Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան ուղերձներ Թեհրանից

Մարտ 07,2019 12:00

Սկիզբը՝  այստեղ

ԼՂ խնդրի համապարփակ եւ տեւական կարգավորումը՝ բացառապես խաղաղ ճանապարհով

Թեհրանում անցյալ շաբաթ կայացան հայ-իրանական բարձր մակարդակի բանակցություններ: Իրան կատարած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարելի է տպավորիչ համարել: Թե ինչ առարկայական արդյունքներ կունենանք ապագայում՝ ցույց կտա ժամանակը: Քաղաքական կամքի արտահայտման տեսանկյունից, կարծես, ասվել է բավական, մնում է գործնական քայլերի ականատեսը դառնանք:

Փետրվարի 27-ին ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատում կայացավ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Նեղ կազմով հանդիպմանը հաջորդել էին ընդլայնված կազմով բանակցությունները:

Հասան Ռոհանին համոզմունք էր հայտնել, որ երկու կողմերի քաղաքական կամքը բավարար է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները շարունակեն ամրապնդվել: ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը երկկողմ տնտեսական օրակարգի կարեւոր ծրագրերից են համարել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի եւ գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե՛ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե՛ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը: Կողմերը կարեւորել էին նաեւ Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը եւ պայմանավորվել առաջիկայում այդ ուղղությամբ իրականացնել գործնական քայլեր:

Երկկողմ եւ տարածաշրջանային առեւտրատնտեսական կապերն ակտիվացնելու տեսանկյունից կարեւորվել էր նաեւ ԵԱՏՄ-Իրան ստորագրված համաձայնագրի վավերացումը խորհրդարանների կողմից: Նիկոլ Փաշինյանը եւ Հասան Ռոհանին համոզմունք էին հայտնել, որ այդ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններն առավել խթանելու համար: Հայաստանի եւ Իրանի համագործակցության կարեւոր ոլորտներից էր համարվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցման ուղղությամբ իրանական կողմի հնարավոր մասնակցությունը:

Ուշագրավ էին նաեւ Թեհրանից Փաշինյանի ղարաբաղյան ուղերձները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը եւ ավելացրել, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նիկոլ Փաշինյանը եւ Հասան Ռոհանին համակարծիք են եղել, որ ԼՂ հիմնահարցի համապարփակ եւ տեւական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով: Այս համատեքստում, զրուցակիցները մտքեր էին փոխանակել նաեւ տարածաշրջանային նշանակության այլ խնդիրների շուրջ, նշվում էր կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունում:

«Թույլ չենք տալու որեւէ մեկի մտքով անցնի, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը կարող է մեր ձեռքից խլել»

Իրան կատարած պաշտոնական այցի առաջին օրը Փաշինյանը եւ իր գլխավորած կառավարական պատվիրակությունը հանդիպել էին տեղի հայ համայնքի հետ՝ Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում: Նա այստեղ վստահեցրել էր, որ՝ հեղափոխության եւ կառավարության մեծագույն առաքելությունն այն է, որ մեր միասնական խնդիրը հետեւյալն է. «Մենք այլեւս չունենք Հայաստանի օրակարգ եւ Սփյուռքի օրակարգ, ունենք համազգային օրակարգ, որի նպատակը մեր համազգային նպատակների եւ երազանքների իրագործումն է»:

Փաշինյանն այնուհետեւ նկատել էր. «Բազմիցս ասել եմ. շատ երկար ժամանակ տառապանքների մեջ, չարչարանքների մեջ մեր ժողովուրդը երազել է, մենք երազել ենք նոր հաղթանակների, նոր երջանկության եւ նոր միասնության մասին: Ուզում եմ ասել, որ եկել է երազանքները կյանքի կոչելու ժամանակը եւ այսօրվա ձեր ներկայությունը վկայում է, որ մենք միասնական ենք եւ վճռական երազանքները կյանքի կոչելու ճանապարհին, լինի դա տնտեսապես Հայաստանը հզորացնելու, լինի Արցախի ժողովրդի արդար պահանջի իրացման, լինի մեր երազանքների իրացման հարցը»:

Ապա` Փաշինյանն այցելել էր Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, այնուհետեւ Սպահանի «Արարատ» ակումբ եւ հանդիպել տեղի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչների հետ: Դիմելով ներկաներին` նա, մասնավորապես, նշել էր. «Մեր հազարամյա փորձությունները հասցրել են մեզ մի հանգրվանի, որ մենք որպես ժողովուրդ հասունացել ենք ունենալու հզոր պետություն: Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը եւ տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ: Մենք որպես ժողովուրդ այլեւս թույլ չենք տալու դավադրություններ մեր պետականության նկատմամբ, թույլ չենք տալու որեւէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, թույլ չենք տալու, որ մեր իսկ եղբայրներին օգտագործեն մեր պետությունն ավերելու, քանդելու, թուլացնելու համար: Որովհետեւ սա հայ ժողովրդի միասնության բացառիկ ժամն է եւ մենք պետք է վերադառնանք 374 թվական ու թույլ չտանք ամենամեծ դավադրությունը մեր ժողովրդի նկատմամբ: Մենք թույլ չենք տալու որեւէ մեկի մտքով անցնի, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը կարող է մեր ձեռքից խլել, որովհետեւ մենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ենք, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ենք, մենք Տիգրան Մեծի ժառանգներն ենք, մենք Պապ թագավորի ժառանգներն ենք եւ մենք ուղղելու ենք այն պատմությունը, որ խլվել է մեր ձեռքից»:

Ի դեպ, Փաշինյանի ջերմ ընդունելությունն Իրանում զայրացրել է այդ երկրում բնակվող ադրբեջանցիներին: Մասնավորապես, նրանց զայրացրել էր «Արցախը Հայաստան է եւ վերջ» գրությամբ պաստառը, որը կախված էր «Արարատ» հայկական ակումբի մարզադահլիճում՝ Իրանի հայ համայնքի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը ոչ միայն քննադատել են Իրանի իշխանություններին Հայաստանի վարչապետին, ըստ իրենց՝ «Խոջալուի ցեղասպանության տարելիցին» Իրան հրավիրելու համար, այլեւ մեղադրել են՝ «ադրբեջանական հողերի օկուպացիային» աջակցելու համար:

Զայրույթն այլ արտահայտություն էլ էր ստացել. Թավրիզի մարզադաշտում «Տրակտորսազի» ֆուտբոլային թիմի ադրբեջանցի երկրպագուներն ամբողջ խաղի ընթացքում ոչ միայն դժգոհության վանկարկումներ էին արել, այլեւ այրել էին ՀՀ դրոշը: Բանը հասել էր նրան, որ Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Մասուդ Փեզեշքյանն իր երկրի ներքին եւ արտաքին գործերի նախարարություններից բացատրություն էր պահանջել ՀՀ վարչապետի՝ Թեհրանի հայերի հետ ունեցած հանդիպման եւ՝ «Ղարաբաղը զավթելու» կարգախոս հնչեցնելու կապակցությամբ: Խոսքը կրկին վերաբերում էր Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում կայացած մեծ հավաքին, որտեղ բեմի վրա խոշոր տառերով երեւում էր «Արցախը Հայաստան է եւ վերջ» կարգախոսը:

Իրանը մշտապես ղարաբաղյան կարգավորման հարցով վարել եւ վարում է զուսպ եւ հավասարակշռված քաղաքականություն: Հայտնի է, որ դեռ ղարաբաղյան պատերազմի օրերին պաշտոնական Թեհրանը նույնիսկ ստանձնել էր միջնորդական դեր: Այժմ, որպես տարածաշրջանային խոշոր եւ ազդեցիկ պետություն, հարեւան Իրանը կրկին հղեց իր գլխավոր ուղերձը Հայաստանին ու Ադրբեջանին, այն է՝ ԼՂ խնդրի լուծումը բացառապես խաղաղ բանակցությունների միջով: Այս կերպ, պաշտոնական Թեհրանը կրկին հանդես եկավ տարածաշրջանում որպես զսպող եւ կայունության նպաստող պետություն:

Սկիզբը՝  այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  06.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031