ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ընդգծեց, որ Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության շրջանակում նախատեսվում են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ 1500 աշխատատեղի հիմնում եւ ներդրումներ. «Որեւէ կառույցից չկարողացա տեղեկանալ, թե հիմա ինչով է զբաղված այդ տնտեսական գոտին եւ ինչ արդյունք ունենք»: Բագրատյանն այնուհետեւ առաջարկեց Գյումրիում եւս հիմնել ազատ տնտեսական գոտի:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն արձագանքեց պատգամավորին. «Մեղրիի ազատ տնտեսական գոտու համար նախատեսված եւ ի սկզբանե կառուցապատված շենքը 18 000 ք.մ. տարածքում է գտնվում: Նախատեսվում են ընդլայնումներ, որպեսզի շահառուները գործեն, սակայն հողամասերը մասնավոր անձանց են պատկանում: Երկար քննարկել ենք, թե ինչպես կարող ենք այդ տարածքները ներգրավվել գոտու աշխատանքներում: Ցավոք, առարկայական արդյունքի հասնել հնարավոր չի եղել»:
Ըստ նախարարի՝ անհրաժեշտություն է առաջացել օրենքով այնպես անել, որ Մեղրի տնտեսական գոտու աշխատանքները շարունակվեն նշյալ հողատարածքները հանրային գերակա շահ ճանաչելու միջոցով. «Ստիպված ենք գնալ այդ ճանապարհով եւ կզեկուցենք ընթացքի մասին: Իրավական ընթացակարգերը ժամանակ են պահանջում»: Ինչ վերաբերում է Գյումրիում ազատ առեւտրի գոտի հիմնելուն, Տիգրան Խաչատրյանը հայտնեց. «Անցյալում քննարկում եղել է: Մեկ կազմակերպություն նախատեսում էր Գյումրիի օդանավակայանի հարեւանությամբ լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագիր իրականացնել, բայց հարցը քննարկումից այն կողմ չի անցել: Ներդրումային ծրագրի առաջարկ է պետք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ