ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանն այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեց զինվորական պարտականությունները կատարելիս վիրավորում ստացած անձանց հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրը՝ ասելով, որ բժշկասոցիալական հանձնաժողովները, երբեմն, հաշմանդամության կարգը տրամադրում են սուբյեկտիվ սկզբունքով: Պատգամավորը նշեց, որ իրեն դիմել է Արմավիրի մարզի բնակիչ Ա.Գ.-ն՝ հայտնելով, որ միջադեպի հետեւանքով տուժել է. «Մարտական հերթափոխի ժամանակ մեքենան շուռ է եկել, նա ստացել է գլխուղեղի վնասվածք եւ սալջարդ: Նրան զինհաշմանդամության կարգ է տրամադրվել 2017թ.-ին՝ առանց փորձաքննության, մինչդեռ նա նույն խնդիրն ունեցել է նաեւ չորս տարի առաջ, երբ պատահել է դեպքը: Հնարավո՞ր է՝ նա դիմի նոր փորձաքննության եւ ստանա փոխհատուցում այդ տարիների համար»:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի անկախ հանձնաժողով է ստեղծվել նախարարության կազմում. «Սա մեզ թույլ է տալիս վերահսկել եւ եւս մեկ անգամ քննել բժշկասոցիալական հանձնաժողովի որոշումները: Քաղաքացիները կարող են դիմել այդ կառույցին, ընդլայնված նիստում կարելի է իրականացնել այդ փորձաքննությունը»:
Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, նախարարը հայտնեց, որ ըստ օրենքի՝ այն կարող է տրամադրվել երեք ամիս ժամանակահատվածի դեպքում միայն, իսկ ավելի երկար ժամանակահատվածի համար փոխհատուցում չի տրամադրվում. «Առհասարակ, հաշմանդամության գնահատման համակարգը պետք է փոխվի, մենք արդեն նոր մոդել ենք մշակել, որը նախատեսում ենք այս տարի ներդնել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ