«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանն է։ Նա անդրադարձել է հայաստանյան ներքին քաղաքական կյանքին, «Restart» շարժման անդամների կողմից բլոգեր Նարեկ Մալյանին աղբամանը նետելու փորձին եւ Հայաստանում միֆային «բոբո» կերպարի՝ Սորոսի մասին շահարկումներին։ Պարոն Բայաթյանը խոստովանել է, որ մշակույթի լինել-չլինելուց մշակութային դաշտում առանձնապես բան չի փոխվում։ Նա նշել է, որ Հայաստանի պես փոքր երկրին այդքան մեծ թվով նախարարություններ պետք չեն։
– Պարոն Բայաթյան, ներկայիս կառավարության գործունեությունից ինչ տպավորություններ ունեք։ Այս ամիսների ընթացքում ստեղծվե՞լ է այն միջավայրը, որը հեղափոխության օրերին խոստանում էր ձեւավորել ներկայիս իշխանությունը։
– Կցանկանայի կառավարության, Ազգային ժողովի կազմում շատ պրոֆեսիոնալների տեսնել, կադրային քաղաքականությունն ավելի խելամիտ վարվեր։ Կան մի շարք լավ մասնագետներ, որոնք խաղից դուրս են. դա ոչ միայն սխալ է, այլեւ անթույլատրելի է։
– Պարոն Բայաթյան, Մշակույթի նախարարությունը վերջերս հայտնվել է քննադատությունների թիրախում, հատկապես ՊՈԱԿ-ների կարգավիճակի փոփոխության հետ կապված թեմայի շրջանակում։ Այս կառույցի գործունեությունը Ձեզ գոհացնո՞ւմ է։ Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այս կառույցի լուծարմանը։
– Ես շոշափելի աշխատանք այդ գերատեսչության կողմից չեմ տեսնում: Գիտե՞ք, կարծում եմ՝ նախարարության չլինելուց էլ իրականում ոչինչ չի փոխվի: Հայաստանի պես փոքր երկրին այդքան մեծ թվով նախարարություններ պետք չեն: Շվեյցարիան որ Շվեյցարիան է, վեց նախարարություն ունի: Կարելի է կարծել, թե մենք 20 միլիոն բնակչություն ունենք: Մեզ ինչո՞ւ են պետք այդքան նախարարությունները:
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում