ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստում հնչեցրած մի շարք հայտարարությունների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արամ Սիմոնյանից։ Նա հրաժարվեց։ Ավելի ուշ պատասխանեց գրավոր հարցերին, որը ներկայացնում ենք ստորեւ։
– Հայտարարել եք, որ համալսարանում նախատեսվում են բարեփոխումներ, կադրային ու կառուցվածքային փոփոխություններ։ Հնարավո՞ր է՝ որոշեք բուհից հեռացնել այն մարդկանց, որոնք դուրս են Ձեր նշած թիմային միասնականության շրջանակից։
– Կադրային եւ կառուցվածքային փոփոխությունները կապ չունեն թիմային միասնականության հետ։ Դրանց միակ նպատակը ԵՊՀ գործունեությունն ավելի նպատակային եւ արդյունավետ դարձնելն է:
– Պարոն Սիմոնյան, ռեկտորատի նիստում նաեւ խոսել եք ուսանողի ու նրա կարիքների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի, հարցի լուծումը ֆակուլտետներում եւ ստորաբաժանումներում միմյանց փոխանցելու՝ Ձեր գնահատմամբ, արատավոր պրակտիկայի մասին։ Ընդգծել եք, որ ուսանողը ծառա չէ, այլ իր վճարի դիմաց ծառայություն ստացող քաղաքացի՝ նկատելով, որ կան դեկանատներ ու բաժիններ, որոնց աշխատակիցներն անցել են բոլոր սահմանները։ Ինչո՞ւ միայն հիմա եք որոշել այդ ամենի դեմ միջոցներ ձեռնարկել։ Խնդիրը նո՞ր է:
– Բազմիցս խոսել ենք վարվեցողության կանոնների եւ միջանձնային կոպիտ վերաբերմունքի խնդրի մասին, որը շարունակում է այժմեական մնալ։ Ցավոք, մեզ չի հաջողվել համոզել հատկապես բուհի միջին օղակին ավելի բարեհամբույր ու քաղաքակիրթ դառնալ։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում