Ինչպես տեղեկացրել ենք, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու ծրագիրը գրեթե տապալված է․ նախկին իշխանությունների օրոք մեծ պաշտոններ զբաղեցրած անձինք, նաև արտերկրում ապրող մեծահարուստներ, որոնք պատմական շինություններ էին ձեռք բերել Գյումրու ամենագեղեցիկ փողոցում՝ Ռուսթավելիում՝ հյուրատներ ու ռեստորաններ հիմնելու համար, իշխանափոխությունից հետո համատարած հրաժարվել են ներդրումներից։
Aravot.am-ը Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ լուծում են պատրաստվում տալ այս հարցին, հնարավո՞ր է հանդիպել ու բանակցել սեփականության իրավունքով պատմական շենքեր գնած մեծահարուստների հետ ու նրանց համոզել շարունակելու ներդրումը․ վերջիվերջո այն առաջին հերթին եկամուտ է ապահովելու հենց իրենց։ Նշենք, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, իր խոստմանը հավատարիմ մնալով, որ եթե անգամ վարչապետ չլինի, կշարունակի իր ներդրումը Գյումրիում, արդեն ավարտին է հասցնում իր ռեստորանի շինարարությունը, որը կարծես դառնում է պատմական քաղաքի ամենաշքեղ սպասարկման օբյեկտը։
«Եթե մենք խոսում ենք տուրիզմի մասին՝ որպես բիզնես կոմպոնենտի, ամեն ինչ պետք է անենք՝ տուրիստական աշխուժությունը պետք է այնքան լինի, որ այդ մարդիկ, որոնք ժամանակին որևէ տարածք են ձեռք բերել կամ որևէ տեսակ մոտեցում են ֆիքսել այդ տարածքի հետ կապված, տեսնեն, որ դա արդյունավետ է, աշխատող է, ամենակարևորը շահութաբեր է։ Դա պետք է լինի հիմնական ազդակը, հիմա, եթե մեկը գույք է գնում թեկուզ ամենալավ տեղում ու որոշում է, որ ինքը տնօրինում է այս ձև, ըստ էության, եթե այդ գույքը շատ հանրային նշանակության գույք չէ, իր խնդիրն է, թե ոնց է տնօրինում իր գույքը։ Բայց եթե մենք այսօր ունենք մտադրություններ ռեալ տուրիստական հոսքեր ապահովելու, վստահաբար այդ գույքի շուկայական արժեքը, այդ գույքի հնարավոր շահույթ գեներացնելու գործոնը իրենց տերերին սկսած մի փուլից որոշակի հնարավորություն կտա վերանայել այն մոտեցումը, որը իրենց մոտ կա։
Անկեղծ պիտի ֆիսքենք, որ այսօր մարդիկ սպասողական ռեժիմում եմ, տեսնեն, եթե գործընթացները կգնան այն ճանապարհով, որը բոլորին շահեկան կլինի, իրենք շատ արագ կմիանան։Այսինքն՝ մենք պիտի այդ ձնագնդիի էֆեկտը ստանանք, 1-2-3 պտույտ հետո, երբ որ գործընթացը ցույց կտա՝ իրապես այդ պոտենցիալը կա, այդ պոտենցիալ ռեալիզացվելու մոտակա հույսեր ու պլաններ կան, վստահ եմ, որ իրենք էլ կմիանան՝ անկախ այն գործոնից, թե ժամանակին ով ինչ հանգամանքից ելնելով է որևէ տարածքում որևէ ներդրում արել»,-ասաց մարզպետը
Մեր դիտարկմանը, թե ավելորդ կլինի՞ նրանց համոզելը, Տիգրան Պետրոսյանը շարունակեց․
«Համոզելով չի լինի, գումարները, ներդրումները սիրում են հանգստություն, ձեռներեցները կտեսնեն՝ իրավիճակը նպաստող է, շահույթ գեներացնող է, այդ գումարները վստահաբար կգան։ Այս տեսանկյունից ընդամենը պետք է ցույց տալ, որ մենք իրապես ունենք նպաստող պայմաններ, այլ ոչ թե խոսում ենք նպաստող պայմաններից։ Որ պահից զգացվեց, որ այդ ներդրումների համար ամբողջ պետական համակարգը, բոլոր պետական մարմինները նպատակասլաց աշխատում են, որևէ բյուրոկրատական խոչընդոտ չկան, եթե լինեն էլ, շատ լուրջ խոչընդոտներ չեն, մի հատ էլ այդ խոչընդոտների հաղթահարման ուղղությամբ մարդիկ աշխատում են, որովհետև այսօր այդ խնդիրներն, ըստ էության, մենակ գործադիրի վրա դրված չեն, չէ՞։ Նաև օրենսդիրն է աշխատելու իրավական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ, որոնք որոշակի առումով սահմանափակումներ են բերում ձեռներեցներին, մարդկանց, որոնք որոշակի պլաններ ունեն մեր տարածքների, մարզերի, պետության զարգացման հետ կապված։ Գործադիր ու օրենսդիր իշխանությունները միասին պետք է այդ ֆոնն ապահովեն։
Մենք այսօր, իմ կարծիքով, հենց այդ դրական ֆոնի ապահովման խնդիրը ունենք, սպասումների ֆոնի, իսկ որ նույն Գյումրիում հոսթելաշինության, հյուրանոցային համալիրների կամ ընդհանրապես սպասարկման ոլորտի հետ կապված ակնհայտ տեղաշարժեր են երևում, որովհետև մարդիկ հստակ տեսան, որ անցած տարվա ամառը կամ տուրիստական շրջանը Շիրակի մարզի ու Գյումրու համար աննախադեպ էր իր ծավալներով։ Ուրիշ հարց է, որ կարող է շատ մեծ չէր թվային առումով կամ քաղաքի տնտեսական վիճակի փոփոխության առումով, շատ գլոբալ փոփոխություններ չբերեց, բայց առաջին ազդակն էր, օրինակ՝ տեղի բիզնեսը շատ հստակ ընկալեց։ Զգում եմ, որ տարբեր տեղերում մարդիկ նախապատրաստվում են մի քանի ամիս հետո բացվող տուրիստական հոսքին։
Մենք, իմիջիայլոց, այդ թեմայով հիմա աշխատում ենք սպասարկման ոլորտում տարբեր մոտեցումներ ունեցող, շատ վառ անհատականությունների հետ, քննարկում ենք նաև այն հնարավոր գործողությունները, որոնք հետագայում նպաստելու են մարդկանց ու տուրիստական ոլորտի ակտիվացմանը, որովհետև տուրիզմն, ըստ էության, քո ունեցածը կիսելու մասին է։ Մենք պիտի ունենանք այդ բանը, որը կիսենք, մենք պիտի աշխատենք ունենալ շատ կիսելու բաներ, որպեսզի շատ կիսենք և վերջնարդյունքում շատ ավելին ստանանք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ