Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական հեղափոխություն ասելով՝ առաջին հերթին հասկանում եմ արդյունաբերական քաղաքականության հստակեցում. Վազգեն Սաֆարյան

Մարտ 06,2019 20:11

«Առաջինը տնտեսական քաղաքականության վերանայումն է, պետք է վերանայվի այս 30 տարում վարած ազատ շուկայական տնտեսական քաղաքականությունը և նրա հետևանքները»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե որո՞նք են քայլերը, որոնք  տանելու են դեպի տնտեսական հեղափոխություն, ասաց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը: Վերջինիս խոսքով՝ որպես երկրորդ քայլ՝ պետք է գնահատել, թե սեփականաշնորհումը ինչպիսի արդյունք է տվել: Բանախոսի կարծիքը՝  դա դրական արդյունք չի տվել, այսինքն՝ սեփականաշնորհված ձեռնարկությունները լիարժեք չեն աշխատում:

«Հայաստանի արդյունաբերությունը աշխատում է իր նախկին ծավալների 5-7 տոկոսի սահմաններում, իսկ ձեռնարկություններ կան, որ ընդհանրապես չեն աշխատում: Սեփականաշնորհման գործառույթները պետք է գնահատականի արժանանան, պետք է վերանայումներ լինեն: Վերցնենք Քարակերտի քարաձուլարանը, մարդիկ առել են, չեն աշխատեցնում, երբ Հայաստանը քարի, պերլիտի երկիր է: Պետք է վերանայել սեփականաշնոհման գործընթացը»,-ասաց պարոն Սաֆարյանը:

Վերջինս հարկ է համարում նաև վերանայել արդյունաբերության նախարարությունը վերացնելու հարցի նպատակահարմարությունը: Վազգեն Սաֆարյանի գնահատմամբ՝ եթե  ուզում ես լինել հզոր երկիր, ապա այն չի կարող արդյունաբերություն չունենալ՝ առավել ևս թշնամիներով շրջապատված երկիրը. «Երբ դու բոլոր կողմերից վտանգներով պաշարված ես, պետք է ունենաս քո մեքենաշինությունն ու սարքաշինությունը, քո մետաղի հաստոցների արտադրությունը: Մենք  պետք է կարողանանք օգտագործել մեր ռեսուրսները: Պետք է վերանայենք արդյունաբերական կոոպերացիայի խնդիրը, որ իրար հետ  փոխկապակցենք մեր արդյունաբերական ձեռնարկությունները»:

Վազգեն Սաֆարյանը ընդգծեց, որ տնտեսական հեղափոխություն ասելով՝ առաջին հերթին հասկանում է արդյունաբերական քաղաքականության հստակեցում՝ արդյունաբերության նախարարության ստեղծում:

«Գումարներ որտեղի՞ց կարող ենք հայթայթել արդյունաբերության զարգացման համար: Հազար անգամ ասել եմ, մի անգամ էլ ասեմ. այդ նախարարությունը պետք է լինի արդյունաբերության և արտաքին առևտրի: Պետությունը, մեծածախ արտաքին առևտրին մասնակցելով, կունենա առևտրային կապիտալ: Մենք վերջին 18 տարվա  կտրվածքով՝ վերջին տարին էլ հետը վերցնենք, 52 մլրդ դոլարի ուրիշի ապրանք ենք առել, իսկ Հայաստանից արտահանել ենք 20 մլրդ դոլարի ապրանք: 32 մլրդի դոլարի բացասական հաշվեկշիռ ունենք: Եթե պետությունը 50 մլրդ դոլարի ապրանքի 10 տոկոսը՝ 5 մլրդ դոլարի ապրանքը ինքը բերեր, կլիներ ցորեն, բենզին և այլն, մենք կարող էինք 17-18 տարիների ընթացքում առնվազն 200-250 մլն դոլարի առևտրային կապիտալ ունենալ, որը կդնեինք մեր արդյունաբերության  արդիականացման  մեջ, բայց չենք արել: Այդ ժամանակը համարում եմ կորցրած հնարավորությունների տարիներ»,- հավելեց պարոն Սաֆարյանը:

«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահը նկատեց նաև, որ տնտեսական անվտանգության, տնտեսական արդյունավետության և չիրացված գործարանների իրացումը բարձրացնելով՝ մենք կարող ենք լուծել շատ կարևոր հարց, որը կոչվում է  աշխատատեղերի ապահովում:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031