2019 թվականի փետրվարին հունվարի համեմատ 0.6% գնաճ է արձանագրվել: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսը: Ըստ կոմիտեի, սպառողական շուկայում արձանագրված 0.6% գնաճը պայմանավորված է հիմնականում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.7% գնաճով:
Այս տարվա փետրվարին հունվարի համեմատ, սննդամթերքի գները, ներառյալ՝ ոչ ալկոհոլային, ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի, աճել են 1.6%-ով:
Նշված ժամանակահատվածում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4% ն ու ծառայությունների սակագները՝ 0.1%-ով:
Այս տարվա փետրվարին հունվարի համեմատ հանրապետության բոլոր քաղաքներում բանջարեղենի գներն աճել են 3.4-18.2%-ով: Ըստ վիճակագրական կոմիտեի, Երեւանում բանջարեղենի գնաճը փետրվարին նախորդ ամսվա համեմատ կազմել է 8.3%-ով: Իջեւանում այս նույն ապրանքախմբում ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել՝ 18.2%: Մրգի գները նույն ժամանակահատվածում աճել են 0.3-10.4%-ով, մայրաքաղաքում մրգի գնաճը կազմել է 0.3%:
2019-ի փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 1.9%, այդ թվում, սննդամթերքի՝ ներառյալ ոչ ալկոհոլային, ալկոհոլային խմիչքի, ծխախոտի գնաճը՝ 3.5%, ոչ պարենային ապրանքներինը` 0.6%, ծառայությունների ոլորտում` 0.4%:
Բանջարեղենի գնաճը այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ կազմել է 5.6%, իսկ 2019-ի հունվարի համեմատ` 7.4% գնաճ:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն, այս տարվա փետրվարին նախորդ փետրվարի համեմատ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գնաճը կազմել է 2.5%, իսկ 2019-ի հունվարի համեմատ՝ 1.4% գնաճ:
Այս տարվա փետրվարին 2018-ի փետրվարի համեմատ ալյուրի գնաճը կազմել է 3.1%, հացի գնաճը՝ 3.7%:
Մսամթերքի ապրանքախմբում 2019-ի փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ գրանցվել է 4.1% գնաճ, իսկ այս տարվա հունվարի համեմատ՝ 0.3%:
Այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ յուղեր- ճարպեր ապրանքախմբում գնաճը կազմել է 2.5%, իսկ ահա այս տարվա փետրվարը հունվարի համեմատ՝ 0.7% գնանկում է գրանցվել: Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում գնաճն այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ կազմել է 2.0%:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ