Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Եվրամիությունը, պատրաստ լինելով աջակցել, պատրաստ չէ ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել 100 տոկոսով

Մարտ 07,2019 12:09

Վարչապետը կառավարության նիստում ամփոփել է Բրյուսել կատարած այցի արդյունքները և անդրադարձել ԵՄ հետ համագործակցության շրջանակում առաջիկա անելիքներին

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Սկսում ենք կառավարության հերթական նիստի աշխատանքները:

Մինչ նիստի օրակարգին անցնելը՝ ցանկանում եմ երկու բառ ասել Բրյուսել կատարած այցի մասին: Ինչպես տեղյակ եք, մեր պատվիրակությունը նախօրեին է վերադարձել Բրյուսելից՝ Եվրամիության ղեկավարության հետ ունեցած բանակցություններից: Կարող ենք արձանագրել, որ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլ ենք թևակոխում: Այս առումով Բրյուսելում տեղի է ունեցել արձանագրում, որ Եվրամիությունը լիարժեք պատրաստ է մեզ աջակցել մեր բարեփոխումների և ընդհանրապես Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում: Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ այս համագործակցության մեջ և՛ Հայաստանի, և՛ Եվրամիության կողմից չկա աշխարհաքաղաքական որևէ օրակարգ, ինչը շատ կարևոր է տվյալ հանգամանքում:

Այստեղ կա մի նրբություն, որ մենք պետք է առաջիկայում կարևոր որոշումներ կայացնենք: Դա կապ չուներ իմ նախորդ ասածի հետ: Ես այդ թեմային երեկ էլ անդրադարձել եմ Ազգային ժողովում: Խնդիրը հետևյալն է. այսօր Եվրամիության հետ մի քանի մեգանախագծեր ենք քննարկել, որոնց առաջին խումբը վերաբերում է ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքներին: Մեր նպատակադրումն է, որ Հայաստանի Հանրապետությունում ավտոճանապարհները պետք է բերվեն եվրոպական չափանիշների: Նաև պետք է կարևոր որոշումներ կայացնենք Հյուսիս-հարավ ծրագրի վերաբերյալ:

Հաջորդը ջրամբարաշինության մեծ ծրագրի իրականացումն է և ջրերի կառավարման նոր համակարգի ներդրումը: Այս համատեքստում չափազանց կարևոր է Սևանա լճի շուրջ և Հրազդան գետի երկայնքով առնվազն մինչև Երևանյան լիճ ջրերի մաքրման կայաններ կամ համակարգ ստեղծելը:

Հաջորդ խնդիրը դպրոցաշինություն իրականացնելն է, հատկապես սեյսմիկ պաշտպանության առումով: Այդ ծրագիրն արդեն իրականացնում ենք, բայց կարիք ունենք լրջորեն ընդլայնել դրա շրջանակը, որպեսզի նախ՝ այդ դպրոցները սեյսմիկ բոլոր պահանջներին համապատասխանեն և համապատասխանեն նաև կրթական, բովանդակային, ժամանակակից պահանջներին և չափանիշներին՝ ոչ միայն շենքային, այլև գույքային առումով:

Նաև խնդիր ունենք՝ արդարադատության ոլորտում լուրջ ծրագրեր իրականացնելու: Եվրամիության գործընկերների հետ խոսելիս ես ասեցի, որ այն բանտային պայմանները, որոնցում պահվում են Հայաստանի Հանրապետությունում կալանավորված ու դատապարտված անձինք, չեն կարող հարիր համարվել Նոր Հայաստանի չափանիշներին: Մենք դատական համակարգում էլ խնդիրներ ունենք. ինձ համար զարմանալի էր, որ ունենք դեպքեր, երբ դատական նիստերը, այսպես ասած, միջանցքային պայմաններում են իրականացվում, ու դա արդեն ձևով խաթարում է արդարադատության բովանդակությունը:

Այս բոլոր ծրագրերի իրականացման գործում ստացանք Եվրամիության մեր գործընկերների աջակցության պատրաստակամությունը: Բայց այստեղ կա մի խնդիր, որ Եվրամիությունը, բնականաբար, պատրաստ լինելով աջակցել, պատրաստ չէ այդ ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել 100 տոկոսով և ակնկալում է, որ այդ ծրագրերում, բնականաբար, լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Հայաստանի Հանրապետությունը: Այս առումով մեր առաջնային խնդիրն է պետական եկամուտների ավելացումը՝ վարչարարության միջոցով և տնտեսական զարգացումների միջոցով: Բայց այս համատեքստում կարևորվում է նաև արտաքին միջոցների ներգրավումը, և կառավարության ծրագրում մենք գրել ենք, որ արտաքին միջոցների ներգրավման առաջնային թիրախ ենք համարում ենթակառուցվածքները: Այստեղ մենք պետք է քաղաքական որոշում կայացնենք, թե ինչպես ենք վերաբերվում այս հարցին, որովհետև մենք նաև որոշակի օրենսդրական սահմանափակումներ ունենք ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցության վերաբերյալ:

Ես ինքս, անկեղծ ասեմ, իմ պատգամավորական ողջ գործունեության ընթացքում առանց բացառության բոլոր վարկային համաձայնագրերին դեմ եմ քվեարկել, և դա ունեցել է շատ կոնկրետ քաղաքական հիմնավորում. ես ասել եմ, որ եթե կառավարությանը համարում եմ կոռումպացված, չեմ կարող այդ կառավարությանը վստահել որևէ միջոցի, առավել ևս վարկային միջոցի ծախսումը, և ցավոք, այս ընթացքում մեր ուսումնասիրություններն այդ քաղաքական դիրքորոշման արդարացվածությունը հիմնավորում են առնվազն մի քանի խոշոր ծրագրերի առումով:

Մենք այսօր պետք է պատասխանենք երկու հարցի՝ արդյոք կարողանո՞ւմ ենք ստեղծել համակարգային երաշխիքներ, որ ընդհանրապես պետական միջոցները և վարկային միջոցներն առավել ևս ծախսվեն նպատակային և եթե կարողանում ենք, արդյոք ո՞րն է այն պայմանը և սահմանագիծը, չափաբաժինը, որտեղ մենք կարող ենք պետական պարտքի մակարդակը պահել կառավարելի, առանց հավելյալ վտանգների, այսինքն՝ որպեսզի դա իրականում Հայաստանին բերի օգուտներ և երբեք որևէ վնաս: Մենք արդեն ունենք նախնական պայմանավորվածություն, որ մեկ ամսվա ընթացքում այս թեմայով Կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկում ենք ունենալու: Այդ քննարկման արդյունքում որևէ եզրակացության կգանք և այդ եզրակացության վերաբերյալ, իհարկե, քննարկումներ կունենանք, նաև հանրային քննարկումներ, կունենանք նաև քննարկումներ Ազգային ժողովում և այս հարցի վերաբերյալ նաև պետք է կարողանանք գալ ընդհանուր եզրակացության: Ընդհանուր ասելով նկատի ունեմ կառավարություն, Ազգային ժողով և, իհարկե, հանրություն: Ես ձեր ուշադրությունը հրավիրեցի այս խնդրի վրա՝ որպես առաջիկա ամսվա ընթացքում և գուցե դրանից հետո էլ մեր մտորումների և համատեղ քննարկումների կարևոր նյութ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031