Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաեստրո Օրբելյանը դարձյալ հրավիրված է, այս անգամ՝ «Մետրոպոլիտեն»

Մարտ 07,2019 13:30

«Մետրոպոլիտեն-Օպերա» թատրոնը աշխարհի ամենահայտնի օպերային բեմերից մեկն է: 1883 թվականին Գունոյի «Ֆաուստ» օպերային ներկայացումով իր գործունեությունը սկսած մշակութային օջախը ԱՄՆ-ում առայսօր միակ մշտական գործող օպերային թատրոնն է: Հատկանշական է, որ այստեղ ներկայացումներն ամեն օր են, երգչախումբը, նվագախումբը եւ օժանդակ կոլեկտիվները՝ կայուն: Մենակատարներն ու դիրիժորները հրավիրվում են առանձին թատերաշրջանների եւ ներկայացումների բեմ դուրս գալու համար, օպերաներն էլ կատարվում են բնագրով: Այս սկզբունքը ձեւավորվել է 1900-ականների սկզբներից: Խաղացանկում հիմնականում դասական գործեր են՝ Վերդիի, Պուչինիի, Դոնիցետիի, Վագների, Գունոյի, Բիզեի, Մոցարտի, Շտրաուսի եւ համաշխարհային օպերային գրականության այլ մեծերի:
«Մետրոպոլիտեն» թատրոնում տարբեր տարիների հանդես են եկել հայ օպերային երգիչներ, այդ թվում՝ Լիլի Չուգասզյանը, Լուսին Ամարան, Սյուզան Սիմոնեն, Շաքե Վարդենիսյանը, Արա Բերբերյանը, Կարպիս Բոյաջյանը եւ մյուսները: «Մետրոպոլիտեն-Օպերան», ինչպես եւ մյուս հայտնի ու պակաս հայտնի թատրոնները, այդ թվում՝ Երեւանինը, հայտնի է ինտրիգներով, նույնիսկ սկանդալային միջադեպերով: Բերենք ընդամենը մեկ-երկու օրինակ. 2018թ. թատրոնի ղեկավարությունը որոշում ընդունեց հեռացնել 74-ամյա ճանաչված դիրիժոր Ջեյմս Լիվայնին, որը զբաղեցնում էր թատրոնի պատվավոր երաժշտական տնօրենի պաշտոնը՝ արտիստների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու պատճառով: Վերջերս էլ, շուրջ 100 տարվա ընդմիջումից հետո, «Մետրոպոլիտենում» բեմադրվեց կին կոմպոզիտորի ստեղծագործություն. այդ պատվին արժանացավ ֆինն Կայա Սարիահոն: Ի դեպ, մեր թատրոնի պատմության ընթացքում նման բախտի չի արժանացել ոչ մի հայուհի:

1980-ականներին գլխավոր կերպարներ են կերտել մեր ժամանակների օպերային աստղերից Հասմիկ Պապյանը, Գեղամ Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը, Վազգեն Ղազարյանը, Եղիշե Մանուչարյանը. մեզ առայսօր հայտնի են այս անունները:

«Առավոտին» հասած տեղեկություններով, ինչը հաստատեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մարքեթինգի եւ PR բաժնի պետ Իրինա Գոգինյանը, մաեստրո Կոնստանտին Օրբելյանը «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի տնօրենների խորհրդի նախագահ Անն Զիֆֆի հրավերով մարտի 8-18-ը հյուրընկալվելու է թատրոնում՝ ասոցացված անդամ ներգրավվելու նպատակով, ինչպես նաեւ հանդիպումներ անցկացնելու ու թատրոնի հետագա ծրագրերին ծանոթանալու համար: Ընդ որում, նման պատվի արժանանում է առայժմ միակ հայը:
Մեր թատրոնից տեղեկացրին, որ մաեստրոյի նախաձեռնությամբ կքննարկվեն նաեւ մետրոպոլիտենի Լինդմանի երիտասարդ արտիստների զարգացման ծրագրի շրջանակներում համագործակցության եւ «Մետրոպոլիտենում» հայ մեներգիչների լսումներ կազմակերպելու հետ կապված հարցեր: Միանշանակ սա իրադարձություն է եւ առիթ, որպեսզի աշխարհում վաղուց հայտնի հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչները նշանավոր այդ թատրոնում հաճախ երեւան:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

06.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031