«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այսօր ԱԺ-ում կառավարության անդամներին ուղղված հարցերի շրջանակում հետեւյալ խնդիրը բարձրաձայնեց. «Ըստ իմ տեղեկությունների՝ ՀՀ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոն» հիմնադրամի՝ ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերը ստացել են ծանուցում, որ մարտի կեսից պետք է փակվեն: ՓՄՁ ԶԱԿ-ի գլխամասային գրասենյակը մնում է, մինչդեռ պետք է համակարգեր մասնաճյուղերը: Կառավարության ծրագրում շեշտվում էր, որ ՓՄՁ ոլորտը պետք է խրախուսվի, ուրեմն՝ ինչո՞ւ են փակվում մասնաճյուղերը, որոնց միջոցով ութ հազարից ավելի դեպքում աջակցություն է տրամադրվել մարզերի ՓՄՁ-ներին»:
Հարցին արձագանքեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա շեշտեց՝ օրենքի պահանջ է՝ երբ կառույցը օպտիմալացվում է, պետք է ծանուցվեն բոլորը. «Աշխատակիցները ստացել են ծանուցում, որ նշյալ ժամկետից հետո իրենց մի մասին աշխատանքի այլ առաջարկ արվի: Նրանք շարունակելու են ավելի արդյունավետ կերպով աշխատել, եւ դա չի նշանակում, թե նրանք դադարելու են աշխատել»:
Ըստ նախարարի՝ մտադիր են ներդնել ցուցանիշների նոր մակարդակ, որպեսզի մասնաճյուղերի աշխատակիցներն ունենան աշխատանքային արդյունավետ զբաղվածություն. «Տարածքային կառույցների աշխատանքը շարունակվելու է, բայց ավելի արդյունավետ կերպով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ