«Լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունն այսօր կամաց-կամաց ԶԼՄ-ից վերածվում է քարոզչամիջոցի: Այն քաղաքական ուժերը, որոնք հիմնական խաղացողներն են քաղաքական դաշտում, դարձրել են իրենց ենթակա ԶԼՄ-ներին քաղաքական համակարգի մի մաս»,- «Հոդված 3» ակումբում «Կեղծ լուրերից մինչև ատելության խոսք. անվերահսկելի մեդիատարա՞ծք, թե՞ վերահսկվող քարոզչություն» թեմայով քննարկմանը հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նա նշեց, որ այս իրավիճակում օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն կա, ինչի վրա էլ աշխատում են տարբեր մասնագիտական խմբեր. «Այս հարցին պետք է շատ զգույշ մոտենալ։ Անհրաժեշտ է առավելագույնս ուսումնասիրել միջազգային փորձը, կիրառել աշխարհի լավագույն փորձը՝ զերծ մնալով սխալներից»:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը փաստեց՝ կեղծ լուրերը հաճախ տարբեր դրսևորումներ են ունենում. «Դրանք, երբեմն, զուգորդվում են փաստերի հետ, փաստեր են, որոնք մեկնաբանվում են ակնհայտ կեղծ կերպով: Դրսևորումները բավականին տարբեր են և ոչ բոլոր դրսևորումներն են ենթակա փաստերի ստուգման: Դրա համար քեզ պետք են փաստեր, որ ապացուցես, որ հրապարակումը կեղծ է»:
Խոսելով պատճառների մասին՝ Դանիել Իոաննիսյանն ասաց. «Նախկինում մեդիադաշտն ավելի մոնոպոլ և օկուպացված էր։ Օրինակ՝ հեռուստաընկերությունների ազատության աստիճանը մինչև հեղափոխությունը շատ ավելի ցածր էր, քան այժմ, կային որոշ հարցեր, որոնք հեռուստաընկերությունները չէին կարող լուսաբանել, ուստի մոնոպոլիզացված մեդիադաշտի պայմաններում ֆեյսբուքում կեղծ էջեր պահելու կամ կեղծ լուրեր տարածելու անհրաժեշտությունը չկար։ Հեղափոխությունից հետո, սակայն, երբ մեդիադաշտը հայտնվեց ավելի ազատ վիճակում, հեռուստաընկերությունները ստացան իշխանություններին գովաբանելու կամ քննադատելու հնարավորություն, և այն քաղաքական խմբերը, որոնք ունեն ֆինանսական հնարավորություններ, սկսեցին տարածել կեղծ լուրեր և իրենց խնդիրները լուծել նման ռեսուրսների ծախսմամբ և այդ ճանապարհով»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռաֆայել Իշխանյանը նշեց. «Քաղաքական փոփոխություններից հետո անհրաժեշտություն կար նոր գնահատում կատարել: Ատելության խոսքի՝ ՀՀ-ում որևէ օրինական ձևակերպում չկա: Որպես իրավախախտում դրա ձևակերպումը չկա»:
Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Քաղաքական ուժերի մի մասը, որոնք ցանկանում են վերադառնալ մինչ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տիրող իրավիճակը, պարտվել են ընտրական դաշտում և այժմ լրատվամիջոցներին ընտրելով որպես հիմնական հարթակ, ցանկանում են իրականացնել իրենց քաղաքական նպատակները։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ