ՀՀ կառավարությունը մտադիր է հատկապես սահմանամերձ համայնքներում դպրոցները կրթամշակութային կենտրոնների վերածել: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Մեկ հարկի տակ կլինեն դպրոցներ եւ նախակրթարաններ՝ ըստ համայնքի կարողությունների: Այն համայնքներում, որտեղ առաջիկայում կլինեն դպրոցների նորոգումներ, մեկ հարկի տակ կլինեն դպրոցը, մանկապարտեզը, մշակույթի կենտրոնը, որը ծառայություններ կմատուցի նաեւ մեծահասակներին: Սա կլուծի ուսուցիչների զբաղվածության խնդիրը: Կրթական մակարդակը բավականին ընկել է, եւ այս կենտրոնները խթանելու են համայնքային կյանքը: Դպրոցը պետք է վերածվի համայնքային կառույցի: ԱԺ-ին կառաջարկեմ այս թեմայով լսումներ կազմակերպել»:
Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ քննարկում են նաեւ լուծումներ, թե ինչպես պետք է համայնքային դպրոցներում առանձին դասարաններ կազմվեն, որովհետեւ աշակերտների թվի պակասի պատճառով դասարանները միավորվում են. «Առաջարկում ենք, որպեսզի մեկ գյուղի, օրինակ, 5-րդ դասարանի աշակերտները համալրեն հարեւան գյուղի դպրոցի 5-րդ դասարանը: Հարցը կքննարկենք նաեւ համայնքների հետ, որպեսզի տրանսպորտի խնդիրը լուծենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ