Լրահոս
Օրվա լրահոսը

16-ամյա ծրագրավորողը՝ կոդերը խաղի կանոնների վերածելու, հաջողությունների ու Էյնշտեյնի մասին

Մարտ 07,2019 12:30

Նորագույն տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրությունը սկսվում է մոտիվացիայից

«Ամեն մարդ ինձ համար մոտիվացիա է, եթե կարողանում է ինչ-որ բան ավելի լավ անել, քան ես»,- այսպես է բացատրում տեխնոլոգիաների հանդեպ իր սերը 16-ամյա Վիգեն Խաչատրյանը, որ սովորում է Թալինի ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի 11-րդ դասարանում:

2012թ.-ից ընկերների խորհրդով սկսեց հաճախել ռոբոտատեխնիկայի խմբակ, որը հետագայում կոչվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։

«Հետաքրքրություններս այս ոլորտում այնքան մեծ էին, որ բաց չէի թողնում ոչ մի մրցույթ, մասնակցում էի բոլորին անխտիր: Խմբակավարս Եղիշե Ամիրյանն էր, որը մինչեւ հիմա իմ լավ ընկերներից մեկն է։ Մինչեւ երեկոյան ժամը 9-10-ը, նույնիսկ մինչեւ 11-12-ը մնում էինք դպրոցում եւ պատրաստվում մրցույթների»,- խոստովանում է նա:

Վիգենի ամենամեծ հաջողություններից մեկը NASA-ի ու MIT-ի կողմից Թորոս գյուղում կազմակերպված Zeroro երկշաբաթյա ճամբարին մասնակցությունն էր։

Երկու շաբաթ մնալով այնտեղ եւ սովորելով կոդ գրել՝ անցել են եզրափակիչ եւ տեսել, թե իրականում ինչպես է աշխատում իրենց գրած կոդը տիեզերանավի վրա. «Մրցում էինք տարբեր երկրների մասնակիցների հետ։ Անբացատրելի զգացողություններ են լինում այն ժամանակ, երբ տեսնում ես, որ քո գրած կոդը հենց այդ պահին NASA-ի ուղիղ եթերում ցույց են տալիս, թե ոնց է աշխատում իսկական տիեզերանավի վրա»»։

Ինչպես իր խոսքում նշեց Վիգենը՝ բաց չի թողել ոչ մի հնարավորություն եւ խմբավար Ե. Ամիրյանի գլխավորությամբ մասնակցել է այլ մրցույթների եւս՝ «Գծին հետեւող» («Արմաթ» 2017), «Գծին հետեւող եւ իրեր դասակարգող», «Ական փնտրող» («Երեւան Էքսպո» ցուցահանդես), «Լեգո ռոբոտաշինության միջմարզային մրցույթ» (Գյումրի), «3D մոդելավորման եւ տպագրության մրցույթ» (Congress Hotel)։

Մեզ հետ զրույցում նա պատմեց իրեն պատահած հետաքրքիր մի միջադեպ. «Խմբավարիս եւ թիմակցիս՝ Արման Բարսեղյանի հետ գնացել էինք մի մրցույթի, որին գրանցվել էինք ու շատ պատահական անցել։ Մրցույթն անցկացվում էր բրիտանական անգլերենով եւ այնքան արագ էին խոսում, որ պիտի լարվեինք, որպեսզի կարողանայինք հասկանալ։ Ասացին, որ պետք է կոդ գրենք, ինչը իրականում շատ բարդ էր թվում, մոտեցանք ու ասացինք, որ իրականում մենք ուրիշ բան գիտեինք, դա մեր տեղը չի։ Կազմակերպիչը մեզ ասաց, որ շատ դժվար է իրենց մոտ ընտրվելը. եթե ընտրվել ենք (5-6 թիմեր կային), պիտի մնանք, գոնե մի բան անենք։

Մենք էլ արեցինք այն, ինչ կարող էինք։

AR ծրագրերը ցույց տվեցինք, պատրաստեցինք 3D անիմացիա եւ նույնիսկ չէինք էլ կարծում, որ հավանության կարժանանա։ Գնացել էինք մրցույթի, որից ոչ մի բանով տեղյալ չէինք ու հաղթեցինք $100»։
Ամենասիրելի նախագծերից է «Sevan startup summit 2018»-ը, որին մասնակցել են չորս հոգով եւ ներկայացրել Zoomar պատկերները կենդանացնող հավելվածը, որի միջոցով ցույց են տվել վիրտուալ ակնոցներով վիրահատություն կատարելու գործընթացը։

Այս նախագծի միջոցով շատ ընկերներ է ձեռք բերել, որը կյանքում շատ է կարեւորում:

Այնուհետեւ վեցամսյա փորձաշրջան է անցել Արման Աթոյանի գլխավորած Arloopa-ի օֆիսում, եղել է «SKY» ակումբի, «Իմփակտի» եւ տարբեր կազմակերպությունների անդամ։

Այսքան մեծ հաջողություններ ունենալու հետ մեկտեղ՝ Վիգենը համեստորեն լռում է եւ չի սիրում ինքնագովեստով զբաղվել։

Իր կարեւոր ձեռքբերումներից է համարում ՄԱԿ-ի եւ տարածքային կառավարման նախարարության կողմից կազմակերպված «Համայնքը ես եմ» ծրագրին մասնակցությունը. «Գրել եմ համայնքային ծրագիր, ինչը պետք է վեց ամսում անեմ, որ համարվեմ ծրագրի շրջանավարտ եւ նոր հեռանկարներ ունենամ»,-ասաց նա։

Լինելով Երեւանի քաղաքապետարանում անցկացվող «Կլիմաթոն Երեւան» բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի մասնակից՝ ասաց. «Գրել էինք ծրագիր-հավելված, ինչը թույլ էր տալիս տնտեսել ու մաքուր պահել քաղաքը պլաստիկներից։ Արագածոտնի մարզի թիմով գրավեցինք առաջին տեղը եւ ստացանք 200000 դրամ մրցանակ։

Գնացել եմ նաեւ սոցծառայության, ձեռնարկատիրական մտածողության զարգացման դասընթացներին, որտեղ ինձ տվել են դասավանդողի հավաստագիր»։

Վանաձորի տեխնոլոգիական զարգացման կենտրոնում մասնակցելով տուրիզմի զարգացման ծրագրին՝ շատ լավ արդյունք են ցույց տվել. «Բոլորը նայում ու ասում էին՝ էս երկու երեխաները ի՞նչ պիտի անեն, որ եկել են։ Այնտեղ բոլորը տարիքով մեծ մարդիկ էին, լուրջ ծրագրեր էին ներկայացնում, բայց «էդ երկու երեխաները» զարմացրին բոլորին, ու երբ արդեն պիտի հայտարարեին առաջին տեղի հաղթողների անունները, բոլորը ճանապարհ էին տալիս, որ գնայինք»։

Խոսելով սեփական բիզնես- նախաձեռնության՝ TakeAR startup-ի մասին՝ Վիգենը մեծ ոգեւորությամբ ասաց. «Սկզբում ես ու ընկերս էինք՝ Վարդան Մելքոնյանը, հետո մեզ միացավ մեր ընկերներից Էդմոնդ Նազարյանը, Երեւանից մի քանի տղաներ, հիմա ընդհանուր թիմում ունենք երեք Unit-ի ծրագրին տիրապետողներ, 1 դիզայներ, 1 կոդ գրող եւ մարկետոլոգ։

Մեր ծրագիրը մենք սկսել ենք այն գաղափարով, որ պետք է գրքերը կենդանացնող հավելված ստեղծենք։

Այս գաղափարը բարձրաձայնել եմ «Մարիոթ» հյուրանոցում անցկացված բիզնես ֆորումին կրթության նախարարության ներկայացուցիչների մոտ։ Ինձ հրավիրեցին նախարարություն, եւ ես պատմեցի գաղափարներիս մասին ու ասացի, որ ներդրումներ են պետք։

Խոստացան զանգահարել ու մինչեւ հիմա սպասում եմ։ Թիմով պատրաստ էինք մի օգտակար բան անել, պահանջվում էր ընդամենը ներդրում անել ծրագրի համար, գումարը մեզ համար չէինք ուզում։ Նույնիսկ օրինակով էինք գնացել, որ երբ գրքերը կենդանացնեինք, կփոխանցեինք իրենց, որ օրինակ՝ կենսաբանության թեմաները ավելի լավ յուրացնեին (սրտի աշխատանք, գլխուղեղ եւ այլն)»։

Ընկերների հետ որոշել է նաեւ Case-երի բիզնես անել։ Case-երի հետեւում տպագրված է լինելու ինչ-որ նկար, որի վրա հեռախոսը պահելով՝ պատկերը կկենդանանա: Եվ հենց դա կոչվում է AR տեխնոլոգիա, որը ուզում են վաճառել։

Ներդրումներ են փնտրում, նպատակ ունեն գտնել այնպիսի կազմակերպություններ, որոնց հետ կկարողանան համագործակցել։

«Չեմ տիրապետում ծրագրավորման լեզվին ու ինձ ծրագրավորող չեմ համարում, բայց ուզում եմ սովորել ու հենց այդ ուղղությամբ գնալ։

Հիմա աշխատում եմ Մաստարայի «Արմաթում»՝ որպես խմբավար։ Սկզբում ունեի 120 աշակերտ, իսկ հիմա մոտ 100», – անկեղծացավ նա։

16-ամյա Վիգենի հաջողություններն ու հետաքրքրությունները այսքանով չեն սահմանափակվում.

«Մասնակցել եմ ասմունքի մրցույթի, անցել եմ դպրոցական փուլը, մարզային փուլում զբաղեցրել եմ առաջին տեղը, անցել հանրապետական փուլ, բայց չեմ մասնակցել, որովհետեւ հենց այդ նույն օրը մասնակցելու էի «ԼԱՄՓ» -ի միջոցառմանը։ Թալինի թիմով մասնակցել ենք երեք անգամ. բացառիկ դեպք է, որ երեք անգամ մի թիմը կարող է մասնակցել առանց թիմի մեջ փոփոխության։ Ներկայացնում էինք սերիալների ազդեցությունը մարդկանց եւ հասարակության վրա»։

Վիգենը խոսեց այլ հետաքրքրությունների մասին եւս.

«Սպորտից վատ չեմ, լավ թենիս եմ խաղում, զբաղվում եմ տրենաժորով, գնացել եմ ֆուտբոլի։

«Արմաթ» ճամբարում զբաղեցրինք առաջին տեղը, գավաթով վերադարձանք»։

Պատանի երկրապահ է, ունի սերժանտի կոչում, լավ է կրակում։

Մասնակցել է կրակային մրցույթի եւ զբաղեցրել երկրորդ տեղը։

Այս ամենից բացի՝ սիրողական պարում է, երգում, շախմատ խաղում, անգլերեն է պարապում. «Չեմ կարողանում շատ ժամանակ տրամադրել անգլերենին, շատ առաջարկներ եմ ունենում դուրս գնալու՝ Վրաստան, Բրազիլիա, ԱՄՆ, բայց չեմ կարողանում գնալ, որովհետեւ անգլերենի իմացություն է պետք»։

Վիգեն Խաչատրյանը, որ սիրում է երազել, նաեւ դժվարություններ ունի, սակայն այդ մասին չցանկացավ խոսել, ընդամենը Էյնշտեյնին մեջբերեց. «Ձեր հայացքն ուղղեք արեւին եւ ստվերները հետեւում կմնան»։

ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

06.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031