Լրահոս
Օրվա լրահոսը

Ներուժը «կապիտալացնելու» ժամանակը

Մարտ 07,2019 10:00

Վարչապետի այցերը Իրան եւ Բրյուսել, ինչպես եւ դրանից առաջ նախագահի այցերը Գերմանիա եւ Ֆրանսիա, կարելի է հաջողված համարել: Ցանկացած չնախապաշարված մարդ, կարծում եմ, կփաստի, որ անցած տարի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները դրական ազդեցություն են թողել այս ուղղություններով զարգացող մեր հարաբերությունների վրա, եւ գործընկերները պատրաստ են մեր երկրի հետ ավելի սերտ համագործակցության: Քաղաքացիների մեծամասնության աջակցությունն ունեցող իշխանությունը հսկայական արտաքին ռեսուրս է, մնում է այդ ներուժը, այսպես ասած, «կապիտալացնել»:

Այդ «կապիտալիզացիան» պետք է տեղի ունենա երկրի ներսում կատարվող աշխատանքով: Մասնավորապես, եթե երկրի առաջին դեմքերը սկզբունքորեն պայմանավորվում են որեւէ ոլորտում փոխշահավետ համագործակցության մասին, ապա դա չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը այդ համագործակցությունը կյանքի կկոչվի եւ մեզ օգուտներ կբերի: «Մտադրությունների մասին հռչակագրին» պետք է հետեւի պետական մեքենայի, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների մանրակրկիտ, ամենօրյա տքնաջան աշխատանքը, որը պահանջում է ոչ միայն նվիրում, այլեւ արհեստավարժություն: Օրինակ, հենց այնպես, անգամ կողմերի մեծ ցանկության եւ «քաղաքական կամքի» միջոցով ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը չի ազատականացվի, առավել եւս՝ Հայաստանը գազի տարանցիկ երկիր չի դառնա: Այդ ամենը կարող է տեղի ունենալ երկարատեւ բանակցությունների, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվելիք համապատասխան գործողությունների միջոցով:

Հատկապես ԵՄ-ի հետ նախատեսված ծրագրերը ենթադրում են մեր գերատեսչությունների կողմից դրանց մանրամասն մշակում, որպեսզի մենք այնուհետեւ այդ ծրագրերը կարողանանք «վաճառել» շահագրգիռ կողմին: Դա վերաբերում է ե՛ւ դատական բարեփոխումներին, ե՛ւ կրթությանը, ե՛ւ գյուղատնտեսությանը (ի դեպ, վերջին դեպքում պարզ չէ, թե որ գերատեսչությունը պետք է այդ ծրագրերը մշակի):

Կոռուպցիայի դեմ պայքարում, եթե մենք օգնություն ենք ակնկալում, ապա պետք է աշխատենք ոչ միայն «տուշոնկեքի» ուղղությամբ, այլ, ինչպես ընդունված է ասել՝ ինստիտուցիոնալ փոփոխությունների վրա: Օրինակ, այս տարվա հունվարի 1-ից պետք է ստեղծվեր էլեկտրոնային հարթակ, որպեսզի պաշտոնատար անձանց եկամուտների հայտարարագրման նոր մոդելն աշխատեր: Դա առայսօր չի արվել:

Ժամանակն է արդեն կենտրոնանալ նման խնդիրների վրա՝ «նախորդ իշխանությունների» դեմ պայքարելու, կասկածամտության, պարանոյայի փուլն արդեն անցել է: Թե չէ նկատվում է որոշակի հակասություն՝ հայտարարությունների, հռետորաբանության մակարդակում իշխանությունը հեղափոխական է, իսկ այդ հայտարարությունների ոգով իրական բարեփոխումներ անցկացնելու առումով՝ բավականին դանդաղկոտ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Եթե դիմեք Սանտա Կլաուսին (սուրբ Նիկոլաս Հրաշագործին), թե ինչու՞ էր նվերները գաղտնի ուղարկում երեխաներ ունեցող աղքատ մարդկանց՝ պատասխան չեք ստանա:
    Եթե հարցնենք «հայկական» Կլաուսին, թե ինչու՞ էր նվերները առաջին
    հերթին ուղարկում կենտրոնական բանկի «աղքատ մարդկանց», այլ ոչ մանկատանը՝ նույն պես պատասխան չեք ստանա:
    Միտքը ծագեց պատկերը տեսնելուց հետո:

    ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը եթե ազատականացվի, ՀՀ-ում կմնան միայն իշխանության ներկայացուցիչները:
    Հայաստանը գազի տարանցիկ երկիր կարող է դառնա, բայց ոչ այս համակարգի ու պետական կառավարման օրոք:

    Ջուր ծեծելով ու քամի փչելով ներուժը չես «կապիտալացնի»:

  2. Սահակ Ծահմուրադիան says:

    Իրանի հայ համայնքի մոտ նոր հույս է առաջացել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո գործարարական ոլորտում օրենքի գերակայության հաստատումն հայրենիքում կօգնի նրանց առավել հուսալի և անվտանգ պայմաններում իրենց կապիտալը փոխանցել Հայաստան և այնտեղ հաստատվելով շարունակել իրենց սեփական բիզնեսն ու աշխատանքը:

    • Ruben says:

      Բարի հույս է:
      Մինչ կապիտալը հանրապետություն տեղափոխելը, ստացեք
      կառավարությունից (վարչապետի, ֆինանսների նախարարի, կենտրոնական բանկի կառավարիչի ստորագրությամբ եւ, ընդհանուր առմամբ, կառավարության որոշումը) երաշխիքներ, որ Ձեր արժութային փոխանցումները (տրանսֆերտները) swift-ով կամ կանխիկ , նախատեսված սեփական կարիքների եւ բիզնեսի ստեղծման համար, չեն ձերբակալվի, չեն սառեցվի ինչ-ինչ «պատճառներով»:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031