Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները տապալեցին Կոմիտասի 145-ամյակը Մոսկվայում, իսկ հայերը՝ 150-ը ԱՄՆ-ում»

Մարտ 07,2019 13:00

Ամերիկահայ երաժիշտը խնդիր է բարձրացնում

Ամերիկաբնակ դաշնակահար, International Competitions and festivals կազմակերպության հիմնադիր Արմեն Տեր-Թադեւոսյանն ահազանգում է՝ ԱՄՆ-ում Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգը՝ Արցախի կամերային երգչախմբի մասնակցությամբ, ձախողվում է: Մարտին չի կայանա, խնդիրները չլուծվելու դեպքում՝ սեպտեմբերին՝ նույնպես:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Տեր-Թադեւոսյանը հիշեցրեց, թե ինչպես 2014 թ. մայիսի 20-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգը, որին պետք է մասնակցեր Արցախի Հանրապետության նույն երգչախումբը, տապալվեց ադրբեջանցիների ջանքերով: Արմեն Տեր-Թադեւոսյանն ասում է. «Armenia fund-ը եւ Լոս Անջելեսում հայկական հյուպատոսարանը վնասներ են պատճառում մեր ծրագրերին: Համայնքում ընդհանրապես դիրքորոշումն այն է, թե դրանք մեր ծրագրերն են, իրենցը չեն: Բայց երբ իրենք ծրագիր չունեն, իսկ մենք մեր ծրագրով աշխատում ենք աջակցել Հայաստանի մշակույթը ԱՄՆ-ում ներկայացնելու եւ Հայաստանի պատիվը բարձր պահելու համար, կամ այդ ծրագրերին ոչնչով չեն աջակցում, կամ խանգարում են… Մեծ-մեծ խոսում են, թե մշակութային դիվանագիտություն պետք է անել, բայց ձախողում են, ասես իրենք իրենց ձեռքով վնաս տան»:

Տեր-Թադեւոսյանը ընդգծեց, որ իր հիմնադրած International Competitions and festivals կազմակերպությունը բազմաթիվ միջազգային նախագծեր է իրականացրել, օրինակ, 2003 թ. Արամ Խաչատրյանի հետ կապված ոչ մի սիմֆոնիկ կամ բալետային խումբ ԱՄՆ-ում ոչ մի հատուկ ծրագիր չի ներկայացրել, մինչդեռ իրենք հսկայական դժվարություններով եւ մեծագույն կորուստներով Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը ներկայացրին՝ հրավիրելով Յուրի Գրիգորովիչին եւ իր բալետային խմբին: Նա անդրադարձավ նաեւ Խաչատրյանի 110-ամյակի խայտառակ միջոցառմանը, որի մասին ժամանակին հոդված էր գրել Էլլադա Չախոյանը: «Մի խայտառակություն կազմակերպեցին՝ Հայաստանի հյուպատոսի աջակցությամբ, Խաչատրյանի 110-ամյակը սրահի ճեմասրահում, պատի տակ երեք երաժիշտ»,-հիշեց մեր զրուցակիցը:

Դառնալով Կոմիտասի 150-ամյակի միջոցառմանը՝ ամերիկաբնակ երաժիշտը նշում է. «Մասնակցում են Արցախի պետական երգչախումբը եւ Հայաստանի կամերային նվագախումբը, սակայն ներկայումս ծրագիրը ձախողման առաջ է կանգնած: Մեկ տարի առաջ նամակներ էինք ուղարկել ՀՀ կառավարությանը, մշակույթի նախարարությանը, ու պատասխան չենք ստացել եւ այստեղ էլ պայմանավորվել էի Armenia fund-ի հետ, որը ըստ էության «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնաճյուղն է ԱՄՆ-ում, թեեւ գրանցված է որպես առանձին կազմակերպություն: Armenia fund-ի հետ պայմանավորվածություն ունեինք, որ պետք է հովանավորեին Արցախի երգչախմբի համերգը մարտի 14-ին: Սրանից ութ ամիս առաջ նրանք ինձ հայտնեցին, որ որոշում է կայացվել՝ Նյու Ջերսիում գտնվող Armenia fund-ը միացնել Գլենդելի Armenia fund-ին, այդ պատճառով հրաժարվում են պայմանագրից, չեն ցանկանում շարունակել համերգի հետ կապված պայմանավորվածությունները: Իսկ պայմանագիրը չեղյալ հայտարարելու դեպքում կետ կա, որ եթե ֆորս մաժորային իրավիճակի պատճառով չեղյալ է հայտարարվում, ուրեմն համերգի գումարը՝ մոտ ութ հազար դոլար, պետք է վճարվի Արցախի երգչախմբին՝ հավելյալ երեք օր Լոս Անջելեսում նրանց պահելու համար: Իրենք հրաժարվեցին այդ գումարը տալուց, այստեղ նաեւ ամերիկյան հովանավոր կազմակերպություն էինք գտել, որը համաձայն էր Արցախի երգչախմբի համերգի կազմակերպման հարցերը հովանավորել քսան հազար դոլարով, բայց քանի որ համերգը ձգձգվեց, ամերիկացիներն էլ ուրիշ ծրագրեր ունեին, իրենք էլ հրաժարվեցին: Այսինքն՝ հայկական հիմնադրամը մեզ քսանութահազար դոլարի պրոբլեմի առաջ կանգնեցրեց: Ես այժմ նամակներ եմ ուղարկել «Իմ քայլը» հիմնադրամին եւ մեծ հույսեր եմ կապում նոր իշխանությունների հետ»:

Արմեն Տեր-Թադեւոսյանը խոսելով Արցախի երգչախմբի մասնակցությամբ Կոմիտասի 145-ամյակի մոսկովյան համերգի մասին, որը տապալվել էր ադրբեջանցիների ջանքերով՝ նշում է. «Եթե Ադրբեջանի ջանքերով Կոմիտասի 145-ամյակի համերգը չեղյալ է հայտարարվում Մոսկվայում՝ Արցախի երգչախմբի մասնակցությամբ, ապա 150-ամյակին ադրբեջանցիներն ուղղակի նստած՝ սպասում են, որ տեսնեն, թե հայերն ինչ ջանքեր են գործադրում, որ Ամերիկայում Կոմիտասի հոբելյանը չկայանա, եւ Արցախի երգչախումբը չմասնակցի: Փաստորեն, հայերն իրականացնում են ադրբեջանցիների ցանկությունները»:

Մեր զրուցակիցը իր վերջին շանսը համարում է «Իմ քայլը» հիմնադրամից ստացվելիք պատասխանը, նա խնդրել է, որ գումարի մի մասը հատկացնեն՝ խայտառակությունից խուսափելու համար: «Արցախի կառավարությունը հոգացել է Արցախի երգչախմբի ճանապարհածախսը… Գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին եւս գրել եմ այս մասին, որեւէ արձագանք չեմ ստացել»,-ասում է նա ու հավելում, որ ընդհանրապես այլ ծրագրեր էլ են մերժվել հյուպատոսի կողմից:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. Պատրաստ ենք ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:

«Առավոտ» օրաթերթ, 

06.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031