ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է մի խումբ գերմանացի գործարարների, որոնք Հայաստան են ժամանել Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության կողմից կազմակերպված այցի շրջանակներում։
Նախարար Խաչատրյանը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ նրանց այցը կլինի արդյունավետ՝ գտնելու համապատասխան հայաստանյան գործընկներին, հաստատելու գործարար կապեր։ Տիգրան Խաչատրյանը ներդրողներին է ներկայացրել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ գործադիրի ծրագրի առաջնահերթություններից են գործարար և ներդրումային միջավայրի այնպիսի բարեփոխումները, որոնք ամենաբարենպաստ պայմանները կստեղծեն օտարերկրյա ներդրումային ծրագրերի համար։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հյուրերի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի ներդրումային գրավչությունները, արտոնյալ պայմանները, ապա անդրադարձել տնտեսության այն ոլորտներին, որոնք զարգացման առավել մեծ չիրացված ներուժ են պարունակում։ Նախարարն ընդգծել է, որ Կառավարությունը ձեռնարկում է առկա կարգավորումների առավելագույն պարզեցում։
Ներդրողներին ուղեկցող Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել նախարարին և նշել․ «Սա վերջին տարիների գերմանական ամենամեծ գործարար պատվիրակությունն է Հայաստանում, ինչը հավաստում է մեր երկու երկրների միջև ծավալվող դինամիկ և աշխույժ հարաբերությունները, հատկապես՝ վերջին շրջանում»։
Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր ղեկավար Ուտե Կոխլովսկի-Քաջայան շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման և կարևոր տեղեկատվության համար և ներկայացրել միության գործունեության շրջանակը։
Պատվիրակության անդամները նախարարին պատմել են իրենց բիզնես գործունեության և Հայաստանում հետաքրքրությունների մասին տարբեր ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, վերականգնվող էներգետիկա, բժշկական սարքավորումներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, լոգիստիկա և այլն։
Նախարարը հաջողություն է մաղթել գործարարների խմբին՝ հավաստիացնելով, որ նախարարությունը պատրաստ է աջակցել իրենց բիզնես նախաձեռնություններում։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն