Մարտի 6-ին, ժամը 11։40-ին ոստիկանության Տավուշի բաժին զանգահարած տղամարդը հայտնել է, որ Բերդ քաղաքի Տերյան փողոցում ապրող իր ծանոթի առանձնատան դուռը բաց է, բայց տանտերը չի արձագանքում կանչերին։ Նշված հասցե մեկնած ոստիկանները հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Սևան Նավասարդյանի անշնչացած մարմինը։
Դիակի արտաքին զննությամբ տղամարդու աջ քունքին հայտնաբերվել է բութ գործիքի հարվածից ստացած վնասվածք։
Պարզվել է, որ մահացու վնասվածքը պատճառվել է մարտի 5-ի ժամը 16։00-ից մարտի 6-ի ժամը 11։40-ն ընկած ժամանակահատվածում։
Տավուշի ոստիկանների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումների արդյունքում սպանությունը թարմ հետքերով բացահայտվեց։ Ոստիկանները պարզեցին, որ մարտի 5-ին, ժամը 18։00-ի սահմաններում, Նավասարդյանի գլխին մուրճով հարվածել ու սպանել է Բերդի բնակիչ, 33-ամյա Նվեր Գինովյանը։
Կարճ ժամանակում նա հայտնաբերվեց և սպանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Տավուշի բաժին։
Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, առանձնատան բակում Գինովյանը փայտով հարվածել է Նավասարդյանի գլխին, ապա անգիտակից տղամարդուն տեղափոխել է ներս և մուրճով էլի մի քանի հարված հասցրել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հանցագործության գործիքը հայտնաբերվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն