ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանվանի անտառտնտեսության մասնաճյուղում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և կաշառք ստանալու վերաբերյալ. հարուցվել է նոր քրեական գործ. ձերբակալվել է 6 անձ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ պարզվել է, որ նույն անտառտնտեսության մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության տարբեր պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել են շուրջ 191 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառեր՝ պետությանը պատճառելով 11.877.000 ՀՀ դրամի վնաս:
Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղի պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու նոր դեպքերի մասին:
Իրականցվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք անձինք, խուզարկություններ են իրականացվել Ստեփանավան քաղաքի և դրան հարակից գյուղերում գտնվող հիշյալ ապօրինի ծառահատումներն իրականացրած կամ դրանց հետ առնչություն ունեցող բազմաթիվ անձանց բնակարաններում:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով և որոշում կայացվել՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործին միացնելու վերաբերյալ:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում 6 անձ ձերբակալվել է, ովքեր ցուցմունք են տվել դեպքի շուրջ:
Ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառված վնասի մի մասը վերականգնվել է:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական միջոցառումներ՝ բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր այլ հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին