Այն, որ Հայաստանում պետական ապարատը խիստ ուռճացված է՝ որեւէ մեկի համար նորություն չէ, ու տարիներ շարունակ հասարակությունը բարձրացրել է այդ «ձրիակերների բանակից» ազատվելու հարցը, որովհետեւ պետական ապարատի ու հանրային ծառայողների մի զգալի մասն իսկապես ոչինչ չի անում ու հենց այնպես փող է ստանում։ Ընդ որում՝ բովանդակային առումով խոսքն աշխատանք կորցնելու մասին չէ, որովհետեւ աշխատանք կորցնում է նա, ով աշխատում էր, իսկ պարզապես աթոռ մաշողները կորցնում են ոչ թե աշխատանքը, այլ աշխատավարձը։ Այն աշխատավարձը, որն, ի դեպ, վճարվում է հարկատուների հաշվին։ Այսինքն՝ խոսքը գործազրկության մասին չէ (որովհետեւ այդ մարդիկ գործ չեն անում), խոսքն աշխատավարձազրկության մասին է:
Պետական հիմնարկներում նստելը, ոչինչ չանելն ու դա որպես նորմալ երեւույթ ընկալելն, ի դեպ, խորհրդային ժամանակներից պահպանվող ավանդույթ է: Այն ժամանակ, երբ մարդիկ հետաքրքրվում էին միմյանց աշխատանքով, հիմնական հարցը հետեւյալն էր՝ որքա՞ն է աշխատավարձը, եւ կա՞ արդյոք կողմնակի եկամուտների հնարավորություն։ Իսկ թե կոնկրետ ինչ աշխատանք էր պետք անել՝ որեւէ մեկին առանձնապես չէր հետաքրքրում (որովհետեւ որպես կանոն՝ պիտի ընդամենը գնային հիմնարկ, սուրճ-բան խմեին, ժամանակ սպանեին, եռամսյակի վերջում ինչ-որ թղթեր լրացնեին, եւ վերջ)։ Խոսքը, հասկանալի է, առաջին հերթին միջին օղակների գրասենյակային աշխատողների մասին է: Այսինքն՝ հենց այն մարդկանց մասին, ովքեր էլ վաղը- մյուս օրը «օպտիմալացման տակ են ընկնելու»։
Հիմա՝ գործազրկության մասին։ Աշխարհի ամենազարգացած երկրներում առնվազն 6-7 տոկոս գործազրկություն կա ոչ թե այն պատճառով, որ այդ երկրները չեն կարող իրենց բոլոր քաղաքացիներին ապահովել աշխատանքով, այլ որովհետեւ եթե գործազուրկներ չլինեն՝ չի լինի նաեւ մրցակցություն աշխատատեղերի համար, ու մասնագետների որակը կտրուկ կընկնի։ Պատկերացրեք, օրինակ, թե ինչպիսին կլինի եվրոպական որեւէ երկրի ֆուտբոլային առաջնության որակը, եթե ամեն տարի վերջին մի քանի տեղերը զբաղեցրած թիմերը դուրս չմնան բարձրագույն լիգայից։ Հայաստանում, ցավոք, գործազրկության տոկոսը շատ ավելի բարձր է, բայց դա չի խանգարում, չէ՞, որ մասնավոր ընկերություններն օպտիմալացնեն իրենց աշխատանքը եւ, ասենք, 100 աշխատող չպահեն, եթե նույն աշխատանքը նույն որակով անելու համար 70 հոգին բավական են։ Իսկ ինչո՞ւ պիտի նույն տրամաբանությամբ չառաջնորդվի պետությունը՝ որպես գործատու Ի վերջո, մեր հասարակությունը համաձա՞յն է իր վճարած հարկերով որեւէ պետական հիմնարկի որեւէ բաժնում, ասենք, 20 աշխատող պահել, եթե 15 հոգին լիուլի հերիք են:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում