Անի Եղիազարյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, եվրոպագետ
Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա)
քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2019թ. ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» (ԱլԳ) ծրագիրը նշում է իր 10-ամյա հոբելյանը։ Դա լավ առիթ է ամփոփելու արդյունքները և հստակեցնելու ապագա հեռանկարները։ Այդ 10 տարիներին ԵՄ-ի, նրա անդամ երկրների ու ԱլԳ անդամ երկրների (Հայաստան, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Բելառուս, Ադրբեջան) հավաքական ջանքերով ձեռք են բերվել նշանակալից արդյունքներ ու օգուտներ վերջիններիս քաղաքացիների համար՝ ներառյալ ավելի ակտիվ առևտուրը, մարդկանց տեղաշարժը, տնտեսական զարգացումն ու առավել բարձր կենսամակարդակը։
ԱլԳ նպատակն էր բարեփոխումների իրականացման հարցում օգնել Հայաստանին, Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային, Բելառուսին ու Ադրբեջանին։ Այդ բարեփոխումները պետք է առնչվեին կենտրոնական ու տեղական գործադիր կառույցներին, կոռուպցիայի դեմ պայքարին և էլեկտրոնային որոշումների ներդրմանը։ Առաջնահերթ նպատակն ԱլԳ անդամ երկրների տնտեսությունները խթանելն է և բյուրոկրատիայի նվազեցումը։
Ինչպես դիպուկ նկատել է վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին, ԵՄ-ն ԱլԳ ծրագրով ձգտում է իր շուրջ ձևավորել կայունության ու անվտանգության գոտի. «Հարևանների հետ համագործակցությունը զարգացնելը հեշտ չէ, եթե նրանք չեն կիսում նույն արժեքները, եթե այնտեղ տնտեսական անկայունություն է, կոռուպցիա, լարվածություն, պատերազմի պատրաստություն։ Եթե հարևան երկիրը ներքին առումով կոնսոլիդացված չէ, չի կիսում նույն սկզբունքները, նրա հետ բարդ կլինի առևտուր անել, միավորվել կրիմինալի, անդրսահմանային իրավախախտումների դեմ պայքարում։ Այնպես որ ԵՄ-ը շահագրգռված է հարևան տիրույթի ժողովրդավարացմամբ և ոչ միայն հարևան տիրույթում»[1]։ Ներկայացնենք ԱլԳ նախապատմությունն ու նրա անցած 10-ամյա ուղին։
ԵՄ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (ԵՀՔ)
ԱլԳ-ի ստեղծման պատմությունը ներկայացնելուց առաջ հարկ է անդրադառնալ ԵՄ-ի Արևելյան քաղաքականությանը, քանի որ ԱլԳ-ը մաս կազմեց դրա։ «Եվրոպական հարևանություն» հասկացությունը սկսեց բյուրեղանալ 2002թ. սկզբին: ԵՀՔ-ն ավելի իրական դառնալու հայտ ներկայացրեց 2003թ. մարտին, ինչը նախորդում էր 2004թ. ԵՄ-ի՝ 10 նոր անդամներով համալրմանը, որը պատմության ընթացքում ԵՄ-ի մեկանգամյա խոշորագույն ընդլայնումն է տարածքային և բնակչության, բայց ոչ ՀՆԱ-ի տեսանկյունից։ Խոսքը Կիպրոսի, Չեխիայի, Էստոնիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Մալթայի, Լեհաստանի, Սլովակիայի ու Սլովենիայի մասին է (ուշագրավ է, որ նրանց մեծ մասը նախկինում Արևելյան բլոկի մասնակիցներ են)։ ԵՀՔ-ն աջակցում է Եվրոպայի հարևան 16 երկրներում քաղաքական և տնտեսական բարեփոխումների անցկացմանը՝ որպես խաղաղության, կայունության և տնտեսական բարգավաճման խթանման միջոց ողջ տարածաշրջանում: ԵՀՔ-ի ռազմավարական նպատակն է ամրապնդել և հարևան երկրների հետ կիսել ԵՄ-ի՝ դեպի Կենտրոնական ու Արևելյան Եվրոպա ընդլայնման օգուտները՝ բարեկեցություն, կայունություն և անվտանգություն:
ԵՀՔ-ը ԵՄ-ի արտաքին քաղաքականության առանցքային մասն է: Այն ԵՄ-ի ուղղակի հարևաններին կապվում է ցամաքով և ծովով: Դրանք են՝ Ալժիրը, Եգիպտոսը, Լիբիան, Թունիսը, Իսրայելը, Հորդանանը, Մարոկկոն, Պաղեստինը, Լիբանանը, Սիրիան (10 երկիր ծովով), Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան (6 երկիր ցամաքով): Չնայած ՌԴ-ը ևս ԵՄ հարևան է, սակայն նրանց հարաբերությունները զարգացել են Ռազմավարական գործընկերությամբ (2003թ. մայիս)[2]:
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳԻՐ (ԱլԳ)
ԱլԳ-ը ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայում ու Հարավային Կովկասում նրա գործընկերների համատեղ նախաձեռնությունն է, որը ԵՄ-ի արևելյան հարևաններին մերձեցնում է ԵՄ-ին և ներկայացնում է ԵՀՔ Արևելյան ընդլայնումը։ ԱլԳ-ը կառուցվել է ԵՄ-ի և նրա արևելյան գործընկեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների հիման վրա: ԱլԳ-ն աջակցում և խրախուսում է մասնակից երկրներում բարեփոխումների անցկացումը և ներառում է 6 անդամ երկիր՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ադրբեջան:
Հայտնի է, որ ԱլԳ-ը մեկնարկել է 2009թ. մայիսին Պրահայում կայացած ԵՄ գագաթաժողովի ժամանակ, որի համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Պրահայի գագաթաժողովի մասնակիցները համաձայնում են, որ ԱլԳ-ը հիմնվում է միջազգային օրենքների և հիմնարար սկզբունքների վրա՝ ներառելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքը, ինչպես նաև՝ շուկայական տնտեսությունը, կայուն զարգացումն ու արդյունավետ կառավարումը: ԱլԳ-ը կառուցվում է առկա երկկողմ պայմանագրային հարաբերությունների վրա և լրացնում է դրանց: Այն ձևավորվում է առանց որևէ վնաս հասցնելու առանձին պետությունների ձգտումներին ԵՄ-ի հետ իրենց հետագա հարաբերություններում: Այն կառավարվելու է տարբերակման և պայմանականության սկզբունքների հիման վրա»[3]:
Ինչպես իր «ՀՀ-ԵՄ հարաբերությունների ծավալում և համագործակցության գործիքներ» հոդվածում գրում է Ա. Բայբուրդյանը, եվրաինտեգրման ներքո մշտապես արդիական խնդիր է եղել «ձգտումը դեպի Եվրոպա» (European aspiration), և այդ ձևակերպումն արտացոլվել է հիմնարար փաստաթղթերում։ Սա ԵՄ-ի ստեղծման ընթացքում ու եվրաինտեգրման գործընթացներում մեկնաբանվում էր որպես ԵՄ-ին անդամ դառնալու հավակնություն: Երբ մեկնարկեց ԵՀՔ–ը, այդ ձևակերպման մեկնաբանությանը նոր երանգներ տրվեցին, առավել զգուշորեն արտահայտված՝ «ձգտում դեպի Եվրոպա՝ ԵՄ-ին տարբեր աստիճանով ինտեգրվելու հավակնությամբ»: ԵՄ-ի ֆիննական նախագահության կողմից (2006թ.) շրջանառության մեջ դրվեց հետևյալ դրույթը. ԵՀՔ-ը չի երաշխավորում ԵՄ-ին անդամակցություն, սակայն նաև չի փակում դուռը, այսինքն՝ չի բացառում անդամակցության հնարավորությունը՝ ելքի պատասխանատվությունն ամբողջությամբ թողնելով առանձին վերցրած երկրի վրա[4]:
Ինչպես նշվում է «Արևելյան գործընկերություն. հաղորդակցություն Եվրոպական հանձնաժողովից մինչև Եվրոպական խորհրդարան ու խորհուրդ» փաստաթղթում, ԵՄ-ը կենսական հետաքրքրվածություն ունի՝ իր արևելյան սահմաններին տեսնելու կայունություն, ավելի լավ կառավարում և տնտեսական զարգացում. «Միևնույն ժամանակ, մեր բոլոր գործընկերներն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ձգտում են ամրապնդել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Վերջինիս քաղաքականությունը պետք է լինի պրոակտիվ և հստակ. ԵՄ-ը հաստատուն աջակցություն կցուցաբերի իր գործընկերներին և նրանց՝ ԵՄ-ին մոտենալու ջանքերին, ինչպես նաև կտրամադրի անհրաժեշտ աջակցություն դրան հաջորդող բարեփոխումներին՝ ԵՀՔ-ի շրջանակում հատուկ Արևելյան ուղղվածության միջոցով»[5]:
ԱլԳ-ի սկզբնավորման պահից անցկացվել են 5 պաշտոնական գագաթաժողովներ, որոնք տեղի են ունեցել Պրահայում (07.05.2009), Վարշավայում (29-30.09.2011), Վիլնյուսում (28-29.11.2013), Ռիգայում (21-22.05.2015), Բրյուսելում (24.11.2017): Պրահայի գագաթաժողովի ժամանակ մասնակիցներն ակնկալում էին իրենց հարաբերությունները բերել մի նոր հարթություն՝ հիմնելով ԱլԳ-ը և ընդունելով Համատեղ հռչակագիր: Նրանք համաձայնեցին, որ ԱլԳ-ը պետք է հիմնվի միջազգային իրավունքի և հիմնարար արժեքների սկզբունքների վրա, ներառյալ՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ, ինչպես նաև՝ շուկայական տնտեսությունը, կայուն զարգացումը և լավ կառավարումը: ԱլԳ-ը պետք է զարգանար ԵՄ և երրորդ երկրների երկկողմ համագործակցությանը զուգահեռ: Ուշագրավ է, որ ԱլԳ-ը կյանքի է կոչվել 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո ԵՀՔ-ի զարգացումը և հետխորհրդային տիրույթում ԵՄ-ի էլ ավելի լայն ներգրավվածությունն ապահովելու համար[6]:
2011թ. Վարշավայի գագաթաժողովի մասնակիցները վերահաստատեցին որոշ մասնակիցների ձգտումը դեպի Եվրոպա և եվրոպական ընտրությունը, ինչպես նաև իրենց՝ խորը և կայուն ժողովրդավարություն կառուցելու հանձնառությունը: Նրանք ընդգծեցին ԱլԳ-ի առանձնահատուկ դերն աջակցելու նրանց, ովքեր ձգտում են է՛լ ավելի սերտ հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ: Ընդգծվեց նաև, որ ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայում ու Հարավային Կովկասում նրա գործընկերների միջև առկա է ավելի մեծ առևտրային և տնտեսական հաղորդակցություն, քան նախկինում: Նշվեց, որ հաշվի առնելով ԵՄ-ի և ԱլԳ-ի գծով նրա գործընկերների մեծ մասի ներգրավվածությունն Ասոցացման համաձայնագրերի (ԱՀ) շուրջ բանակցություններում՝ համապատասխան պայմանները բավարարելու դեպքում ԱՀ-ն կհանգեցնի նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծմանը: Միաժամանակ նշվեց, որ կողմերը ներգրավված են վիզային ռեժիմի ազատականացման զարգացման գործընթացում. 2011թ. դրությամբ ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսությունն արդեն իսկ մեկնարկել էր Ուկրաինայի և Մոլդովայի հետ (ԵՄ-Ուկրաինա վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը մեկնարկել է 2008թ. հոկտեմբերի 29-ին, և վիզայի ազատականացման համար սահմանված գործողությունների ծրագիրը (ՎԱԳԾ) Ուկրաինային ներկայացվել է 2010թ. նոյեմբերի 22-ին, իսկ ԵՄ-Մոլդովա վիզայի ազատականացման երկխոսությունը մեկնարկել է 2010թ. հունիսի 15-ին, և ՎԱԳԾ-ը Մոլդովային ներկայացվել է 2011թ. հունվարին)։ Բացի այդ Վիզայի դյուրացման և հետընդունման համաձայնագրեր են կնքվել Վրաստանի հետ (նման համաձայնագրեր նախատեսվում էր կնքել նաև Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի հետ)։ Այս ամենից հետևում է, որ ԱլԳ առաջատար երկրներն Ուկրաինան և Մոլդովան են, ինչպես նաև Վրաստանը։ Պետք է նշել, որ ԱլԳ-ի և, ընդհանրապես, Եվրոպայում տարածքով ամենամեծ երկիր Ուկրաինան ամենակարևոր երկիրն է թե՛ ՌԴ-ի և թե՛ ԵՄ-ի համար, և հենց Ուկրաինան առաջինը նախաստորագրեց ԱՀ-ը ԵՄ-ի հետ[7]։
ԱլԳ երրորդ գագաթաժողովը տեղի ունեցավ 2013թ. նոյեմբերի 29-30-ին Վիլնյուսում, որի մասնակիցները վերահաստատեցին իրենց հանձնառությունն ԱլԳ առաջնորդող սկզբունքների ամբողջական իրականացմանը: Նրանք վերագնահատեցին Վարշավայի գագաթաժողովից հետո ԱլԳ անդամ երկրների գրանցած զգալի առաջընթացը, ինչը նրանց մերձեցնում էր ԵՄ-ին։ Գագաթաժողովի մասնակիցները կարևորեցին քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների շուրջ ձեռքբերված հանձնառությունների իրականացումը: Վիլնյուսի գագաթաժողովում էական արդյունքներ գրանցվեցին. Վրաստանը և Մոլդովան նախաստորագրեցին ԱՀ-ը, մինչդեռ Ուկրաինան, որը պետք է արդեն ստորագրեր ԱՀ-ը, չստորագրեց այն: Գագաթաժողովից 1 շաբաթ առաջ Ուկրաինայի կառավարությունը դադարեցրեց ԱՀ-ի ստորագրման նախապատրաստական գործընթացը (դրա պատճառներին անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածներում): Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանը և ԵՄ-ը ստորագրեցին Վիզայի դյուրացման համաձայնագիր, որը նախաստորագրել էին 2013թ. հուլիսին (այն ուժի մեջ մտավ 2014թ. սեպտեմբերի 1-ին՝ հետընդունման համաձայնագրի հետ միասին)։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա 3.5 տարվա բանակցային գործընթացը հաջող անցնելուց հետո այդպես էլ չնախաստորագրեց ԱՀ-ը: Սա կապված էր 2013թ. սեպտեմբերի 3-ի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության հետ, ըստ որի՝ Հայաստանը միանում է Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի ստեղծած Մաքսային միությանը: Դրանից առաջ ԵՄ արտաքին կապերի և անվտանգության քաղաքական հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ԵՄ-ի և Հայաստանի միջև բանակցությունների արդյունքը գնահատել էին գերազանց:
ԵՄ-ի և ՌԴ-ի տեսանկյունից Վիլնյուսի գագաթաժողովի արդյունքները մեկնաբանելիս կնկատենք, որ տվյալ պահի դրությամբ ի հայտ եկան երկու խմբեր: Առաջին խմբի երեք երկրները նախաստորագրել էին ԱՀ-ը (Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան), իսկ մյուս խմբի երեքը (Հայաստան, Բելառուս, Ադրբեջան)՝ ոչ: Փաստորեն, ՌԴ-ն այստեղ ձախողեց երկու կարևոր գործողություն: Խոսքը Հայաստանի կողմից ԱՀ-ը չնախաստորագրելու և Ուկրաինայի կողմից ԱՀ-ը չստորագրելու մասին է: Կարելի է համարել, որ ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև հաշիվը 2:2 էր՝ կապված նրա հետ, որ Վիլնյուսի գագաթաժողովում Մոլդովան ու Վրաստանը նախաստորագրեցին ԱՀ-ը, մինչդեռ Հայաստանը չնախաստորագրեց, Ուկրաինան էլ չստորագրեց այն: Սակայն հարկ է նշել, որ այս իրավիճակը բնորոշ էր միայն 2013թ., քանի որ Մայդանի հայտնի դեպքերից հետո՝ 2014թ., Ուկրաինան ստորագրեց ԱՀ-ը (նախ՝ քաղաքական մասը, ապա նաև՝ տնտեսական մասը)[8]:
ԱլԳ չորրորդ գագաթաժողովն անցկացվեց 2015թ. Ռիգայում։ Դրա մասնակիցները վերահաստատեցին այն մեծ կարևորությունը, որը նրանք տալիս են ԱլԳ-ին՝ որպես ԵՀՔ-ի առանձնահատուկ ուղղություն: Նրանք վերահաստատեցին այս ռազմավարական և հավակնոտ Գործընկերության ընդհանուր տեսակետը՝ հիմնված փոխադարձ շահերի ու հանձնառությունների վրա և ուղղված ԱլԳ երկրներում կայուն բարեփոխումների գործընթացներին աջակցելուն: Գագաթաժողովի մասնակիցները հանձնառություն ստանձնեցին ամրապնդելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, որոնք ընկած են եղել Գործընկերության հիմքում, քանի որ այն մեկնարկել է որպես ԵՄ անդամ երկրների և ԱլԳ երկրների ընդհանուր նախաձեռնություն:
Գագաթաժողովի մասնակիցները վերահաստատեցին ԵՀՔ և ԱլԳ շրջանակում յուրաքանչյուր գործընկերոջ հավակնությունների աստիճանն ու նպատակները, ազատ ընտրություն կատարելու ինքնիշխանության իրավունքը, ինչին տվյալ գործընկեր երկիրը ձգտում է ԵՄ-ի հետ հարաբերություններում: Ընդգծվեց, որ ԵՄ-ը և նրա ինքնիշխան գործընկերները պետք է որոշեն, թե ինչպես են ցանկանում զարգացնել միմյանց միջև հարաբերությունները: Սա, բնականաբար, հստակ ուղերձ էր ՌԴ-ին, որն իր վարքագծով ցույց էր տալիս, որ մերժում է ԱլԳ անդամ երկրների կողմից ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքը։ Նշվեց նաև, որ ԵՄ-ը հավատարիմ է մնում իր բոլոր գործընկերների տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության աջակցման առաքելությանը: Ամփոփելով ԱլԳ չորրորդ գագաթաժողովը՝ կարող ենք նկատել, որ գագաթաժողովի արդյունքներով լուրջ փոփոխություններ չգրանցվեցին, իրավիճակն էականորեն չփոխվեց, և հետխորհրդային վեց երկրները շարունակեցին ԵՄ-ի հետ ունենալ տարբեր մակարդակի հարաբերություններ և գործակցություն[9]։
Ի հավելումն պաշտոնական գագաթաժողովների՝ ԱլԳ շրջանակներում նաև կայացել են մի շարք ոչ պաշտոնական գագաթաժողովներ, որոնք առանձնակի նշանակություն և կշիռ ունեն ԱլԳ-ի համար: 2014թ. հունիսի 2-ին Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի հանդիպման շրջանակներում Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ստորագրեցին ԵՄ-ի հետ ԱՀ-ը: Եթե ԵՄ-Ուկրաինա ԱՀ-ը ստորագրվեց տնտեսական մասով, քանի որ քաղաքական մասը ստորագրվել էր նույն թվականի մարտի 21-ին՝ Բրյուսելում կայացած ԵՄ գագաթաժողովի ժամանակ (ի դեպ, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնանկ էր արվել դրանից մոտ մեկ ամիս առաջ՝ փետրվարին), ապա Վրաստանը և Մոլդովան այս համաձայնագիրը ստորագրեցին ամբողջությամբ, որը նախաստորագրել էին 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում: Սա նույնպես վկայում է, որ ԱլԳ առաջատարներն են Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը: Եվ, եթե նախկինում առաջին տեղում Ուկրաինան էր (առաջինն էր նախաստորագրել ԱՀ-ը), ապա 2014թ. ԱՀ-ի մասով Մոլդովան և Վրաստանը հավասարվեցին նրան (ավելին՝ Մոլդովայի ու Վրաստանի պարագայում ԱՀ-ի նախաստորագրման ու ստորագրման ժամանակային միջակայքն ավելի փոքր ստացվեց Ուկրաինայի հետ համեմատած): ԱլԳ անդամ երկրների առաջին խումբը (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան) ստորագրել է ԱՀ-ը՝ ներառյալ ԽՀԱԱԳ-ի ստեղծումը, մինչդեռ երկրորդ խումբը (Հայաստան, Բելառուս, Ադրբեջան) չի ստորագրել։ Այս առումով ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև հաշիվը 3:3 է:
Չնայած այս հավասար հաշվին՝ կարելի է նկատել, որ ԵՄ-ն առավելություն ունի՝ կապված մի քանի կարևոր գործոնների հետ: Նախևառաջ, առաջին խմբում ընդգրկվեց Ուկրաինան, որը, ինչպես արդեն նշվել է, ԱլԳ անդամ խոշորագույն և կարևորագույն երկիրն է (չնայած Ղրիմի ու Դոնբասի հայտնի դեպքերին)։ Եվ երկրորդ՝ քիչ հավանական է, որ ԱլԳ-ն առաջ քաշելիս ԵՄ-ը մեծ հույսեր է կապել երկրորդ խմբի երկրների հետ, որոնց վրա ՌԴ-ն ունի բավականին մեծ ազդեցություն։ Բացի այդ հաշվի է առնվել երկրորդ խմբի երկրներում (Հայաստանում ավելի քիչ, քան Ադրբեջանում և Բելառուսում) գործող համակարգերի բնույթը, ինչը որոշակի խոչընդոտ է ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհին: Եվ քանի որ ԵՄ-ն ԱլԳ-ի մասով «գրոհում էր» մի քանի «ճակատով» (երկրով), ուստի և ՌԴ-ի հնարավորություններն ու ներուժը չբավարարեցին, որպեսզի այդ գրոհը կասեցվի բոլոր «ճակատներում», և ՌԴ-ի «պաշտպանական գիծը» մի քանի տեղից ճեղքվեց։ Այստեղ պետք է մեջբերել 2014թ. հոկտեմբերին «Վալդայ» ակումբի անդամների հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վ. Պուտինի արած հայտարարությունը։ Խոսելով ազգային շահերի պաշտպանության մասին՝ Պուտինը հայտարարել էր, որ արջն իր տայգան չի հանձնի ոչ ոքի. «Ընդհանրապես նա (արջը) մեզ մոտ համարվում է տայգայի տեր, և ես հաստատապես գիտեմ, որ նա չի պատրաստվում տեղափոխվել կլիմայական որևէ այլ գոտի, այնտեղ հարմարավետ չէ նրան։ Կարծում ենք՝ հասկանալի պետք է լինի, որ նա իր տայգան չի հանձնի ոչ ոքի»[10]: Պուտինն այսպիսով ակնարկում է, որ արջն ինքն է, իսկ տայգան՝ հետխորհրդային տիրույթը, ուր միայն նա պետք է որս անի։ Ամփոփելով կարող ենք եզրակացնել, որ Վիլնյուսում կայացած ԵՄ գագաթաժողովի արդյունքում ՌԴ-ի դեմ բացվեցին երեք ճակատներ՝ Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա, իսկ ՌԴ-ն ավելի կենտրոնացավ Ուկրաինայի վրա, քանի որ՝ ա) ՌԴ-ը չէր կարող միաժամանակ երեք ճակատներով հանդես գալ, բ) Ուկրաինան ամենակարևորն էր ՌԴ-ի համար, գ) Այստեղ որոշակի դեր խաղաց նաև այն, որ ՌԴ-ն արդեն որոշակիորեն պատժել էր Վրաստանին (Աբխազիա, Հարավային Օսիա) և Մոլդովային (Մերձդնեստր): Չնայած այս իրավիճակին՝ երկու կողմերն էլ՝ ԵՄ-ը և ՌԴ-ը, շարունակեցին քայլեր ձեռնարկել ԱլԳ անդամ երկրներին իրենց մերձեցնելու ուղղությամբ:
ԵՄ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ/ԱԼԳ ՊԼՅՈՒՍ
2015թ. մայիսին Ռիգայում տեղի ունեցած ԱլԳ չորրորդ գագաթաժողովից հետո ԵՄ-ն ԱլԳ մասնակից 6 երկրներից 3-ի հանդեպ սկսեց որդեգրել տարբերակված մոտեցում։ Խոսքն Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի մասին է, որոնք Ռիգայի գագաթաժողովից առաջ արդեն ստորագրել էին ԱՀ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մասերը (ԽՀԱԱԳ-ի ստեղծումը)։ Ելնելով այդ իրողությունից՝ ԵՄ-ը տարբերակված մոտեցում է ցուցաբերում ԱլԳ առաջին եռյակը կազմող Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի հանդեպ, քանի որ նրանք շոշափելի արդյունքների են հասել իրենց եվրոպական կողմնորոշման ճանապարհին՝ ներառյալ ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ ստանալը։ Ինչ վերաբերում է ԱլԳ մյուս եռյակը կազմող ՀՀ-ին, Բելառուսին և Ադրբեջանին, ապա նրանք ունեն տարբեր նպատակներ և ԵՄ-ի հետ փոխհարաբերություններից տարբեր ակնկալիքներ։ Այս համատեքստում կարելի է միանգամայն տրամաբանված համարել «ԱլԳ պլյուս» ծրագրի առաջքաշումը բացառապես Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար։
2017թ. հոկտեմբերի 10-ին ԵԽ արտաքին հարցերով հանձնաժողովը հաստատեց Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի համար «ԱլԳ պլյուս» մոդելը ներդնելու բանաձևը[11]: Այդ ծրագրով նշված երկրներին հնարավորություն կտրվի երկարաժամկետ հեռանկարում միանալ ԵՄ-ի Մաքսային միությանը, ԵՄ-ի Էներգետիկ միությանը, ԵՄ-ի Թվային տեխնոլոգիաների միությանը, Շենգենյան գոտուն, մուտք գործել ԵՄ-ի ներքին շուկա ու չեղարկել ԵՄ-ի երկրների հետ բջջային ռոումինգի սակագները։ Բացի այդ «ԱլԳ պլյուսը» կնպաստի մասնակից 3 երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների ինտեգրմանը, ինդուստրիալ ոլորտում գործընկերությանը, ԵՄ-ի ծրագրերին մասնակցելու աճին։
ԵԽ արտաքին հարցերով հանձնաժողովի անդամները միաժամանակ հանդես եկան «ԱլԳ պլյուս» ծրագրի մասնակից երկրների համար թիրախային կամ վստահության հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ, որը կզբաղվի այդ երկրների տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքներում մասնավոր ու պետական ներդրումներ անելով։ Դա պետք է ուղեկցվի հիմնադրամի ֆինանսները նպատակային ծախսելու մանրակրկիտ ստուգումներով՝ բացառելու համար բոլոր տիպի չարաշահումները։ «ԱլԳ պլյուս» ծրագրով առաջարկվում է աջակցել մասնակից երկրներում իսկական տնտեսական բարեփոխումներ իրագործելուն, որոնք ուղղված կլինեն մոնոպոլիաների աստիճանական վերացմանը, օլիգարխների դերի սահմանափակմանը, փողերի լվացման և հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի կանխմանը, ինչը պետք է իրականացվի համապատասխան օրենքներ ընդունելով և բանկային ու ֆինանսական ոլորտներում բարեփոխումներ անելով։
Խորհուրդ է տրվում ԵՄ գործընկեր այդ երկրներից պահանջել նոր պարտավորություններ ստանձնել դատական համակարգին, պետական կառավարմանը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին առնչվող բարեփոխումների ամբողջական իրագործման համար։ Այդ ամենը պետք է հենված լինի համապատասխան «ճանապարհային քարտեզների» վրա, որոնք կհստակեցնեն գործընթացի իրագործման կոնկրետ նպատակներն ու ժամկետները։ Խորհուրդ է տրվում խթանել ընտրական ոլորտի բարեփոխումները՝ ընտրական միջավայրի բարելավման համար, ապահովել ԵՄ-ի՝ գոյություն ունեցող նորմերի խիստ կիրառումը։ Առաջարկվում է համատեղ աշխատել Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ, աջակցել նրանց ոչ վիզային ռեժիմի իրագործման հարցում՝ խուսափելու համար ապագայում այդ ռեժիմի գործունեության ժամանակավոր դադարեցման մեխանիզմ կիրառելուց։ Ընդգծվում էր, որ «ԱլԳ պլյուսը» նպատակ է հետապնդում ստեղծելու անհրաժեշտ պայմաններ՝ քաղաքական սերտ ասոցացման ու տնտեսական սերտ ինտեգրման համար, և որ Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրումը վերջնական նպատակը չէ ԵՄ-ի հետ հարաբերություններում: Առաջարկվում է ևս մեկ անգամ ճանաչել Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի եվրոպական ձգտումները, ընդգծել, որ ԵՄ-ի 49-րդ հոդվածին և 2017թ. մարտի 25-ին Հռոմի դեկլարացիային համապատասխան` եվրոպական ցանկացած երկիր կարող է հայտ ներկայացնել ԵՄ-ին անդամակցելու համար՝ Կոպենհագենյան չափանիշները և ժողովրդավարության սկզբունքները պահպանելու պայմանով, եթե նա աջակցում է իրավունքի գերակայությանը, հարգում է մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները, այդ թվում նաև՝ փոքրամասնությունների իրավունքները։
ԵԽ արտաքին հարցերով հանձնաժողովի կողմից «ԱլԳ պլյուսի» մասին փաստաթուղթը հավանության արժանացնելուց հետո այն պետք է քվեարկության դրվեր Եվրոպական խորհրդարանի նոյեմբերյան լիագումար նստաշրջանում։ 2017թ. նոյեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանը հաստատեց Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի համար մեծ կարևորություն ներկայացնող այդ փաստաթուղթը։ Ստրասբուրգում կայացած քվեարկության ժամանակ նախագծին կողմ քվեարկեց 519, իսկ դեմ՝ 114 պատգամավոր։ 47 պատգամավոր էլ ձեռնպահ մնաց[12]: Այդպիսով, Եվրոպական խորհրդարանը նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթաժողովից առաջ արտոնեց հետևյալը. ա) Ստեղծել թիրախային հիմնադրամ Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի համար, որը կկենտրոնանա սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներում պետական ու մասնավոր ներդրումների վրա։ բ) «ԱլԳ պլյուսի» երկրներին, որոնք էական առաջընթաց են գրանցել բարեփոխումների ոլորտում, հնարավորություն տալ մուտք գործել Շենգենյան գոտի և ԵՄ մաքսային, էներգետիկ, թվային միություններ, չեղարկել ռոումինգի սակագները։ գ) Գործընկեր երկրներում աջակցել տնտեսական բարեփոխումների իրագործմանը՝ ուղղված մոնոպոլիաների վերացմանը, օլիգարխների դերի սահմանափակմանը, փողերի լվացմանն ու հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի կանխմանը։ դ) Աջակցել ՌԴ-ի վրա հավաքական ճնշմանը՝ լուծելու համար Ուկրաինայի արևելքի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի, Մերձդնեստրի կոնֆլիկտները։ ե) Աջակցել Արևելյան Ուկրաինայում ԵԱՀԿ ոստիկանական առաքելության ծավալմանը։
Այդպիսով, «ԱլԳ պլյուսի» առաջքաշումը վկայում է, որ ԵՄ-ն ԱլԳ-ի հարցում հակվում է «ավելին ավելիի դիմաց» քաղաքականությանը, որի համաձայն՝ ԵՄ-ի այն գործընկերները, որոնք առաջընթաց չեն գրանցում տվյալ ձևաչափում, պետք է ԵՄ-ի հետ համագործակցությունից ստանան ավելի քիչ արտոնություններ։ «ԱլԳ պլյուսն» «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի կոնկրետ օրինակ է, որին տվյալ երկրներն արժանացել են իրենց արտաքին քաղաքական կողմնորոշման, երկրի ներսում կատարած բարեփոխումների շնորհիվ։ Փաստորեն, Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար ԵՄ-ն առաջ է քաշել ավելի խոր ինտեգրմանը միտված, առավել մեծ հեռանկար առաջարկող մի ծրագիր՝ «ԱլԳ պլյուս», որն ԱլԳ-ի տրամաբանական շարունակությունն է։ ԵՄ-ն «ԱլԳ պլյուսի» առաջքաշմամբ ձգտում է ստեղծել հզոր խթան տվյալ երեք երկրների համար: «ԱլԳ պլյուսն» այդպիսով առանձնացնում է լավագույններին՝ նրանց տեղափոխելով ավելի բարձր մակարդակ, իսկ ԱլԳ-ն դարձնում է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությամբ ոչ այնքան շահագրգռված երկրների հետ համատեղ աշխատելու նախաձեռնություն: ԵՄ-ն «ԱլԳ պլյուսի» միջոցով Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի համար կդառնա առավել գրավիչ, կվերածվի ձգողական կենտրոնի[13]։
ԱլԳ ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆ ՈՒ ՄԻՆՉԵՎ 2020թ. ԱլԳ ՆՈՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՆՇՈՒՄԸ
2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում անցկացվեց ԱլԳ 5-րդ գագաթաժողովը, որում ընդգծվեցին ԵՄ-ի հետ հարաբերություններում ԱլԳ անդամ վեց երկրների ձեռքբերումները և քննարկվեցին «Մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում 20 կոնկրետ առաջադրանքների իրագործումը» (20 Deliverables for 2020), որոնք զգալի օգուտներ կբերեն քաղաքացիներին։ Գագաթաժողովի արդյունքներով ընդունվեց Բրյուսելյան հռչակագիրը, որով գագաթաժողովի մասնակիցներն ընդգծեցին այն մեծ կարևորությունը, որը նրանք տալիս են ԱլԳ-ին։ Նրանք վերահաստատեցին իրենց ընդհանուր հավատարմությունը ռազմավարական ու հավակնոտ այդ գործընկերությանը՝ հենված ընդհանուր արժեքների, փոխադարձ շահերի ու փոխըմբռնման վրա, իրենց հավատարմությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների ամրապնդմանը։ Ընդգծվեց, որ բարեփոխումների ոլորտում կայուն ու արդյունավետ առաջընթացն ԱլԳ հետագա հաջողության բանալին է։ Իր ելույթում ԵՀ նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարեց. «ԱլԳ-ը նախևառաջ մարդկանց գործընկերություն է։ Այն կոչված է բարելավելու կյանքը մեր բոլոր երկրներում, մերձեցնելու մեր հասարակությունները, պահպանելու արժեքները, սկզբունքներն ու ձգտումները, որոնք ընդհանուր են ԵՄ-ի ու մեր արևելյան հարևանության տարածաշրջանի ժողովուրդների համար։ ԵՄ-ն ԱլԳ օգնությամբ կարողացել է ստեղծել 10.000 աշխատատեղ, ուսուցում տալ 20.000 մարդու և ձեռնարկություններին հատկացնել ավելի քան 100.000 վարկ։ Մենք բարելավել ենք անվճար իրավաբանական ծառայությունների մատչելիությունը, ներդրումներ ենք արել տրանսպորտային կապի մեջ, զարգացրել ենք գենդերային հավասարությունը և ԵՄ-ի ու ԱլԳ-ի միջև տեղաշարժի հարցում օգնել ենք հազարավոր ուսանողների։ Նայելով առաջ՝ 2020թ., և հաջորդ տարիներին, մենք գիտակցում ենք, որ եկել է էլ ավելի ակտիվ գործողությունների ժամանակը։ Մենք ճշմարիտ ուղու վրա ենք, եկեք հետևենք այդ ուղուն»[14]։
Նշենք, որ վերջին շրջանում ԵՄ-ի ու ԱլԳ անդամ երկրների միջև համագործակցությունը կենտրոնացվել է 4 առաջնահերթ ոլորտների վրա. ա) տնտեսության ամրապնդում (տնտեսական զարգացում և շուկայակական հնարավորությունների բարելավում), բ) Կառավարման համակարգի ամրապնդում (ինստիտուտների ամրապնդում և հուսալի կառավարում), գ) փոխադարձ կապերի ամրապնդում (փոխադարձ կախվածության ամրապնդում հատկապես տրանսպորտի ու էներգետիկայի, ինչպես նաև շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության ոլորտներում), դ) Հասարակության ամրապնդում (մոբիլության ու մարդկանց միջև շփումների ընդլայնում)։ Ելնելով այս առաջնահերթություններից՝ ԵՄ-ը, նրա անդամ երկրները և գործընկեր երկրները բրյուսելյան գագաթաժողովում հաստատեցին 20 կոնկրետ առաջադրանքները, որոնք պետք է իրագործվեն մինչև 2020թ.։ «ԱլԳ-20 ակնկալվող ձեռքբերումներ մինչև 2020թ.՝ կենտրոնանալով գլխավոր առաջնահերթությունների ու իրական արդյունքների վրա» փաստաթուղթը ԵՄ-ի կողմից մշակվել է 2016թ. դեկտեմբերին։ Այն թարմացվել է 2017թ. հունիսին և ընդունվել ԱլԳ 5-րդ գագաթաժողովում։ Աշխատանքային համատեղ փաստաթուղթն ԱլԳ զարգացման վեկտորներն ուրվագծելու հերթական փորձն է՝ հենված ԵՄ-ի աջակցությամբ գործընկեր երկրներում բարեփոխումների իրական առաջընթացի ու ժողովրդավարական վերակազմավորումների վրա։
ա) տնտեսության ամրապնդում – ԵՄ-ն առաջին հերթին ձգտում է ապահովել ԱլԳ գործընկեր երկրների տնտեսական կայունությունը։ Այդ համատեքստում ԵՄ-ն ու ԱլԳ գործընկեր երկրները համատեղ աշխատում են տարածաշրջանում ավելի ուժեղ, դիվերսիֆիկացված ու դինամիկ տնտեսությունների զարգացման ուղղությամբ։ Դա նշանակում է աջակցել փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) աճին, ներդրումներ ներգրավելուն, նոր սեկտորներում աշխատատեղեր ստեղծելուն և նոր շուկաները մատչելի դարձնելով առևտրային հնարավորությունների ընդլայնմանը։ Թեև ՓՄՁ-ները կազմում են բոլոր ընկերությունների 83-99%-ը, նրանց բաժին է ընկնում ԱլԳ ողջ տարածաշրջանում զբաղվածության կեսից էլ պակաս մասը։ ԵՄ-ում ՓՄՁ-ներին բաժին է ընկնում բոլոր աշխատատեղերի 2/3-ը, ընդ որում՝ նոր աշխատատեղերի 85%-ը ստեղծվել է վերջին տարում։ 2009թ. ԱլԳ գործարկումից հետո գործընկեր երկրների ՓՄՁ-ներին ԵՄ-ի ցուցաբերած աջակցությունը կազմել է ընդհանուր առմամբ 1.5 մլրդ €։ Դրա շնորհիվ ի հայտ է եկել 10.000 նոր աշխատատեղ, հատկացվել է ավելի քան 100.000 վարկ, 20.000 մարդու համար կազմակերպվել են դասընթացներ։ ԱլԳ գործընկեր երկրների ՓՄՁ-ներին տեղական արժույթով հատկացվել է 100 մլն €, ինչը կազմել է ՓՄՁ-ներին եվրոպական ֆինանսական ողջ օգնության առնվազն մեկ քառորդը։ Բացի այդ 50 մլն € է հատկացվել թվային փաթեթին՝ ռոումինգի գների համաձայնեցմանն ու գործընկեր երկրներում ռոումինգի սակագների նվազեցմանը։ Բազմակողմ աջակցություն է ցուցաբերվել տեղական ֆինանսական ենթակառուցվածքների զարգացմանը, ինչը մեծացնելու է մասնավոր սեկտորի ֆինանսավորման հնարավորությունները՝ դրանց հետագա զարգացման նպատակով։ Ապահովվել է համացանցի մատչելիությունն ու դրա էժանացումը։ ԵՄ-ի ու ԱլԳ երկրների միջև առևտրի աճին նպաստելու է ԽՀԱԱԳ-ի ստորագրումը։
Հայաստանի մասով նշենք, որ ԵՄ-ը Հայաստանի համար արտահանման խոշորագույն շուկա է։ Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքատեսակների թվում առաջատարներն են մետաղներն ու ալմաստները։ ԵՄ-ին բաժին է ընկնում Հայաստանի ողջ առևտրի 22%-ը։ ԵՄ-ը ֆինանսավորում է հատկացնում հայկական ընկերություններին, հնարավորություն է տալիս անցնել ուսուցում և աջակցում է EU4Business նախաձեռնության միջոցով նոր շուկաներ դուրս գալուն։ 2009թ.-ից սկսած՝ հայկական ընկերություններին հատկացվել է ավելի քան 2.687 մլրդ հայկական դրամ (473 մլն եվրո), աջակցություն ստացել է 25.000 ձեռնարկություն, ստեղծվել է 900 նոր աշխատատեղ։
բ) Կառավարման համակարգի բարելավում – ԵՄ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկն ինստիտուտների ամրապնդումն է և հուսալի կառավարումն ԱլԳ գոտում, ուր դեռ կան խնդիրներ։ ԱլԳ մի շարք երկրներում զգալի առաջընթաց է գրանցվել կոռուպցիայի դեմ պայքարի, պետական կառավարման ու դատական ոլորտի բարեփոխումների հարցում։ Հատուկ ուշադրություն է հատկացվել քաղաքացիներին տրվող ծառայությունների որակի, արդյունավետության ու թափանցիկության բարձրացմանը, քաղաքացիական հասարակության դերի մեծացմանը։ 2014թ.-ից ԵՄ-ը քաղաքացիական հասարակության ավելի քան 600 կազմակերպությանը որպես օգնություն հատկացրել է 95 մլն €։ Հուսալի կառավարում ստեղծելու համար հատկացվել է 170 մլն €։ EU4Youth ծրագրի շրջանակներում մեծ ուշադրություն է հատկացվել երիտասարդ առաջնորդների զարգացմանը։
Հայաստանի մասով նշենք, որ ԵՄ-ն աջակցել է այն բարեփոխումների իրագործմանը, որոնք միտված են եղել կառավարման ժողովրդավարական ձևերի ամրապնդմանը, օրենքի գերակայությանը, խտրականության դեմ պայքարին, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Պետբյուջեի՝ մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված հոդվածների աջակցման ծրագիրն իր տեսակում և աշխարհում միակն է. դրա գծով միջոցները հատկացվում են շատ խիստ պայմաններում։ ԵՄ-ը 4.2 մլրդ հայկական դրամ (7.5 մլն եվրո) է հատկացրել Հայաստանի կառավարությանը՝ կատարելագործելու համար ընտրական օրենսդրությունը։ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կառավարության ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին։ 8.4 մլրդ հայկական դրամ (14.8 մլն եվրո) հատկացվել է կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրագործմանն ու մաքսային և սահմանապահ ծառայությունների կառավարման բարեփոխմանը։ ԵՄ-ը նաև աջակցում է քաղաքացիական հասարակության նախաձեռնություններին, որոնք նպաստում են հակակոռուպցիոն բարեփոխումներին ու վերահսկում Հայաստանի կառավարության գործունեությունը։ ԵՄ-ն աջակցում է արդարադատության ոլորտի բարեփոխումներին, հանդես է գալիս դատական մարմինների անկախության օգտին և նպաստում է ենթակառուցվածքների բարելավմանը։ Հայաստանում կառուցվել կամ վերակառուցվել է 12 դատական շենք։
գ) Փոխադարձ կապերի ամրապնդում – Գործընկեր երկրների հետ ԵՄ-ի աշխատանքային հիմնական առաջնահերթությունների թվում են տրանսպորտային հաղորդակցության ու ենթակառուցվածքների բարելավումը, էներգետիկ կայունության բարձրացման ճանապարհով էներգետիկ փոխադարձ կապերի, էներգոարդյունավետության ամրապնդումը, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործմամբ ջերմոցային գազերի արտանետման նվազումը։ Միջին հաշվով գործընկեր երկրների տնտեսությունների էներգետիկ հզորությունը երեք անգամ գերազանցում է ԵՄ-ի անդամ երկրների ցուցանիշները։ ԱլԳ երկրներում 300 մունիցիպալ կառույցներ, որոնցում ապրում է 20 մլն մարդ, միացել է «Քաղաքապետերի համաձայնագիր» շարժմանը։ 150 մլն € է ներդրվել Անդրեվրոպական տրանսպորտային գլխավոր ցանցի (TEN-T) ընդլայնման մեջ։ Ավելի քան 1 մլրդ €-ի ռազմավարական ներդրումներ են արվել տարածաշրջանի ավտոճանապարհների, երկաթգծերի, նավահանգիստների ու օդանավակայանների արդիականացման գործընթացում։
Հայաստանի մասով ԵՄ-ը միջոցներ է հատկացնում Հայաստանի ու Վրաստանի միջև էներգիայի փոխանակման և էներգակիրների տարանցման արդյունավետության բարձրացմանը՝ մասամբ Եվրոպական էներգոցանցերին Հայաստանի միանալու ճանապարհով։ 2010թ. Եվրոպական հարևանության հիմնադրամը (NIF), ՎԶԵԲ-ը և Եվրոպական ներդրումային բանկը համաձայնել են համատեղ ֆինանսավորել Երևանի մետրոպոլիտենի վերակառուցումը։ Այդ ծրագրի արդյունքում մետրոպոլիտենում հայտնվել են ժամանակակից վագոններ, փոխադրումները դարձել են առավել անվտանգ, իսկ էներգամատակարարումը բարձրացել է։ ԵՄ-ը հայկական կողմի հետ բանակցություններ է վարում Հայաստանի ու ԵՄ-ի միջև Օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագիր ստորագրելու համար։ Հենց որ համաձայնագիրը մտնի ուժի մեջ, այն սկիզբ կդնի ուղևորահոսքի բարելավմանը, գների անկմանը և բիզնեսի համար կստեղծի նոր հնարավորություններ։
դ) Հասարակության ամրապնդում – Մոբիլությունը և մարդկանց միջև շփումները միավորում են հասարակությանը և նշանակալից օգուտ բերում քաղաքացիներին։ ԵՄ-ի անդամ և գործընկեր երկրները համատեղ ներդրումներ են անում երիտասարդության համար նոր աշխատատեղեր ստեղծելու, նրա հմտությունները և երիտասարդական ձեռնարկատիրությունը զարգացնելու համար։ Այդ ամենը կրթական համակարգի ու քաղաքականության մշակման հետ մեկտեղ նպաստում են ավելի ուժեղ հասարակություններ ստեղծելուն, երիտասարդության զբաղվածության մեծացմանը և նորարարություններին։ 2014թ.-ից սկսած ԱլԳ երկրների 10.400 ուսանողներ ուսուցում են անցել ԵՄ համալսարաններում։ Երիտասարդական ու կրթական փաթեթը կազմել է 340 մլն €։ Դա հնարավորություն է տվել 80.000 երիտասարդի, երիտասարդ աշխատողի, ուսանողի ու դասախոսի փոխանակում իրականացնել հիմնականում Erasmus+ ծրագրի միջոցով։ Թբիլիսիում ստեղծվել է «Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց», դպրոցների միջև համագործակցությունն ընդլայնվել է eTwinning Plus հարթակի միջոցով, որը միավորում է 1000 կրթական հաստատություն։ «Եվրոպական երիտասարդության դեսպաններ» նախաձեռնության միջոցով աջակցություն է ցուցաբերվել երիտասարդ առաջնորդներին։
Հայաստանի մասով՝ 2014թ. հունվարից ուժի մեջ մտավ ԵՄ-ի ու Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման ու հետընդունման մասին համաձայնագիրը։ Դրանից հետո Հայաստանի քաղաքացիների համար զգալիորեն հեշտացել, արագացել և էժանացել է վիզաներ ստանալը։ 2015-2017թթ. Հայաստանից 1300 ուսանող ու դասախոս Erasmus+ ծրագրի շրջանակներում ուսուցում կամ վերապատրաստում են անցել Եվրոպայում։ Հայաստանի 70 դպրոց մասնակցել է eTwinning Plus ինտերնետային հարթակին, որի գործունեությունն ուղղված է օնլայն գործիքների օգտագործմամբ համագործակցության ընդլայնմանը։
Բացի այդ ԵՄ-ի օգնությամբ բարելավվել է խմելու ջրի որակը Երևանի 1.1 մլն բնակիչների համար։ Հայաստանի բոլոր շրջաններում վերականգնվել են 17 պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններ։ 7000 տնային տնտեսություններ ստացել են վերակառուցման միջոցներ էներգոտնտեսման բարելավման համար։ ԵՄ-ը նաև խթանել է հետազոտություններ ու նորարարություններ։ ԵՄ-ի Horizon 2020 հետազոտական ու նորարարական առաջատար ծրագիրը Հայաստանում սկսել է գործել 2016թ.-ից։ Այժմ հայկական գիտահետազոտական ինստիտուտները, համալսարանները, ինչպես նաև առանձին հետազոտողներ ու ձեռնարկություններ ստացել են ամենատարբեր բաներից օգտվելու հնարավորություն՝ սկսած ֆունդամենտալ գիտությունից մինչև ցուցադրական նախագծեր՝ ԵՄ անդամ երկրներից հետազոտողներին հավասար։ ԵՄ-ը գլխավոր դերն է խաղում Հայաստանում էլեկտրոնային կառավարման ներդրման համար։ Ներկա դրությամբ ԵՄ-ի աջակցությունն ուղղված է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառմանը Հայաստանի պետական հիմնարկներում, հարկային դեկլարացիաների տրման էլեկտրոնային համակարգի ներդրմանը, քաղաքացիական վիճակի ակտերի էլեկտրոնային գրանցմանը, «մեկ պատուհան» տեխնոլոգիայով տրանսպորտային միջոցների գրանցման համակարգի ներդրմանը, վարորդական վկայականների տրման ավտոմատացված համակարգի ներդրմանը, էլեկտրոնային պոլիսների օնլայն տրմանը, էլեկտրոնային վիզաների տրման և ձեռնարկությունների օնլայն գրանցման համակարգի ներդրմանը։
Եվ վերջապես, ԵՄ-ը, նաև Հարավային Կովկասում իր հատուկ ներկայացուցչի միջոցով աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց հետ համատեղ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ԵՄ-ը նաև աջակցում է հակամարտության տարածման գոտում խաղաղության կառուցման և վստահության ամրապնդմանը և մասնավորապես ԼՂ շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման համար Եվրոպական գործընկերության ծրագրի իրագործման միջոցով։ Ղարաբաղյան ցայժմ չլուծված հակամարտությունը շարունակում է մնալ տարածաշրջանի կայունության ու բարգավաճման գլխավոր խոչընդոտը[15]։
ԱՄՓՈՓՈՒՄ
Այսպիսով, ԱլԳ-ն անցած 10 տարիների ընթացքում թեև որոշակի դանդաղորեն, սակայն հաստատուն քայլերով առաջ է ընթացել։ Մեր կարծիքով՝ այդպես էլ պետք է լիներ՝ հաշվի առնելով ԱլԳ իրագործման ճանապարհին առկա բազմաթիվ խոչընդոտներն ու բարդությունները.
- ՌԴ-ի հակազդեցություն,
- տարբեր հարցերի շուրջ ԵՄ անդամ երկրների միջև տարաձայնություններ և դրա հետ կապված՝ ԵՄ-ում որոշումների ընդունման արագագործության անկում,
- ԱլԳ-ից (ԵՄ-ից) նրա անդամ երկրների տարբեր ակնկալիքներ,
- ԵՄ-ի ներքաղաքական իրադարձություններ,
- ԱլԳ անդամ երկրների ներքաղաքական զարգացումներ,
- աշխարհաքաղաքական զարգացումներ։
ԱլԳ հերթական գագաթաժողովը պետք է անցկացվեր (անցկացվի) ընթացիկ տարում (երկու տարին մեկ անգամ), սակայն 2018թ. հոկտեմբերին ԵՄ-ի՝ հարևանության քաղաքականության ու ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննը հայտարարեց, որ ԱլԳ հաջորդ գագաթաժողովը, ըստ ամենայնի, կանցկացվի 2020թ.[16]։ Եթե այն անցկացվի 2020թ., ապա ընթացիկ տարում թերևս կանցկացվի ոչ պաշտոնական գագաթաժողով՝ նվիրված ԱլԳ ստեղծման 10-ամյակին։ Համակարծիք ենք փորձագետների այն պնդումների հետ, որ 2019թ.՝ ԱլԳ-ի 10-ամյակին, ԵՄ-ը կանգնած է որոշակի ջրբաժանի, ընտրության առջև, թե որ սցենարով է անհրաժեշտ ընթանալ առաջ (Quo Vadis Eastern Partnership?)։ Ընդ որում՝ նշվում է զարգացման միանգամից երեք սցենար.
ա) ԱլԳ+ի զարգացում – Սա, ինչպես արդեն նշվել է, նշանակում է Բրյուսելի կողմից ԱլԳ անդամ երկրների հանդեպ տարբերակված մոտեցման ցուցաբերում և երրորդ կողմի հետ նրանց փոխգործակցության ճանաչում։ Այս մոտեցումն առաջին հերթին արտահայտվելու է Հայաստանի, Բելառուսի ու Ադրբեջանի հանդեպ ԵՄ-ի գործողությունների ակտիվացմամբ։ Բրյուսելում քաջ գիտակցում են, որ Հայաստանի, ինչպես նաև Բելառուսի պարագայում ԵՄ-ի հետ փոխգործակցության զարգացումը նշանակում է բազմավեկտոր քաղաքականության դրսևորում։ Եվ դրա համար էլ ԵՄ-ը փոխզիջման է գնում Հայաստանի, ինչպես նաև Բելառուսի հետ հարաբերություններում։ Մյուս կողմից էլ ԱլԳ+ի զարգացումը նշանակում է, որ ԵՄ-ն ավելի է խորացնելու Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի հետ փոխգործակցությունը, որպեսզի նրանք դառնան նաև խթան, ձգողական կենտրոն ԱլԳ+ի մեջ չընդգրկված մյուս երկրների համար։
բ) Գոյություն ունեցող ձևաչափի՝ ԱլԳ-ի շարունակում – Եթե ԵՄ-ը որոշի զարգացնել ԱլԳ-ը, ապա դա կնշանակի, որ նա այդպիսով անդամ երկրներին չի բաժանում տարբեր խմբերի։ Այս սցենարը ենթադրում է քիչ թե շատ հավասարաչափ ֆինանսավորում, որը պետք է ապահովի ԵՄ-ի որոշակի ներկայացվածությունը հետխորհրդային տիրույթում։
գ) ԵՄ-ի հարևանության ողջ քաղաքականության վերափոխում – Սա կապված է ԵՄ-ի ու ՌԴ-ի փոխգործակցության ռազմավարության հետ, ինչը նախատեսում է ԵՄ-ի կողմից հետխորհրդային տիրույթում ՌԴ-ի շահերի ու դերակատարության նորովի գնահատում։
Մենք առավել հակված ենք առաջին տարբերակին, որ ԵՄ-ը կնախընտրի առաջ ընթանալ առաջին տարբերակով՝ զարգացնելով ԱլԳ+ը, որի մասնակից երկրները լուրջ առաջընթաց գրանցելու դեպքում, ամենայն հավանականությամբ, հեռանկարում կդառնան ԵՄ անդամներ։ Դա կլինի ԱլԳ-ի (այդ թվում նաև՝ ԱլԳ+ի) առավելագույն հաջողության ցուցանիշ։ ԱլԳ-ի առաջքաշմամբ՝ ԵՄ-ը ձգտում էր (է) է՛լ ավելի իրեն մոտեցնել հարևան 6 երկրներին՝ քաջ գիտակցելով, որ դա պահանջելու է երկուստեք քրտնաջան աշխատանք ու տևական ժամանակ։ Չենք բացառում, որ ԵՄ-ը մինչև այժմ ներքուստ չի բացառում, որ հեռանկարում ԱլԳ+ի մասնակիցները կանդամակցեն իրեն, ինչը ժամանակի ընթացքում (երբ առավել ակնառու կդառնան նրանց ձեռքբերումները) կարող է և՛ խթան դառնալ ԱլԳ+ի մեջ չընդգրկված երկրների համար, որպեսզի նրանք, դրանից ելնելով, հետևեն նրանց անցած ուղուն, և՛ խնդիրներ առաջացնել ԱլԳ+ի մեջ չընդգրկված երկրների համար (Շենգենյան գոտի, ռոումինգ և այլն), որպեսզի նրանք, դրանից ելնելով, հետևեն նրանց անցած ուղուն։ Կարծում ենք, որ ԱլԳ+ի մեջ մտնելու առաջնահերթ թեկնածուն Հայաստանն է, որը ժողովրդավարության ցուցանիշներով և ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ, անգլ.՝ Armenia-The EU Comprehensive and Enhanced Partnership Agreement – CEPA) ստորագրելով, ԱլԳ+ի մեջ չընդգրկված երկրների (երկրորդ խմբի) առաջատարն է։ Աներկբա է, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը զուգահեռ Հայաստանը գնալով ավելի ու ավելի է հակվելու դեպի ԵՄ։
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
[1] Нестан Чарквиани, «Восточное партнерство плюс» для Грузии, Украины и Молдовы, 10.10.2017
[2] Արևելյան գործընկերությունը/ԱլԳ որպես ԵՄ Արևելյան քաղաքականության մաս (Եվրոպական հարևանության քաղաքականությունից/ԵՀՔ-ից մինչև ԱլԳ), 19.12.2016
[3] Նույն տեղում:
[4] Բայբուրդյան Ա., ՀՀ-ԵՄ. հարաբերությունների ծավալում և համագործակցության գործիքներ, Տարածաշրջանային խնդիրներ, Երևան, 2013, էջ 10-11:
[5] Eastern Partnership: Communication from the European Commission to European Parliament, and the Concil, SEC (2008) 2974, 3 December 2008, p.1
[6] Joint Declaration of the Prague Eastern Partnership Summit, May 2009, p. 5
[7] Joint Declaration of the Eastern Partnership Summit, Warsaw, 29-30 September 2011, p. 1-2
[8] Joint Declaration of the Eastern Partnership Summit, Vilnius, 28-29 November 2013, p 1-2
[9] Joint Declaration of the Eastern Partnership summit, Riga, 21-22 May 2015, p. 1
[10] Путин: “Россия обойдется без меня”, но медведь свою тайгу “никому не отдаст”, 24.10.2014
[11] Committee on Foreign Affairs, AFETCommittee meeting -15:08 / 16:15 – 10.10.2017
[12] EU Parliament Hails Georgia, Ukraine, Moldova Reforms; Eyes Russia Pressure, 15.11.2017
[13] «ԱլԳ պլյուս» կամ մեկ քայլ առաջ դեպի ԵՄ անդամակցություն, 06.02.2018
[14] Remarks by President Juncker at the press conference following the 5th Eastern Partnership Summit, European Commission, 24․11․2017
[15] Отношения ЕС-Армения в фактах и цифрах, eeas.europa.eu
[16] European Commissioner: The next Eastern Partnership Summit may take place in 2020, Voice of people today, 16.10.2018.