Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Հարությունյանը՝ «Պալաչը» Գագիկ Ծառուկյանին կոչ է անում սուր անկյունները կլորացնել, ու իրար հանդեպ հանդուրժողականություն սերմանել

Մարտ 06,2019 17:25

Բելգիայից Հայաստան վերադարձած Արթուր Հարությունյանը, որը «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատերն է եւ հասարակության շրջանում հայտնի է «Պալաչ» մականվամբ, այսօր «Նոյյան տապան» մամուլի սրահում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին կոչ արեց սուր անկյունները կլորացնել, ու հասարակության մեջ համերաշխություն, խաղաղություն ու իրար հանդեպ հանդուրժողականություն սերմանել:

Արթուր Հարությունյանը սակայն, ասուլիսի սկզբում ասաց, որ պատրաստ է պարզաբանել եւ պատասխանել իր հասցեին այդ օրերին հնչած բոլոր մեղադրանքներին: Հիշեցնենք, որ խոսքը Արթուր Հարությունյանի եւ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի միջեւ եղած «հակամարտության» մասին է, ինչի պատճառով, ըստ Արթուր Հարությունյանի, ինքը չի կարողացել վճարել բանկից վարկով վերցրած գումարները, տոկոսները եւ սնանկացել է:

Արթուր Հարությունյանը քանի տարի պարբերաբար դժգոհում էր, որ Գագիկ Ծառուկյանի բարեգործական ավտոբուսների պատճառով իր երթուղին վնասներ է կրում: Նրա ներկայացմամբ, վարկեր էր վերցրել, ավտոբուսներ ներկրել, սակայն բարեգործական ավտոբուսների պատճառով, այսպես ասած, «տակ է տալիս»:

Արթուր Հարությունյանի խոսքով, անվճար ավտոբուսները երթուղի մտցնելուց հետո չի կարողացել բանկային պարտավորությունները կատարել, Չինաստանի կազմակերպությանը, որտեղից ներկրել էր ավտոբուսները, պարտքը վերադարձնել. «Չմուծված գումարների վրա արագ տոկոսներ, տուժ-տուգանք էր գալիս: Իմ վարկերը դարձան 5 միլիոն 200 հազար դոլար: Այդ տրանսպորտով անհնար էր այդ գումարները վճարել, անգամ եթե այդ անվճարները չաշխատեին` արդեն իսկ անհնար էր»,-պարզաբանեց Արթուր Հարությունյանը:

Հարցին, թե Բելգիայից վերադառնալուց հետո ի՞նչ փուլում են հարուցված գործերը, որոնք առնչվում են Գագիկ Ծառուկյանին եւ նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Արթուր Հարությունյանը պատասխանեց, որ գործերը քննվում են իրավապահ համակարգում եւ որոշողը ինքը չէ: Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանին, Արթուր Հարությունյանը հստակեցրեց, որ նախկին ոստիկանապետի հետ կապված թյուրիմացություն է եղել եւ որ նա կապ չունի ընտրական գործընթացների հետ. «Իմ կարծիքով այդ հարցը դուրս է եկել մեջտեղից»:

«Քինգ դե լյուքսի» նախկին սեփականատերը նաեւ մանրամասներ պատմեց, ինչպես է «Աբովյան» հեռուսատընկերությունը, որը պատկանել է իրեն, նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով նվիրել Գագիկ Ծառուկյանին. «Բնականաբար ես չէի կարող հակառակվել եւ այդպես էլ արեցի: Ծառուկյանը միշտ նախկին իշխանությունների հովանավորությամբ ինչ ուզել՝ ձեռք է բերել»:

Հարցին, թե ինչպես էր ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին սատարում, երբ հենց Արթուր Հարությունյանն էր հանրապետականների շտաբի պետը, նախկին գործարարը պատասխանեց, որ ինքը երբեւէ ՀՀԿ-ի շտաբի պետը չի եղել. «Հանրապետականներին շատ մարդ է սատարել»:

Նա նաեւ պարզաբանեց այն տեղեկությունները, թե միտումնավոր է ընկերությունը սնանկության տարել. «Հայտարարել են իբր ես կեղծ սնանկություն եմ տարել, պարտքերի՝ 4 միլիոն դոլար վճարումից խուսափելու համար: Նման բան չկա, դա անհեթեթություն է»։

Նա ասաց, որ ներկայումս Հայաստանում բիզնես չունի:

Հարցին՝ հեղափոխությունից հետո ցանկություն չունի՞ բիզնես ծավալելու, ասաց՝ « Ես միշտ էլ ցանկություն ունեցել եմ եւ ձգտում եմ Հայաստանում ինչ-որ մի գործունեություն անել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031