:

Վարչապետն անդրադառնալով պարգեւավճարների թեմային, ասաց՝ լավ է,որ այդ պարգեւավճարներից սկանդալները ծագում են, բայց դրանք լինում են այն պատճառով, որ նախկինում վճարման այլընտրանքային մեխանիզմներ էին գործել, որոնք այլեւս չկան և, ըստ էության, բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսք էր լինում: Վարչապետը կրկին նշեց, որ օպտիմալացման ընթացքում կրճատումները պետք է լինեն մաքսիմալ շրջահայաց եւ օբյեկտիվ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031