Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրացիոն սերիալ հնդիկների եւ հայ կնոջ մասնակցությամբ, Ռամն էլ վկա

Մարտ 07,2019 14:00

ՀՀ այցելելու համար որեւէ մշակութային ծրագրում ընդգրկված չեն եղել եւ տեղյակ չեն եղել, որ ՀՀ այցելելու համար հրավեր է անհրաժեշտ

Հնդիկ վկաներից մեկը դատարանին հայտնել էր, թե ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու համար վճարել է 220 ԱՄՆ դոլար, իսկ փաթեթի երկկողմանի արժեքը կազմել է 500 ԱՄՆ դոլար: Տեղեկացել էր, որ կացության կարգավիճակ ձեռք բերելու դեպքում հետագայում հեշտությամբ կարող է այցելել Հայաստան, իսկ Եվրոպա մեկնելու նպատակ չի ունեցել: Նա Հայաստան ժամանելուն պես իր ծանոթի միջոցով ծանոթացել է ամբաստանյալ Ջահգջիթի հետ, ով էլ տեղեկացրել է, թե ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ունենալ աշխատանք եւ այդ պատճառով գրանցվել է նրան պատկանող «Գարու սերվիս» ՍՊ ընկերությունում, սակայն փաստացի որեւէ աշխատանք չի կատարել: Կացության կարգավիճակ ստանալու քարտի համար Ջահգջիթին տվել էր 300 ԱՄՆ դոլար: Այնուհետեւ իրավաբանի միջոցով դիմել է ԱՎՎ, սակայն ստացել է մերժում:

Մեկ այլ վկա էլ ցուցմունք էր տվել այն մասին, որ Հայաստանի մասին տեղեկացել է ինտերնետային կայքերով եւ ցանկություն է ունեցել որպես զբոսաշրջիկ այցելել Հայաստան: Ինտերնետային կայքի միջոցով ծանոթացել է իր հայրենակից Վարինդերի հետ, ով բնակվում է Հայաստանում եւ նրա առաջարկով որոշել էր գալ Հայաստան: Հնդկաստանում գործող «Պունջ» գործակալության միջոցով գնել է երկկողմանի տոմսեր եւ իր բարեկամ, վկա Ռամի հետ «Զվարթնոց» օդանավակայանով ժամանել Հայաստան, որտեղ իրենց դիմավորել է Վարինդերը: Վերջինից տեղեկացել էր, որ ՀՀ-ում ապրելու համար անհրաժեշտ է ստանալ կացության կարգավիճակ, եւ այդ նպատակով՝ իր եւ Ջագջիթին պատկանող՝ «Գարու սերվիս» ՍՊ ընկերության միջեւ կնքվել է ձեւական աշխատանքային պայմանագիր՝ իբրեւ աշխատում է նշված ՍՊ ընկերությունում: Պայմանագրի կնքումից հետո փաստաբանի միջոցով դիմել են ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչություն, սակայն ստացել են մերժում: Կացության կարգավիճակ ստանալու համար որեւէ մեկի գումար չի տվել: Միայն 300 ԱՄՆ դոլար անձամբ վճարել է փաստաբանին մատուցած ծառայությունների դիմաց:

Հնդիկ ամբաստանյալներից մեկը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հայտնել էր, թե հնդիկները ՀՀ-ում կացության կարգավիճակ ցանկացել են ստանալ ավելի հաճախ ՀՀ այցելելու համար, իրենից խորհուրդ են հարցրել, ինքն էլ խորհուրդ է տվել դիմել ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն, ինքը տեսել է փաստաբանին գումար տալուց, այդ անձանց փաստաբանի հետ ինքն է ծանոթացրել, այդ գումարներից չի վերցրել, հակառակը՝ ինքն է օգնել, ինքն է նրանց սննդով ապահովել: Այդ 7 քաղաքացիներից մի քանիսին ինքն է ծանոթացրել Ջահգջիթի հետ, նրանց գրանցել է նրա ընկերությունում, կնքել են պայմանագրեր կացության կարգավիճակ ստանալու համար: Այդ պայմանագրի կնքման համար, նրանցից գումար չեն պահանջել: Այդ 14 անձանցից առաջ կամ հետո ինքը եւ ամբաստանյալ Աննա Է.-ն հրավերներ չեն ուղարկել: Ինքը տեղյակ չէ՝ այդ 14 հնդիկները նախկինում դիմե՞լ են կացության կարգավիճակ ստանալու համար, թե՞ ոչ: Նրանք այցելել են 7 օրով եւ պետք է հետ վերադառնային, նրանց կացության կարգավիճակ ստանալու համար միայն խորհուրդ է տվել, եւ ընդունում է իր սխալը, սակայն վատ մտադրություն չի ունեցել, շահույթ ստանալու նպատակ չի ունեցել, իր ընկերն է առաջարկել ամեն զբոսաշրջիկի համար 30-40 դոլար գումար տալ, սակայն ինքը մերժել է, իսկ այն, որ վկաներից ասել են, որ իրեն են գումար տվել, հայտնել էր, որ վկաներից իրեն գումար են տվել եւ ինքը փոխանցել է փաստաբանին, ինքն այդ գումարներից չի վերցրել:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ջահգջիթին 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտել, առանց գույքի բռնագրավման եւ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: Վարինդերին դատապարտել էր 3 տարի ժամկետով ազատազրկման, առանց գույքի բռնագրավման եւ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: Իսկ Աննային դատապարտել էր ազատազրկման 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման եւ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: Նրանց երեքի նկատմամբ էլ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Ի դեպ, դատարանը ուսումնասիրելով Աննա Է.-ի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից տրված պահանջագիրը, համաձայն որի՝ նա 2014 թվականի դեկտեմբերի 3-ին դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար եւ դատապարտվել է տուգանքի 500.000 ՀՀ դրամի չափով, սակայն նրա դատվածությունը սույն գործով նրան մեղսագրվող հանցանքի կատարման դրությամբ մարված չէ, հանգել էր նրան, որ Աննայի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք պետք է համարել հանցանքը կատարելու ռեցիդիվը:

Նախաքննական մարմինը Վարինդերին մեղադրել էր այն բանի համար, որ նա տեղյակ լինելով Հնդկաստանի քաղաքացիների կողմից ՀՀ գալու ցանկությունների մասին, շահադիտական նպատակներով կազմակերպել է վերջիններիս անօրինական միգրացիա դեպի ՀՀ: Ջահգջիթն էլ «անօրինական միգրացիայի կազմակերպմանն օժանդակելու դիտավորությամբ», տեղեկանալով, որ Վարինդերի կողմից ՀՀ հրավիրված Հնդկաստանի քաղաքացիների համար անհրաժեշտ է ձեռք բերել կացության կարգավիճակ, հիշյալ քաղաքացիների եւ իրեն պատկանող` «Գարու սերվիս» ՍՊ ընկերության միջեւ կնքել է կեղծ աշխատանքային պայմանագրեր:

«Միգրացիոն սերիալի» մյուս մասը կազմող Աննան էլ իրեն պատկանող` «Ազդարար բացահայտ լուրեր» ՍՊԸ-ի միջոցով` Հնդկաստանում գործող ՀՀ դեսպանություն է ներկայացրել կեղծ տեղեկատվություն, նպաստելով Հնդկաստանի 14 քաղաքացիների կողմից ՀՀ մուտքի արտոնագրի ստացմանն ու ՀՀ մուտք գործելուն:

Վերաքննիչ քրեական դատարան դիմելով՝ նրանք պահանջում են բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, իրենց ճանաչել անմեղ, կայացնել արդարացման դատական ակտ: Կամ՝ մեղադրանքը հիմնավոր գտնելու դեպքում նշանակել հնարավորինս մեղմ պատիժ եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:

Այս տարի երկու նիստ է կայացել:

Նախագահող դատավորն է Ալեքսանդր Ազարյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

06.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031