«Աշխարհում կան բազմաթիվ այլ պետություններ, որտեղ և մենք դեռ պետք է շրջագայենք: Մենք սկզբունքորեն աշխատում ենք նույն երկիր չվերադառնալ, որպեսզի հասցնենք դրանցից շատերում լինել: Սակայն այստեղ ամեն ինչ այնքան լավ էր, որ անշուշտ մտածելու ենք մեր ցուցակում ներառված երկրներից մեկը փոխել դարձյալ հյուրընկալ Հայաստանով»: Սևանի տեղեկատվական շարժական գրասենյակի առաջարկությունների, տպավորությունների գրանցամատյանում այսպիսի գրառումների թիվը հասնում է մի քանի հազարի:
«Խոստովանություն-գրառումները», ըստ տեղեկատվական շարժական գրասենյակի աշխատանքները համակարգող Դավիթ Թորոսյանի, դառնում են աշխատանքների կազմակերպման ուղենիշներ, որոնց շնորհիվ գրասենյակը տարեցտարի բարելավում է գործունեությունը:
«Bari galust» ցուցանակը կրող տեղեկատվական շարժական գրասենյակը թերակղզու հրապարակում գործում է արդեն 5 տարի` ամռան շրջանում սպասարկելով տեղեկատվության կարիք ունեցող բազմազգ այցելուներին:
Զբոսաշրջային հոսքերի մոտ լինելու և առավել համակարգված և արդյունավետ աշխատանք իրականացնելու համար 2015թ. թերակղզում կայանեց զբոսաշրջության տեղեկատվական շարժական գրասենյակը, որը Սևան էր բերվել Գրենոբլից` Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում:
Զբոսաշրջային գործի պատասխանատու Դավիթ Թորոսյանը ներկայացնում է գրասենյակի հիմնական գործառույթները` տուրիստների ընդունելություն, որը ներառում է տեղեկատվություն տրամադրելու, ուղղորդելու, տարածաշրջանը գովազդելու, ինչպես նաեւ տարածաշրջանի վերաբերյալ ինֆորմացիա հաղորդելու` ժամանցի կազմակերպման ձևեր, միջոցառումներ, տեսարժան վայրեր, գիշերակաց, սննդի կետեր եւ այլ բաղադրիչներ: Զուգահեռ իրականացնելու է հեռախոսային եւ էլեկտրոնային ընդունելություն, աշխատանք մասնագիտացված կառույցների հետ, միջոցառումների կազմակերպում, որը նպատակ ունի գրավելու միջազգային եւ տեղական զբոսաշրջիկներին: Այստեղ վաճառվում է տարածաշրջանային տնայնագործական պայմաններում արտադրված գյուղմթերք, ձեռքի աշխատանք, տարածաշրջանը ներկայացնող ապրանքատեսակներ:
Տարածաշրջանին և Հայաստանին ծանոթանալու նպատակով ցանկացողներին տրամադրում է նաև ուղեկցողներ, համապատասխան բրոշյուրներ, քարտեզներ:
Զբոսաշրջային գործի համակարգող Դավիթ Թորոսյանը փաստում է, որ զբոսաշրջիկների կողմից կատարված դիտարկումները լավագույն հնարավորություն են այս ոլորտում էական տեղաշարժեր գրանցելու, աշխատանքներին նոր բովանդակություն հաղորդելու համար:
Դիտարկումների արդյունքում պարզվել է, որ եթե նախորդ տարիներին կենտրոնից օգտվողների մեծամասնությունն անհատ զբոսաշրջիկներ էին, ապա 2018թ-ին պատկերն այլ է. նկատվել է զբոսաշրջիկների խմբերի հոսքի ավելացում:
«Գրասենյակի ծառայություններից օգտված զբոսաշրջիկներից 54.8%-ը եղել են խմբերով: Ի դեպ, որպես խումբ` ձևավորվել են մեր հանրապետության սահմաններում»,- նկատում է Դավիթ Թորոսյանը:
Ուսումնասիրությունից պարզվել է, որ բացի իրանական տուրօպերատորներից, որոնք իրենց աշխատանքներն իրականացնում են ավտոբուսային տարբերակով, շուկա են մուտք գործել նաև Վրաստանի և Ռուսաստանի տուրիստական կազմակերպությունները:
«Եթե իրանական և ռուսական կազմակերպություններն աշխատում են միայն իրենց հայրենակիցների հանգիստը կազմակերպելու ուղղությամբ, ապա վրացական կազմակերպությունների աշխատանքային շուկան առավել ընդգրկուն է` զբոսաշրջիկների ընդունելություն Եվրոպայից և այնուհետև Հայաստան ու Ադրբեջան տուրերի կազմակերպում»:
Դիտարկումները ցույց են տալիս, որ զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստան է ժամանում որոշակի պատկերացում ունենալով մեր պատմամշակութային ժառանգության մասին: Զբոսաշրջիկների մի մասն էլ խոստովանել է, որ մինչ Հայաստան գալը մեր երկիրը նույնականացրել է Ռումինիայի և Ալբանիայի հետ, ինչը դրանց անունների անգլերեն տարբերակի համանմանության արդյունք է:
Գրասենյակը իր հիմնական գործառույթներին զուգահեռ փորձում է զբոսաշրջության գործի կազմակերպման մեջ ունենալ որոշակի դերակատարում` հիմք ընդունելով սեփական դիտարկումները: Մասնավորապես, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, 2018թ. Սևանի թերակղզու տարածք անհամեմատ ավելի քիչ իրանցի զբոսաշրջիկներ են այցելել, որն ունի իր պատճառները` Իրանում մեծ աշխատանք են իրականացնում վրացական և ադրբեջանական տուրօպերատորները, որոնք միաժամանակ համեմատաբար ավելի մատչելի գներ են առաջարկում փաթեթների համար:
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից որպես զբոսաշրջիկ դուրս գալու նպատակով պետությունը քաղաքացուն թույլատրում է փոխանակել առավելագույնը 500 դոլարին համարժեք դրամ, ինչն ուղղակի անհնար է դարձնում Հայաստանում շրջագայելը:
Դավիթ Թորոսյանն ունի առաջարկների իր փաթեթը` դիմել Իրանի գործընկերներին` Հայաստանի մասով չեղարկելու այդ սահմանափակումը` հաշվի առնելով գործընկերային և բարեկամական հարաբերությունները: Միաժամանակ դիմել կառավարություն` դիտարկելու ԻԻՀ-ի արտարժույթի ընդունման հնարավորությունները Հայաստանում:
Ինչպես ցույց է տալիս տարիների փորձը, դեռևս տարիներ առաջ սկիզբ է առել մի բացասական նախադեպ: «Զբոսաշրջիկները երկար ժամանակով չեն այցելում և մնում Սևանում, այլ ավելի հաճախ օգտագործում են այն` որպես տարանցիկ զբոսաշրջային խաչմերուկ, որտեղ, լավագույն դեպքում, գիշերակացերը չեն գերազանցում միջինը 1-2 օրը, այնինչ նախկինում դրանց միջին տևողությունը 4-5 օր էր»,- ներկայացնում է Դավիթը:
Սևանից հետո զբոսաշրջիկները շարունակում են իրենց ուղղությունը Դիլիջան, Վանաձոր, Ալավերդի, Վրաստան, կամ Ծաղկաձոր, Նորատուս-Հայրավանք, կամ էլ հետադարձ Երևան ուղղություններով:
Գրասենյակն անցած տարիների ընթացքում իր գործունեության մեջ գրանցել է էական տեղաշարժ, որի շնորհիվ էլ 2018թ. գրասենյակի ծառայություններից օգտվել է 4044 այցելու:
2015-2018թթ. իրականացված աշխատանքի արդյունքում կա 29 ընտանիք, որն արդեն 4-րդ տարին իր հանգիստն է անցկացնում Հայաստանում, միջինը` 7 օր: Այդ ընտանիքներից 19-ը Ֆրանսիայից է, 5-ական Լեհաստանից և Իրանից:
Եթե 2015թ.` շարժական գրասենյակի գործունեության առաջին տարում, առկա էր ընդամենը 7 տեղեկատվական ուղեցույց, ապա 2018թ-ին այդ թիվը հատել է 90-ի սահմանը:
Դավիթ Թորոսյանը ներկայացնում է մյուս արդյունքները, որոնց շնորհիվ ամրապնդվել է մարդկանց վստահությունը. «Գրասենյակ դիմած զբոսաշրջիկների կողմից ներկայացված 1600 խնդրից լուծում է տրվել 1484-ին: Արդյունքում ունեցել ենք այդքան բավարարված զբոսաշրջիկ: Մնացած խնդիրների լուծումը չի եղել կենտրոնի իրավասության շրջանակներում: Օրինակ` կորցրած անձնագիր, կլիմայի և ճնշման փոփոխություն, անհայտ կամ անբարեխիղճ տաքսու վարորդներ և այլն»:
Զբոսաշրջիկների հետ ամենօրյա շփումների և հաղորդակցության արդյունքում ի հայտ են գալիս նաև այն բացերը, որոնք բացասաբար են անդրադառնում զբոսաշրջային գործի զարգացման վրա:
Դավիթ Թորոսյանը ներկայացնում է ներկայացված խնդիրներից առավել տարածվածները: «Զբոսաշրջիկը օտար միջավայրում ձգտում է հարմարավետության, որի բացակայությունը անմիջապես զգացնել է տալիս: Ներկայացվող բողոքների թոփ հնգյակում են Հայաստանի Հանրապետության քարտեզի բացակայությունը հասանելի լեզուներով, սպասարկման ոլորտում աշխատանք իրականացնող ծառայություններում բանկային քարտերով վճարման անհնարինությունը հեծանվային ընդգծված կամ առանձնացված արահետների բացակայությունը, «հաճախորդ-վարորդ» ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը, Երևանից դուրս հյուրանոցների պակասը, տնակային տնտեսությունների արդի պահանջներին չբավարարելը կամ բավականին թանկ գները»:
Այս օրերին տեղեկատվական շարժական գրասենյակը պատրաստվում է հերթական ամառային շրջանին` ի մի բերելով կատարվածը, հաշվի առնելով առաջարկությունները, դիտարկումները, դիտողությունները: Այս աշխատանքներին զուգահեռ մեկ անգամ ևս գրասենյակում թերթում են զբոսաշրջիկների կողմից նախորդ տարիներին կատարված գրառումները, որոնք առավել քան խոստումնալից են:
«Ոչ միայն հաճելի է, այլ նաև անվճար է Հայաստանի փողոցներում ջրից օգտվելը. խոսքը ցայտաղբյուրների մասին է: Առաջարկում ենք որպես Հայաստանի պետական զբոսաշրջային կարգախոս օգտագործել «(Անվճար) Հոսող փողերի երկիր» արտահայտությունը», «Ձեր ժողովուրդը չափից դուրս մարդամոտ է և պատրաստ է ամեն պահի օգնության ձեռք մեկնել: Վստահ կարող ենք ասել, որ Հայաստանում, մասնավորապես` մարզերում, զբոսաշրջիկները երբեք դրսում չեն գիշերի, և սա առանձնացնում է ձեր երկրի մարքեթինգային առավելությունները»:
Սրանք հերթական գրառումներից են, որոնք ուրվագծում են Հայաստան բերող ճանապարհները:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ