Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երրորդ օրն էր. մայորն ասաց, դուք ձերոնց ասեք՝ չկրակեն, հենց նոր ոստիկան սպանեցին». Սասնա ծռերի գործով հարցաքննվում են տուժողները

Մարտ 06,2019 14:01

Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) ընթանում է «Սասնա ծռեր» խմբի տաս անդամների գործով դատական նիստը: Նախագահող դատավորն ասաց, որ տուժող Արամ Հովհաննիսյանը, Գագիկ Եղիազարյանը և Արեգ Կյուրեղյանը, քանի որ խախտել են սահմանված կարգը, չեն ենթարկվել դատավորի կարգադրություններին, հետևաբար դատարանը որոշում է կայացրել նրանց նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ նկատողության ձևով:

Պաշտպան Զարուհի Փոստանջյանը նիստի մեկնարկին միջնորդեց վերանայել նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ որոշումը և «Սասնա ծռերի» աջակիցներին թույլատրել մասնակցել նիստին: Այս միջնորդությանն առարկեց մեղադրող դատախազը: Ամբաստանյալ Արմեն Բիլյանն ի պատասխան հայտարարեց՝ իր հարազատները մեղավոր չեն, որ դատական նիստին ներկա չլինեն, քանի որ կոռեկտ գալիս են. «Կարծում եմ երկու հոգու ընդհարումների պատճառով բոլորը չպետք է տուժեն»:

Նախագահող դատավորը հայտարարեց՝ հավասարությունը պահպանված է, և գործի քննությունն առավել արդյունավետ անցկացնելու նկատառումից ելնելով՝ դատավորը որոշեց միջնորդությունը մերժել:

Շարունակվեց տուժող, Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հարցաքննությունը: Նա հայտարարեց. «Տեսել եմ Մարտիրոս Հակոբյանին, որն օդ էր կրակում ու մեզ մոտ գալիս: Մի երեք-չորս հոգի տեսել եմ էլի զենքով, բայց դեմքերը չեմ մտաբերում»:

Դատավորի հիշեցմանը՝ Համաներման մասին ՀՀ օրենքով առանձին դրույթ է սահմանված եղել Սասնա ծռերի գործով ամբաստանյալների նկատմամբ, ի՞նչ կարծիքի է: Արամ Հովհաննիսյանն առարկեց:

Այնուհետև հարցաքննվեց շտապօգնության բժիշկ Նորայր Թևանյանը: Նա մի դրվագ պատմեց. «Վիրավորներից գնդի տարածքում Գևորգ Իգիթյանն ու Սմբատն ունեին վիրավորում: Մենք երկուսի վերքերն էլ մշակեցինք, վիրակապեր դրեցինք, առաջարկեցինք տեղափոխել հիվանդանոց, երկուսն էլ հրաժարվեցին»:

Նա իր խոսքում նշեց, որ շուրջ չորս օր մնացել են գնդի տարածքում, այնուհետև պատմեց, թե ինչպես են լքել գունդը. «Գիշերը ժամը մեկի կողմերն էր, մեզ մոտ բուժկետում Սեդրակն ու Հաց բերողն էին, լավ հոգնել էին, երկուսն էլ քնած էին, Մալինան էլ: Ես Մալինային արթնացրի ու ասացի, որ դուրս գնանք: Ու երբ խմբի անդամները քնած էին, Մալինայի հետ գաղտնի լքեցինք ՊՊԾ գունդը»:

Հարցին՝ եթե չէիք խնդրում, որ ձեզ դուրս թողնեին, հետևաբար ինչո՞ւ էիք թաքուն դուրս գալիս, բժիշկը պատասխանեց. «Ուշ գիշեր էր, և ենթադրաբար թե՛ ներսի թե՛ դրսի վտանգն այդքան ռեալ չէր: Նույնիսկ իմ մեջ մի միտք անցավ, որ ես ինքս այդ հարցը կլուծեմ: Ես հաստատ չէի ուզում էդտեղ մնալ»:

Պաշտպան Զարուհի Փոստանջանը հարցրեց՝ Դուք ինչի՞ց եք տուժել, Նորայր Թևանյանը պատասխանեց. «Եթե այդ հարցն ամենասկզբից տային, կասեի՝ չէի ուզի այնտեղ գտնվել, որևէ մեկի հանդեպ բողոք, պահանջ չեմ ներկայացնում, կուզեի, որ այս ամենը շուտ ավարտվեր»:

Հարցաքննության ժամանակ լրացավ Պավել Մանուկյանի սանկցիայի ժամանակը, նա հրավիրվեց դահլիճ: Պավել Մանուկյանը հարցրեց՝ Դուք Ձեզ մեր տղաների կողմից տուժող ճանաչո՞ւմ եք, նա պատասխանեց. «Ընդհանրապես որևէ մեկիս հանդեպ ավելորդություն չի եղել»:

Սեդրակ Նազարյանը Նորայր Թևանյանին խնդրեց անկեղծ պատմել, թե ինչ է լսել, տեսել սպանված ոստիկանի հետ կապված: Բժիշկը պատասխանեց. «Երրորդ օրն էր, որ աղմուկ էր դրսում՝ Սարի թաղի ժողովուրդն էր, այդ ընթացքում ռադիոկապով Սեդրակն ասում էր՝ ասեք ձեր աշխատողներին՝ չկրակեն, մայորն ասաց, դուք ձերոնց ասեք՝ չկրակեն, հենց նոր ոստիկան սպանեցին: Ասացին՝ նման բան լինել չի կարող, մեր կողմից դեպի դուրս կրակոցներ չկան: Հետո եկավ Արայիկ Խանդոյանը, ասաց՝ չհամարձակվեք դեպի դուրս կրակել: Մենք տեսնել չէինք կարող, բայց նման խոսակցություն եղել է»:

Արեգ Կյուրեղյանն ասաց՝ կան հեռախոսազրույցներ, որոնք գործում չկան: Ու հարց հնչեցրեց՝ մեղադրող կողմը կարո՞ղ է մարտի 1-ի պես էլի թաքցնում, կոծկում է ապացույցները:

Նորայր Թևանյանը հայտարարեց, որ չի առարկում՝ համաներումը տարածվի Սասնա ծռերի գործով ամբաստանյալների վրա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031