Լրահոս
Օրվա լրահոսը

Խրախուսանք արտադրողին, թե՞ խոչընդոտ կառուցապատողին

Մարտ 07,2019 10:20

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է, թե ինչ հնարավոր ռիսկեր է պարունակում կառավարության՝ տե­ղական ցեմենտ արտադրողների  պաշտպանությանը միտված նախագիծը:

Ի թիվս նախագծի հետ կապված բազում հարցադրումների՝օրենսդրական բացեր, սոցիալական ազդեցություն, թվային մանիպուլյացիա, գազի գնի բարձրացման ռիսկ,  սպառողի շահերի պաշտպանություն ու ազատ մրցակցություն և այլն, ցանկանում ենք հատուկ ուշադրություն հրավիրել նախագծի ընդունման հնարավոր հետևանքների վրա՝ հատկապես կառուցապատման և շինարարության ոլորտներում՝ հաշվի առնելով, որ շինարարության ոլորտը 2018թ.-ին կազմել է ՀՆԱ-ի շուրջ 6.8 %-ը:

Կառուցապատողի վրա: Եթե ՀՀ շինարարական ընկերություններն արդեն կառուցապատման պայմանագիր են կնքել՝ հիմք ընդունելով ցեմենտի նախկին գինը, ապա դա նշանակում է, որ վերջիններս կամ փորձելու են պահել գները նույն մակարդակի վրա՝  իրենց շահույթի հաշվին, եթե չփորձեն հիմնավորեն, որ առկա է անհաղթահարելի ուժ, կամ էլ տեղի է ունենալու բնակարանների և շինությունների գների բարձրացում: Այս պարագայում գների բարձրացման վնասները կրելու են սպառողները, ովքեր ունեն պայմանագրեր շինարարական ընկերությունների հետ: Կառուցապատողների շրջանում իրականացված հարցման միջոցով պարզել ենք, որ բազմաբնակարան շենքեր կառուցապատողների համար ցեմենտի գնի թանկացման արդյունքում վնասը կազմելու է շուրջ 50-100 մլն  ՀՀ դրամ:

Ավելին՝ երկարաժամկետ կտրվածքում կարող ենք բախվել մի խնդրի, որ բնական և բարոյական մաշվածության բնակֆոնդի մեծ հատված ունեցող  մեր երկրում, որտեղ առկա է վերջինիս արդիականացման անհրաժեշտություն, ցեմենտի գների թանկացումը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ այդ գործընթացին:

Սպառողի վրա: Դուրս մղելով ներմուծողներին տեղական շուկայից՝ ՀՀ տնային տնտեսությունները և իրավաբանական անձինք կառուցապատման աշխատանքների նոր պայմա­նագրեր կնքելիս կամ տնային տնտեսությունները՝ վերանորոգման աշխատանքներ իրականաց­նե­լու համար, ավելի թանկ գին կվճարեն:

Միանգամայն արդարացված համարելով կառավարության` տեղական արտադրողներին պաշտպանելու քայլը՝ այնուհանդերձ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են հենց ցեմենտի արտադրությամբ սկիզբ դրել տվյալ գործընթացին:

Ավելին՝ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է հնարավոր, որ թուրքական «Պորտլանդ Մ 500» տեսակի ցեմենտի 1 տոննայի գինը կազմում է 42 դոլար, այն դեպքում, երբ Թուրքիայում գազի գինը ավելի բարձր է, քան Հայաստանում, իսկ գազի գինը բարձր տեսակարար կշիռ ունի ցեմենտի ինքնարժեքի մեջ: Չէ՞ որ իրանական արտադրանքի նկատմամբ հայկական արտադրանքի անմրցունակության հիմնավորումը, ըստ տեղացի արտադրողների, իրանական գազի ցածր գինն է:

Պատահական չէ, որ ցեմենտի նույն գործարանները նույնիսկ 90-ականներին տվյալ ժամանակահատվածի համար արդի տեխնոլոգիաների պարագայում կարողանում էին ցեմենտի վաճառքի ավելի ճկուն գնային քաղաքականություն վարել: Արդյոք տեղական արտադրության ցեմենտի բարձր գնի և մրցակցային չլինելու պատճառը գազի բարձր գի՞նն է, թե՞ տեղական արտադրությունը չարդիականացնելը: Ի վերջո, նույն հարցադրումն արեց նաև ՀՀ վարչապետը. «Համոզվա՞ծ եք, որ մեր ցեմենտ արտադրողները բոլոր միջոցները ձեռնարկում են ներդրում անելու համար, որ իրենց տեխնոլոգիաները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնեն և իրենց միավոր արտադրանքի ինքնարժեքն իջեցնեն»:

 Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031