«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետեւյալ խնդրի մասին բարձրաձայնեց. «ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվեց քսան տարվա ազատազրկման եւ պատիժը կրում է խիստ ռեժիմի պայմաններում: Նա կործանման է դատապարտված: Ո՞րն է խնդրի լուծման ճանապարհը՝ ՀՀ քաղաքացուն հայրենիք վերադարձնելու համար»:
Արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը. «Բոլորի համար ընդգծեմ, որ Կարեն Ղազարյանը ոչ թե գերեվարված է, այլ ձերբակալված: Սա էական տարբերություն է: Նրա ներկայացուցիչները ՄԻԵԴ-ին գանգատ են ներկայացրել եւ պահանջել հրատապ միջոց կիրառել: Հիմա քննվում է այդ գանգատը, ՀՀ-ն կծանուցվի եւ կներգրավվի որպես կողմ»:
Արտակ Զեյնալյանը վստահեցրեց, որ ՀՀ-ն գործադրում է հումանիտար եւ դիվանագիտական միջոցներ, որպեսզի երաշխավորվի Կարեն Ղազարյանի կյանքի իրավունքը. «Ամեն ինչ արվում է, որպեսզի նրան վերադարձնենք: Մեզ առաջարկել են նրան փոխանակել, բայց ՀՀ-ում չկան նույն կարգավիճակում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներ»:
Արտակ Զեյնալյանը նաեւ նշեց, որ Կարեն Ղազարյանն ապօրինաբար է գտնվում անազատության մեջ. «Այն, ինչ նրան վերագրվում է, իրականությանը չի համապատասխանում»: Հավելենք, որ Ադրբեջանը պարբերաբար մատնանշել է Քարվաճառի դիվերսանտների հարցը, սակայն նրանք դատապարտված են մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների համար, իսկ Կարեն Ղազարյանը ռազմագերի չէ: Հոգեկան առողջության խնդիրների պատճառով նա չի ծառայել բանակում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ