Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլի 23-ը` Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, վերջնաժամկետն է»

Մարտ 07,2019 14:30

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը

– Արդեն տեւական ժամանակ է՝ հրապարակային գործունեություն չեք ծավալում, ինչո՞վ եք զբաղվում հեղափոխությունից հետո:

– Մարդ, ով 2001 թվականից քաղաքականության մեջ է, չի կարող քաղաքական եւ հասարակական գործունեություն չծավալել: Ուղղակի, հաշվի առնելով, որ նոր ընտրություններ են եղել, նոր կառավարություն է ձեւավորվել, որոշակի ժամանակահատված պետք է հատկացնել, որպեսզի նաեւ իրենք փորձեն դրսեւորվել: Հետո, եթե կլինեն բացեր, դրանց մասին անպայման բարձրաձայնել, եթե կլինեն լավ գործեր, դրանց մասին խոսել, անպայման քաջալերել եւ ոչ մի դեպքում չխոսել չարախնդողի դիրքերից: Դա իմը չէ: Այս ընթացքում եղել եմ ակտիվ, ավելի շատ ժամանակ եմ անցկացրել իմ բնակավայրում, Սպիտակում: Անցած տարի, դեկտեմբերի 7-ին երկրաշարժի 30-րդ տարելիցն էր. բոլորը`քաղաքական գործիչները, լրատվամիջոցները, նշում էին «Սպիտակի երկրաշարժի տարելիցը», բայց Սպիտակը կարծես անտեսված էր, մոռացված էր: Նույնիսկ վարչապետը… Գյումրիում, երեկոյան միջոցառումներ կային, պրոտոկոլային միջոցառումներ… Բայց այսօր 30-րդ տարելիցից հետո պետք է ավելի ուշադրություն դարձնենք բոլոր խնդիրներին, որ կան` անօթեւանների բնակարանային ապահովության, սոցիալական եւ այլն, այլեւս ամոթալի է: Մենք շատ ժամանակ ենք բաց թողել: Գործնական քայլեր են պետք: Սպիտակում կան լավ ընկերներ, գործընկերներ, որոնց հետ այս շրջանում փորձում ենք սերտ համագործակցել` առավել ապաքաղաքական դաշտում, հասարակական գործունեությամբ փորձենք գործընթացներն այնպես տանել, որպեսզի Սպիտակն անտեսված չլինի: Այս փուլում, ժողովրդի ձայնը տեղ հասցնող չկա: Սա ասում եմ, որովհետեւ ԱԺ ընտրություններից արդեն երկու ամիս է անցել, բայց ժողովրդի հետ հանդիպումների ականատեսը չենք լինում, չենք էլ լսում, որ նման հանդիպումներ լինում են: Սա ահազանգ է, ազդակ է, որպեսզի մենք կարողանանք մեր ռեսուրսներով ներկայացնել առկա խնդիրները,, ժամանակահատվածը հօգուտ մեր բնակավայրի օգտագործել:

– ՀՀԿ-ն տասը տարի իշխանության էր, դուք էլ իշխող ուժի խորհրդի անդամ էիք, պատգամավոր էիք. ինչո՞ւ այն ժամանակ, երբ հնարավորություններ կային լուծումներ տալու, չէիք անում, իսկ հիմա փորձում եք ընդամենը բարձրաձայնել խնդիրների մասին:

– Կարծում եմ, այդ հարցն ինձ չպետք է տայիք: Եթե վերցնեք իմ պատգամավոր եղած ժամանակահատվածը եւ ուսումնասիրեք կառավարության ծրագրերը, տարեկան բյուջեները, այնտեղ բազմաթիվ տողեր կգտնեք, որ իմ առաջարկով են մտցվել. Սպիտակ քաղաք + տարածաշրջանի քսան գյուղական համայնքում չի եղել մի հարց, որը ես չբարձրացնեմ եւ չփորձեմ լուծումներ գտնել` սկսած դպրոցների եւ մանկապարտեզների վերանորոգումից, մինչեւ ճանապարհների շինարարություն, վերանորոգում: Մասնավորաբար, վերջին դեպքը, որ հիշեցի, Կաթնաջուր համայնքի ճանապարհի վերանորոգումն էր, որը իրականություն դարձավ երկար եւ ծանր բանակցություններից հետո: Բայց համայնքն այսօր բարձրակարգ ճանապարհ ունի: Շինարարության ընթացքին էլ ինքս հետեւել եմ, բայց երբեւե հարկ չեմ համարել դրա մասին խոսել, գովազդել, ճանապարհաշինարարների կողքին կանգնել եւ «լայվ» անել, ինչն այսօր շատ արդիական է: Սպիտակում Գլենդել թաղամասն է կառուցվել: Այսինքն, հիմնական բնակարանաշինությունը հենց այդ ընթացքում է եղել: Էլ չեմ խոսում հազար ու մի այլ` մեծ ու մանր խնդիրների մասին, որոնցով ցանկացած սպիտակցի, ցանկացած հայ, դիմել է առանց օգնականների միջնորդության եւ փորձել ենք լուծման տարբերակները գտնել: Իհարկե, այն ժամանակ էլ մենք խոսել ենք, որ կան բազմաթիվ խնդիրներ, հենց բնակարանաշինության եւ հատկացումների ոլորտում, քննարկումների արդյունքում տարբեր փոփոխություններ են եղել, որոնք ավելի շատ թվով մարդկանց կգոհացնեին:

Հիմա խնդիրը մի քիչ այլ է. պետք է ավելի համակարգված եւ կառուցողական աշխատանքներ տանել, հետեւողական լինել, որ համայնքի խնդիրները լուծվեն: Մենք առօրյա խնդիրներով զբաղված առաջ ենք գնում, բայց 30-րդ տարելիցին հասկանում ես, որ շատ հարցեր ոչ թե պակասել են, այլ ավելացել: Միգուցե, նաեւ մեր մեղքով: Բայց գոնե ես միշտ եղել եմ իմ ծննդավայրում, սպիտակցու կողքին:

– Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկն ինչպե՞ս եք գնահատում. դրանք սկսվեցին կառավարության ծրագրի քննարկումներով եւ միանգամից քննադատությունների արժանացան:

– Կարծիքները տարբեր կարող են լինել, բայց շատ կարեւոր խնդիր կար կառավարության ծրագրում` որեւէ հարցի հետ կապված կոնկրետություն չկար, ոչ էլ պատճառահետեւանքային կապ կար:

Հաշվետվողականությունը բացակայում էր առհասարակ:

– Շատ քննադատվում է նախարարությունների օպտիմալացումը, բայց համաձայն չե՞ք, որ պետական ապարատն ուռճացված էր եւ օպտիմալացման կարիքը կա:

– Ես, որպես մի կարճ ժամանակահատված գործադիրում աշխատած մարդ, իհարկե, կարող եմ ասել, որ կան մարդիկ, ովքեր առավոտից իրիկուն զբաղված են «հանրօգուտ աշխատանքով»: Բայց վերցնել եւ ապրիորի ինչ-որ միացումներ անել` չիմանալով, թե ո՞ր նախարարությունը որի՞ն միացնել, որեւէ լուրջ բացատրություն, որեւէ լուրջ պատճառաբանություն չբերել, այդ ամենում բովանդակություն չդնելը, ես կարծում եմ, վտանգավոր է: Խնդիրը դրվեց այսպես` կրճատվում է, մնում է 12 նախարարություն: Հետո պարզվեց` չեն որոշել: Հիմա մենք չգիտենք, օրինակ, գյուղատնտեսության նախարարությունը մնո՞ւմ է, թե` ոչ: Ինչո՞ւ գյուղատնտեսության, քանի որ մեր լոկոմոտիվը պետք է լինի արդյունավետ գյուղատնտեսությունը: Եթե մնում է, ի՞նչ գործառույթներ է իրականացնում: Իրանում վարչապետն ասում է` սփյուռքի գլխավոր հանձնակատար ենք ունենալու եւ դա բացառիկ պաշտոն է: Եթե սկզբունքը դա է, ապա կարող ենք բոլոր նախարարություններն էլ կրճատել եւ գլխավոր ու բացառիկ հանձնակատարներ նշանակել: Բայց չէ՞ որ նախարարություններում կան գործառույթներ եւ պետք է լինեն մարդիկ, մասնագետներ, որոնք կկարողանան ծրագրերը կյանքի կոչել: Նախկինում էլ եմ շատ ասել, այսօր էլ կրկնեմ` գյուղնախարարությունը վերածվել է գյուղացուն վառելիք եւ պարարտանյութ տվող կառույցի: Սա մեծ խնդիր է: Այդ նախարարությունը պետք է բանկեր-գյուղացի- գյուղատնտեսություն շղթայում լինի` իր վերլուծություններով, խորհրդատվություններով եւ օգնություններով: Նմանատիպ բազմաթիվ գործառույթներ կարելի է բերել տարբեր նախարարությունների հետ կապված: Անլուրջ վիճակը հասել է նրան, որ մենք` լինելով տնտեսական շրջափակման մեջ, կախված լինելով Լարսի միակ ճանապարհից, տրանսպորտի նախարարը, ոչ ավել ոչ պակաս, կարող է երկար ժամանակ տրամադրել եւ չգիտեմ որ ավտոկայանի զուգարանից «լայվ» անել: Ես էլ կարծեցի, թե այդ «լայվը» Լարսի անցակետից է, որ այլեւս խցանումներ չկան, որ դա տարանցիկ երկրորդ` այլընտրանքային ճանապարհից է, որի մասին խոսում են իշխանության ներկայացուցիչները: Բա եթե այս վիճակն է, իհարկե, մարդիկ պետք է չուզենան գալ ձեզ մոտ եւ նախարար աշխատել, երբ առաջարկում եք: Մի տեսակ ամեն ինչ քաոսի է վերածվել, ամեն ինչ անլրջացել է:

Չի կարելի հազարավոր մարդկանց ճակատագրերի հետ խաղալ` կրճատման ցանկերում ներառել, փող խնայելու կամ չգիտեմ ինչի համար: Դեռ որեւէ հիմնավոր փաստարկ չենք լսել, փաստարկված եւ բովանդակային խոսք չենք լսել: Միայն լսել ենք, որ 300, թե 500 հազար «անգյալներ կան», «ոչ պիտանի մարդիկ», որ չեն աշխատում եւ պետք է կրճատվեն: Դեռեւս միայն քաղաքական հայտարարություններ են: Գործադիր մարմնից ծրագրային, սկզբունքային խոսք դեռ չի լսվում:

– Պատճառը ո՞րն է, չեն կարողանո՞ւմ, թե՞ չեն ցանկանում:

– Ես մի քիչ լավատես եմ. միգուցե չեն կարողանում: Ապրիլի 23-ին կլրանա Սերժ Սարգսյանի հրաժարականի մեկ տարին եւ դա կարծես վերջնաժամկետն է, սահմանագիծը` տեսնենք, թե մեկ տարվա ընթացքում կա՞ բովանդակային մեկ խոսք, ծրագիր, ուղղություն, որ հասկանանք, թե կառավարությունն ո՞ւր է գնում, ո՞ւր է մեզ տանում: Տեսնում ենք, որ խնդիր կա եւ «մտահոգություն» ունենք: Ամբողջ երկրում տոտալ եւ համակարգային արժեզրկում է գնում պետական կառույցների, պետական պաշտոնյաների… այլ հարց է, թե նրանք ինչպե՞ս են աշխատել, բայց նրանք ներկայացնում են պետական ինստիտուտներ, նաեւ ուժային կառույցներ եւ որեւէ արձագանք չկա դրա հետ կապված: Ազատությունն այսօր անարխիայի է վերածվել, հանցագործությունները շատացել են` ամեն օր գողություններ, դանակահարություն, սպանություն.. ես չեմ պատկերացնում, թե մենք ո՞ւր ենք գնում: Ամեն իրենց չարածը փորձել անցյալի վրա բարդել` սա ինձ ՀՀՇ-ի գործունեությունն է հիշեցնում: Նաեւ այդ տարիներից մի քանի թեւավոր խոսքեր կան, որ այսօր էլ արդիական են դառնում` «պոլի փետ լինի, մերը լինի», «մեր դեմ խաղ չկա, ինչ ուզենք կանենք» եւ այլն:

Կարծում եմ, եթե այս տեմպերով շարունակենք` լուրջ խնդիրների առաջ կկանգնենք: Ամեն ինչի, այդ թվում Արցախի հերոսների, ազգային հերոսների տոտալ արժեզրկումը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Երկրում կատարյալ քաոս է:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

06.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031