«Միջին վիճակագրականից դուրս՝ կեղծ նորությունների տարածման մի քանի հիմնական աղբյուր ունենք: Ամենախնդրահարույցը ընդհանուր ներքին քաղաքական լարվածությունն է, որը առաջացնում է նաև ներքին տեղեկատվական հակամարտություն, որի մեջ արդեն ոչ միայն ներգրավվել են կեղծ օգտատերերի բանակները, այլ նաև լրատվամիջոցների մի մասը: Ցավոք սրտի, լրագրողներն ու խմբագիրները ներգրավվել են ներքաղաքական պայքարի մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով կեղծ /ֆեյք/ լուրերի տարածման մասին՝ ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Վերջինիս խոսքով՝ մյուս աղբյուրը տնտեսական բնույթի է: Ըստ մեդիափորձագետի՝ համացանցում գումար աշխատելու լավ ձև է, երբ դու ունես կայք, վրան կարող ես տեղադրել գովազդ և շատ արագ այցելությունների դեպքում դու գումար ես վաստակում:
«Ներքաղաքական ակտիվությունը և մարդկանց հետաքրքրությունը լուրերի հանդեպ բերել է նրան, որ շուկայում ակտիվացել են մարդիկ, որոնք կեղծ լրատվական կայքեր են ստեղծում զուտ փող աշխատելու համար: Վերջին լուրջ ալիքը կեղծ գովազդային կայքերի, կամ ինչպես նրանց անվանում են՝ սունկ կայքերի, եղավ ապրիլյանի ժամանակ: Ցավոք սրտի, ինչ-որ մարդիկ պատերազմական գործողությունների ժամանակ փորձում էին օգտագործել իրավիճակը և գումար վաստակել: Հիմա մոտավորապես նույն բանն է, ուղղակի սաստկացած է, քանի որ արդեն խոսքը ռեալ 100-ավոր սունկ կայքերի մասին է»,- նշեց բանախոսը:
Նա ընդգծեց նաև, որ Ֆեյսբուքը ևս պայքարում է կեղծ նորությունների դեմ, բայց իհարկե հայալեզվի դեպքում դա այդքան լավ չի արվում: Անգլալեզու կեղծ նորությունների դեպքում Ֆեյսբուքը համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են փաստերի ստուգմամբ, սակայն, բանախոսի խոսքով, նույնիսկ հայալեզու բովանդակության դեպքում Ֆեյսբուքն ունի ինչ-որ մեխանիզմներ, որով հասկանում է, որ այդ կայքը սունկ կայքերից է, դրանք էլ հաճախ դրա համար երկար կյանք չեն ունենում:
Որպես կեղծ նորությունների 3-րդ հիմնական մեծ աղբյուր՝ Սամվել Մարտիրոսյանն առանձնացրեց արտաքինը. «Օրինակ` Ադրբեջանը հայտնի է Հայաստանի վրա ապատեղեկատվություն տարածելու հարցում: Այս պահին իրենց ակտիվությունը այդքան մեծ չէ: Կարծում եմ, իրենք նույնիսկ չեն էլ հասկանում՝ ինչպես խցկվեն մեր ներքաղաքական դաշտ, որովհետև թեմաները այնքան արագ են փոխվում, որ նույնիսկ Հայաստանում ապրողի համար է դժվար մոնիթորինգ անել և հասկանալ, թե այդ պահին ինչն է ակտուալ: Մինչև հասկանում ես, ինչ-որ նոր թեմա է առաջանում: Քանի որ ընդհանուր հանրային հետաքրքրությունը շատ մեծ է տեղեկատվության հանդեպ, այս ամեն ինչը իրար հետ ռեզոնանսի են գալիս: Ընդհանուր տեղեկատվական դաշտը ահավոր պղտոր է այսօրվա դրությամբ»:
Որպես այս խնդրի լուծում ՝ պարոն Մարտիրոսյանի կարծիքով, պետք է առաջինը անհայտ կայքերը չհամարել վստահելի աղբյուր և երկրորդը՝ մարդիկ պետք է շատ խտրական լինեն մամուլի ընկալման հարցում:
«Եթե մենք ինքներս լինենք շատ ավելի բծախնդիր, պահանջկոտ և դադարենք սպառել այն կայքերը, որոնք ապատեղեկատվություն տարածող են, կարծում եմ ինքնըստինքյան շուկան կսկսի մաքրվել: Մարդը պետք է ավելի գիտակից սպառող լինի, նրա համար պիտի կարևոր լինի ոչ միայն տեղեկատվությունը, այլ նաև դրա աղբյուրը»,- հավելեց մեդիափորձագետը:
Այն դիտարկմանը, թե կարելի՞ է արդյոք ոլորտը կարգավորել օրենսդրական փոփոխություններով, պարոն Մարտիրոսյանն արձագանքեց, որ իր կարծիքով՝ մենք պիտի ավելի շատ գնանք ինքնակարգավորման, հանրությանը կրթելու ուղղությամբ, քան իրավական. «Օրենսդրական լծակները այսպես թե այնպես չեն աշխատելու, եթե դու համացանցի հետ գործ ունես, որովհետև շատ դեպքերում չես կարող մինչև վերջ կծիկը բացել և հասկանալ՝ ով է այս կայքի հետևում կանգնած: Բայց եթե դու մտցնում ես արգելափակող լծակներ, ստեղծում ես հնարավորություն, որը իսկապես խոսքի ազատության դեմ կարող է կիրառվել»:
Պարոն Մարտիրոսյանը կարևորեց նաև կառավարության տեղեկատվական աշխատանքը. «Իմ կարծիքով, կեղծ նորությունների մի մասը դաշտ ներթափանցում են այն պատճառով, որ կառավարության ինչ-որ ոլորտներում տեղեկատվական վակուում կա: Առաջինը պետք է կառավարությունը ունենա ընդհանուր տեղեկատվական հայեցակարգ: Պետք է նաև խոսնակները ավելի պրոակտիվ լինեն: Այսօր խոսնակների աշխատանքը շատ տարբեր է: Կա խոսնակ՝ շաբաթը մեկ բրիֆինգ է անում, կա խոսնակ, որը աշխատեցնում է իր նախարարին, նախարարն է իր տեղը խոսնակությամբ զբաղվում, մենք նույնիսկ չգիտենք՝ ով է խոսնակը, և կա նախարար ու խոսնակ, որոնց մասին ոչ ոք չգիտի: Բնականաբար, կառավարության աշխատանքի ինչ-որ ուղղություններով այսպիսի անհավասարակշռությունը ներքաշում է կեղծ տեղեկությունները»:
Հարցին, թե կեղծ նորությունների դեմ պայքարի ինչ-որ փորձ կա, որը կարող ենք կիրառել Հայաստանում, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ ոչ ոք դրական փորձ չունի այս առումով, և կարելի է ասել, որ կեղծ նորությունների դեմ պայքարը տապալված է:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ