ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց համայնքների խոշորացման խնդիրը եւ մատնանշեց որոշ համայնքների դժգոհությունները՝ ակնկալելով լսել գործադիրի դիրքորոշումը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ համայնքների խոշորացմանը դրական են վերաբերվում, քանի որ որոշ համայնքներում այն արդյունքներ է տվել: «Իրականում խոշորացման գործընթացը նախկինում հաճախ տեղի է ունեցել՝ ելնելով մեկ քաղաքական ուժի նպատակահարմարությունից, այսինքն՝ արհեստական բնույթ է կրել: Միեւնույն ժամանակ, համայնքների ներուժի տեսանկյունից կարեւոր է տնտեսական ճիշտ կառավարումը»,-նշեց Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով. «Քիչ չեն դեպքերը, երբ խոշորացված համայնքի կենտրոնը օգտագործում է ներուժը՝ միայն այդ համայնքի զարգացման համար: Այստեղ հանրային վերահսկողություն եւ ավագանու ճիշտ աշխատանք է պետք: Աշնանը կարող է լինել խոշորացման հաջորդ փուլը: Եթե համայնքների հանրությունը տա համաձայնություն, դրա հիմքում պետք է դրվեն հանրային քննարկման եւ հանրաքվեի ինստիտուտները, ինչից կխուսափենք, որովհետեւ պետք է ունենանք պակաս թվով համայնքներ, որոնք տնտեսապես ունակ կլինեն խնդիրներ լուծել՝ կառավարության աջակցությամբ»:
Պատգամավորն արձագանքեց, որ շատ համայնքներ պատրաստ չեն միավորվել, լուրջ ուսումնասիրություններ պետք է իրականացվեն: Սուրեն Պապիկյանը պնդեց մոտեցումը. «Մեզ պետք են տնտեսապես կայուն եւ ունակ համայնքներ, փոքր համայնքները չեն կարողանում խնդիրներ լուծել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ