Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ունեմ՝ Պուտինը պաշտոնական այցով կժամանի Երևան. Փաշինյան

Մարտ 06,2019 19:44

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանակի Հայաստան, իսկ ինքը՝ Մոսկվա: Այս մասին Փաշինյանն ասել է Բրյուսելում ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում:

«Այս տարի մենք մի քանի անգամ կհանդիպենք, օրինակ` Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում: Բացի այդ, հույս ունեմ՝ այս տարի տեղի կունենա Վլադիմիր Վլադիմիրովիչի պաշտոնական այցը Երևան, և իմը՝ Մոսկվա»,- ասել է նա:

Փաշինյանի խոսքով՝ կողմերն այս պահին քննարկում են այցի օրը: «Ոչ, (հստակ ամսաթիվ առայժմ չկա-խմբ.), մենք այժմ քննարկում ենք հստակ օրը: Վերջին քննարկումները եղել են մեկ շաբաթ առաջ. ես հեռախոսով զրուցել եմ Ռուսաստանի նախագահի հետ, զրույցի ընթացքում մենք քննարկել ենք այդ հարցը: Եվ մեր աշխատակազմերը հիմա դա քննարկում են»,- պարզաբանել է նա:

Բացի այդ, Փաշինյանը նախատեսում է մոտ ապագայում հանդիպել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: «Եվ հանդիպումներ նախատեսվում են ոչ միայն Ռուսաստանի նախագահի, այլև վարչապետ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի հետ»,- ասել է նա:

Փաշինյանը հիշեցրել է, որ ապրիլի 29-ին Երևանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը, որին, ինչպես նախատեսվում է, ներկա կլինեն ԵԱՏՄ բոլոր երկրների վարչապետները, այդ թվում Մեդվեդևը:

Անդրադառնալով ԵՄ իր այցին՝ Փաշինյանն ընդգծել է, որ Երևանի և Բրյուսելի համագործակցությունը միանգամայն թափանցիկ է Ռուսաստանի համար: «Ես ցանկանում եմ ընդգծել մի կարևոր բան. մենք այս գործընթացում բացարձակ թափանցիկ ենք մեր ռուս գործընկերների հետ,- ասել է նա:- Եվ, որ շատ կարևոր է, Եվրամիությունն այդ գործընթացում չի դնում որևէ աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական հարց»,- ասել է Հայաստանի վարչապետը՝ հավելելով, որ այդ համագործակցությունը վերաբերում է միայն Հայաստանի ներքին ժողովրդավարական բարեփոխումներին:

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանը հայտարարել է, որ Մոսկվայի հետ Հայաստանի տնտեսական համագործակցության հետագա զարգացման առաջնահերթ ուղղություն է ԵԱՏՄ-ն: «Փաստն այն է, որ ԵԱՏՄ շրջանակում մեր գլխավոր տնտեսական գործընկերը Ռուսաստանն է: Իհարկե, մի կողմից դա լավ է, մյուս կողմից ստիպում է մտածել, որ մենք պետք է շարունակենք զարգացնել այդ հարաբերությունները: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի փոխադարձ ապրանքաշրջանառությունը լավ մակարդակի վրա լինի նաև ԵԱՏՄ մյուս երկրների հետ, քանի որ դա կնշանակի տվյալ միության կարևոր և բնական զարգացում, և մենք կանենք ամեն բան, որպեսզի դա տեղի ունենա»,- ասել է նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031